Ուսումնասիրություններ՝ սահմանափակումների ժամանակ կրթական հաստատություններում վարձատրության հետ կապված

Ուսումնասիրություններ՝ սահմանափակումների ժամանակ կրթական հաստատություններում վարձատրության հետ կապված

Նոր կորոնավիրուսի համավարակի հետ պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունում մարտ ամսից սահմանափակումներ են մտցրվել կրթական հաստատություններում. դրանց գործունեությունը դադարեցվել է մարտի սկզբում, այնուհետև հաստատությունները վերաբացվել են ամսվա երկրորդ մասում, սակայն մի քանի օր անց՝ արտակարգ դրության սահմափակաումների հետ մեկտեղ արգելվել է նաև կրթական կազմակերպությունների գործունեությունը։ Որևէ իրավական ակտով, կարծես թե, չի սահմանվել այդ կազմակերպությունների աշխատողների վարձատրության ընթացակարգը սահմանափակումների շրջանում։

Ապրիլի 7-ին Ազատություն ռադոիակայանին տրված հարցազրույցի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությանը նշել է, որ ուսուցիչների աշխատավարձերը կանոնավոր, 100%-ով շարունակում են վճարվել, ընդ որում, նախարարի խոսքով, կանոնավոր վճարվում են նաև մշակույթի ու սպորտային հաստատությունների աշխատողների աշխատավարձերը, իսկ հետագայում նույնպես միջոցներ և վերաբաշխումներ են ձեռնարկվելու՝ վճարումները կանոնավոր ապահովելու համար։

Մեր ուսումնասիրությունները, սակայն, վկայում են, որ համայնքապատկան կրթական հաստատություններում, մասնավորապես՝ մանկապարտեզներում, երաժշտական և արվեստի դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և այլ նմանատիպ կենտրոններում, համավարակով պայմանավորված՝ սահմանափակումների ընթացքում ոչ բոլոր աշխատողներն են վարձատրվել։ Պատճառն այն է, որ աշխատողների մի մասի աշխատավարձը գոյանում է ուսման վճարներից, և նախատեսված չէ համայնքային բյուջեներում, ինչի հետևանքով ոչ բոլոր համայքներն են վճարել այդ աշխատողների աշխատավարձը։

Նշված հանգամանքը ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով հարցում ենք իրականացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպիսի՞ որոշումներ են ընդունվել այդ կազմակերպությունների աշխատողների վարձատրման հետ կապված (նկատի ունենալով նախարարի վերը նշված հայտարարությունը)։ Միաժամանակ խնդրել ենք նաև պարզաբանել, պե՞տք է արդյոք համայնքը (ինչպես խոստացվել էր) վճարի վերոնշված համայնքային կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը, այն դեպքում, երբ մինչև աշխատանքների սահմանափակումն այդ վարձատրությունը գոյանում էր ծնողների կողմից վճարվող ուսման վճարներից։

Ցավոք, հարցմանն ի պատասխան, որևէ պարզաբանում նախարարությունը չի ներկայացրել, փոխարենը նշել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումներից մեկի մասին։ Նախարարության մասնագետների հետ հետագա բանավոր զրույցից պարզ դարձավ, որ նման պարզաբանում նախարարությունը դժվարանում է ներկայացնել․ նշվեց նաև, որ վարձատրությունների հետ կապված որևէ իրավական ակտ նախարարի կողմից հավանաբար չի շրջանառվել։ Խնդրեցին այդ հարցով դիմել այլ նախարարություններին։

Ինչ վերաբերվում է աշխատողների վարձատրության տարբեր աղբյուրներին, մեր ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ որոշ  մանկապարտեզներում, լրացուցիչ կրթական գործունեություն ծավալող աշխատողների հետ կնքվում է ո՛չ թե աշխատանքային պայմանագիր, այլ՝ քաղաքացիաիրավական։ Նույնատիպ իրավիճակ է նաև մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային կենտրոններում, երաժշտական ու  արվեստի դպրոցներում, որտեղ հիմնական աշխատողների մի մասի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, իսկ որոշների հետ՝ ծառայությունների մատուցման (քաղաքացիաիրավական), թեպետ, շատ դեպքերում, այդ աշխատողները տարիներ շարունակ «մատուցում են ծառայությունները»։

Այնուամենայնիվ, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ․ ապրիլի 26-ի 416-Ն Հրամանով հաստատված են Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը։ Հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի անվանացանկում տեղ է գտել նաև  «լրացուցիչ կրթական ծառայության մանկավարժ (ուսուցիչ, խմբավար)» պաշտոնը, որի պաշտոնային պարտականությունները սահմանված են նույն հրամանով, ինչպես նաև սահմանված են տվյալ պաշտոնում աշխատող մանկավարժի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական և որակավորման պահանջները։ Ինչից հետևում է, որ վերոնշված մանկավարժը պետք է լինի տվյալ հաստատության աշխատակից։

Միաժամանակ, համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ «կրթության պետական կառավարման լիազորված մարմինն ապահովում է օրինակելի հանրակրթական ծրագրերի, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակումը և հրատարակումը», և դրա հիման վրա, յուրաքանչյուր ուսումնական տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարավեստի դպրոցների ուսումնական պլանը, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ հաստատվում է ուսումնական հաստատությունների մանկավարժական և ղեկավար կադրերի որակավորման կարգը։ Այսինքն, բացի մանկապարտեզներից, այլ ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են երաժշտական, արվեստի դպրոցները և մշակույթի կենտրոնները, կրթական գործունեություն ապահովող մասնագետները ևս  մանկավարժի հիմնական աշխատանք են կատարում՝ ըստ հաստատված պլանի։

Փաստորեն, աշխատավարձի ֆոնդի ձևավորման եղանակը ազդեցություն ունի աշխատողների պայմանագրերի իրավական տեսակի վրա, և նույն բնույթի աշխատանք կատարող տարբեր աշխատողները փաստացի ունեն անհավասար աշխատանքային պայմաններ ու երաշխիքներ, ինչպես նաև, առանձին դեպքերում, բախվում են խտրական հետևանքների։ Ինչպես օրինակ՝ արտակարգ դրության ընթացքում, երբ փաստացի կասեցվել են ուսման վճարների վճարումը, ինչով կասեցվել է աշխատողների մի մասի վարձատրությունը, մասնավորապես նրանցը, ում հետ  կնքված է ծառայությունների մատուցման պայմանագրեր։

Հասկանալու համար ստեղծված իրավիճակը, գրավոր հարցում ուղարկեցինք նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, խնդրելով պաշտոնապես պարզաբանել, թե ինչպիսի՞ պայմանագրեր և ի՞նչ տրամաբանությամբ պետք է կնքվեն աշխատողների հետ վերոնշյալ հաստատություններում։

Ի պատասխան հարցմանը, նախարարությունից նշել են, որ տվյալ հարցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում։ Այնուամենայնիվ պատասխանում նշված է, որ եթե աշխատողի համար սահմանվում է աշխատանքային օրվա սկիզբ և ավարտ, աշխատանքային օրվա ընթացքում ընդմիջում, աշխատանքային շաբաթվա ընթացքում հանգստյան օրեր, աշխատանքային իրավունքներ և պարտականություններ և ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ կարգավորումներ և պահանջներ, ապա այդ դեպքերում չի կարող աշխատողի հետ կնքվել ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ անկախ այն հանգամանքից, թե աշխատողի աշխատավարձի վճարման համար անհրաժեշտ միջոցները գործատուն ինչ ֆոնդերից է վճարում:

ԹԱՐՄԱՑՈՒՄ՝ վերը նշված հարցումներից հետո, պարզաբամնման խնդրանքով հարցում ուղարկեցինք նաև ՀՀ առողջպահության և աշխատանքի տեսչական մարմնին։

Տեսչական մարմնի պարզաբանման մեջ նշվում է, որ նույն տիպի աշխատանք կատարող աշխատողների միջև չի կարող տարբերակում դրվել, և պետք է կնքվեն աշխատանքային պայմանագրեր, և որ  համաձայն Աշխատանքային Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին 5-րդ կետի՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը։   

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading