Հանրային ծառայության օրվան ընդառաջ Վարչապետին առաջարկում ենք բարձացնել քաղծառայողների բազային աշխատավարձը

Հանրային ծառայության օրվան ընդառաջ Վարչապետին առաջարկում ենք բարձացնել քաղծառայողների բազային աշխատավարձը

Հանրային ծառայության օրվա՝ հունիսի 23-ին ընդառաջ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը գրություն է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության բոլոր հանրային ծառայողներին և առաջարկելով բարձացնել քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը։ Նույն գրությամբ առաջարկել ենք նաև համայնքային ծառայողներին ապահովել սոցիալական փաթեթով։

Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը վերջին անգամ բարձրացել է 2014 թվականին և սահմանվել է 66 140 դրամ։ Փաստորեն՝ 8 տարի շարունակ բազային աշխատավարձը մնում է անփոփոխ, մինչդեռ այդ տարիների ընթացքում մոտ 20% գնաճ է գրանցվել, ինչի հետևանքով իրական աշխատավարձը զգալիորեն նվազել է։ Այդ տարիների ընթացքում աշխատողների համար ավելացել է նոր ֆինանսական բեռ՝ կուտակային կենսաթոշակային, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարների տեսքով։ Վերջին 8 տարիների ընթացքում հանրապետությունում երկու անգամ բարձրացնել է նվազագույն աշխատավարձը՝ հասնելով 68 000 դրամի, որն այժմ բարձր է քաղծառայողների բազային աշխատավարձից։ Նշված ժամանակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը անցել է երկու արհավիրքների միջով՝ կապված 44-օրյա պատերազմի և COVID-19 hամավարակի հետ, առաջին անհրաժեշտության ապրանքների գները զգալի աճել են և շարունակում են կտրուկ աճ գրանցել կապված նաև ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների հետ, ինչը լրացուցիչ սոցիալական խնդիրներ է ստեղծում։

Գրության մեջ ասվում է, որ աշխատավարձերի բարձրացումը և սոցիալական փաթեթի հատկացումը հնարավորություն կտա հանրային ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին ապահովել անհրաժեշտ կենսամակարդակով, բարձրացնել աշխատողների մոտիվացիան՝ աշխատելու պետական համակարգում, ինչ-որ չափով մեղմել սոցիալական լարվածությունը, բարձրացնել հանրային կառավարման արդյունավետության մակարդակը, ինչպես նաև բարելավել մատուցվող ծառայությունների որակը։

Գտնում ենք, որ քաղաքացիական ծառայողների արժանապատիվ վարձատրությունը կնպաստի՝

  • աշխատողների կողմից իրենց ջանքերն ամբողջությամբ ծառայության մեջ ներդնելուն, իրենց ամբողջական ներուժը զարգացնելուն և օգտագործելուն
  • աշխատաշուկայում հանրային ծառայության վարկանիշը բարձրացնելուն
  • հանրային ծառայության համակարգում բանիմաց մասնագետներ ընդգրկելուն և կադրերի հոսունությունը կանխելուն

Հույս ենք հայտնում, որ հազարավոր հանրային ծառայողներ միավորող ճյուղային արհմիության ձայնը լսելի կլինի։

Գրությունը հասանելի է այստեղ:

One comment

  1. Pingback: Համայնքների ղեկավարներին, մարզպետներին և պետական գերատեսչությունների ղեկավարներին շնորհավորում ենք Հանրային ծառայությունների օրվա առթի

Comments are closed.

%d bloggers like this: