COVID-19 համավարակը մեկ տարի անց. հանրային ծառայությունները վերագնահատելու անհրաժեշտություն կա

COVID-19 համավարակը մեկ տարի անց. հանրային ծառայությունները վերագնահատելու անհրաժեշտություն կա

Մեկ տարի առաջ այս օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց COVID-19-ի գլոբալ համավարակի մասին: Վերջին տարին ի ցույց դրեց հանրությունների ուժեղ և թույլ կողմերը: Եվրոպայում ի հայտ եկավ հանրային առողջապահական համակարգի ողջ փխրունությունը և նման ճգնաժամին արձագանքելու իսպառ անկարողնությունը: Բայց ողբերգալին այն է, որ սա բոլորովին անակնկալ չէր։  Եվրոպայի հանրային ծառայությունների աշխատողների արհմիությունները դեռ համաճարակի բռնկումից շատ ավելի առաջ բողոքում էին աշխատակազմի պակասի, անբավարար ֆինանսավորման և ոչ ադեկվատ ռեսուրսների մասին: Եվ երբ հարվածեց  համավարակի առաջին ալիքը, զարմանալի չէ, որ առողջապահական համակարգերն ու խնամքի հաստատություններն ամբողջովին ծանրաբեռնված էին:

Նեոլիբերալ քաղաքականության տխուր հետևանքն է, որ այսպիսի գլոբալ համաճարակի նման մի ճգնաժամ էր հարկավոր, որպեսզի վերջապես գիտակցվեր լավ ֆինանսավորվող հանրային ծառայությունների և դրանք մատուցող աշխատողների կարիքը: 2020 թվականը ակնհայտ փաստ դարձրեց, որ մասնավորեցումներն ու խնայողությունների քաղաքականությունը արգելակելու ժամանակն է, և այժմ կա ընդհանուր համաձայնություն, որ պետք է սկսել վերականգնել պետական ու հանրային հատվածը։ Այլևս չենք կարող մեզ թույլ տալ վերադառնալ նախահամաճարակային ժամանակների խնայողական քաղաքականությանը. մենք պետք է քաղենք այս ամենից ստացված դասը։ Սա է Եվրոպայի հանրային ծառայությունների միլիոնավոր աշխատողների հորդորն այս նշանակալից օրը։

Անհետաձգելի խնդիր է հանրային առողջապահության և խնամքի կազմակերպությունների ամրապնդումը: Իսկ դա իր հերթին պահանջում է պետական ֆինանսավորում և պահանջում է դադարեցնել այնպիսի հարկային քաղաքականությունները, որոնք ծառայում են կորպորացիաներին և հարուստներին: Կառավարությունների խնդիրն է նշված ուղղությամբ աշխատանք տանել թե՛ ազգային, և թե՛ եվրոպական մակարդակում: Մենք պարտական ​​ենք դա անել հանուն մեր առողջապահության և խնամքի աշխատողների, որոնցից շատերն այսօր բուժվում են հետտրավմատիկ սթրեսից:

Ինչպես համավարակից առաջ, երբ Եվրոպայի առողջապահական և խնամքի ոլորտներում ավելի քան 100 գործադուլ էր կազմակերպվել, այնպես էլ համավարակից, հետո առողջապահության և խնամքի աշխատողների արհմիությունները շարունակելու են ուժգին պայքարել աշխատավարձերի բարձրացման, ավելի լավ աշխատանքային պայմանների, անձնակազմի քանակի մեծացման և օժանդակ ծառայությունների ստեղծման համար:

Մինչ մեր մտահոգությունների կիզակետում էին առողջապահությունն ու սոցիալական խնամքը, այլ հանրային ծառայությունները նույնպես ճգնաժամի հաղթահարման առաջնագծում էին։ Սկսած աղբահանությունից, ջրամատակարարումից, էներգամատակարարումից մինչև զբաղվածության և սոցապահովության ծառայություններ՝ հանրային ու պետական ծառայությունների աշխատողները, պետական ​​ծառայության աշխատողները կարևոր նշանակություն ունեն հասարակության շարունակական գործունեության և լոքդաունի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման գործում: Նրանց դերն էլ ավելի կարևոր է տնտեսական ճգնաժամից վերականգնվելու համար: Հանրային ծառայությունների մատչելիությունն ու որակը երաշխավորելու, սոցապահովության, կեցության, ջրի, էներգիայի և կրթության մատչելիությունն ապահովելու, ինչպես նաև քաղաքների և համայնքների ֆինանսավորումն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու պետական ներդրումներ կատարել։

Պետական ​​հատվածը նաև յուրահատուկ դեր ունի ավելի դիմակայուն հասարակության կառուցման գործում ՝ սկսած վերարտադրվող տնտեսությունից մինչև կանաչ տրանսպորտային համակարգեր և մաքուր հանրային ենթակառուցվածքներ։ Դրա համար պետք է օգտագործվեն պետական հաղթահարման և դիմակայության համար նախատեսված ազգային (և ԵՄ) միջոցները, այլ ոչ թե կրկնվեն մասնավորեցմանն ու պետություն-մասնավոր համագործակցությանը դիմելու անցյալի սխալները։

Առողջապահական այս աննախադեպ ճգնաժամը ցույց է տալիս, որ ԵՄ-ն պետք է դիտարկի այնպիսի ոլորտների հետ վերցնելը, որոնք երաշխավորում են եվրոպական քաղաքացիների անվտանգությունը, ինչպիսիք են դեղագործական արտադրանքը կամ անձնական պաշտպանիչ միջոցների արտադրությունը: Նաև պետք է վերանայվի անդամ պետությունների իրավասություններից դուրս գտնվող առողջապահական ծառայությունների հանդեպ Եվրոպական իրավասությունների հաստատման գործընթացը՝ ինչպես ԵՄ-ում, այնպես էլ երրորդ երկրներում համաճարակներին արձագանքելու համար: Այս ճգնաժամի ընթացքում հայտնաբերված թերություններն ընդգծում են, որ ԵՄ վերականգնման ֆոնդի մեծ մասը պետք է ներդրվի հանրային ծառայություններում, որոնք ներկայացնում են ԵՄ հիմքում ընկած համընդհանուր արժեքները:

Որպես Եվրոպական հանրային ծառայության արհմիությունների ղեկավարներ, շատերի հետ պայքարելու ենք աշխատաշուկայում հավասարության, ավելի լավ աշխատանքային պայմանների և ավելի շատ պետական ​​ներդրումների համար: Աճող պայքարին զուգահեռ՝ մենք պահանջում ենք նաև հարկային արդարություն։ Պետք է ապահովվի, որ կորպորացիաներն ու խոշոր տնտեսվարողները վճարեն հարկերի իրենց արդար բաժինը և վերացնեն աճող անհավասարությունը: Շատ կարևոր է, որ այս թերևս վատագույն տնտեսական ճգնաժամից վերականգնվելու ընթացքում առաջնահերթ համարվեն աշխատողները, համայնքները և մեր մոլորակը, այլ ոչ թե սակավաթիվ խմբերի շահույթը։

Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) գլխավոր քարոտւղար՝ Յան Վիլլեմ Ղուդրիաան

EPSU նախագահ՝ Մետտե Նորդ

EPSU նախագահության անդամներ

One comment

  1. Pingback: Երևան քաղաքի ավագանու անդամ Անահիտ Ասատրյանի ելույթը COVID -19 պանդեմիայի տարելիցին

Comments are closed.

%d bloggers like this: