Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը շնորհավորում է կանանց և աղջիկներին ՄԱՐՏԻ 8-ի՝ Կանանց Միջազգային Օրվա կապակցությամբ։
Չնայած նրան, որ ՀՀ բոլոր ժամանակների կառավարությունների վարած քաղաքականությունը հիմնականում հանգեցրել է պետական ծախսերի կրճատման և սոցիալական երկխոսության ճնշման, այնուամենայնիվ, մենք ականատես ենք լինում հանրային ծառայություններում կանանց խիզախ գործողություններին և անձնվեր ներդրմանը, ինչն ավելի ընդգծվեց COVID-19 համավարակի ու պատերազմական գործողությունների ընթացքում։ Բոլորս ենք օգտվում հանրային ծառայություններից, որոնց աշխատողների մեծ մասը կանայք են։
Հարգելի՛ կանայք, մենք գնահատում ենք Ձեր նվիրված աշխատանքը և շնորհակալ ենք դրա համար։
Իսկ պետությունն իր կողմից պետք է ապահովի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, պայմաններ ստեղծի կանանց պոտենցիալը լիարժեք իրագործելու համար, ջանքեր գործադրի՝ վերացնելու անհավասարությունը որոշումների կայացման և կառավարման գործընթացներում։
Այսօր Հայաստանի համար առաջնային կարևորության հարց է նաև Ադրբեջանի կողմից ռազմագերիների և որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ ազատ արձակման ու անվտանգ վերադարձը։ Հուսով ենք, որ Կառավարությունն առավելագույնը կանի հարցին լուծում տալու համար։ Սիրելի կանայք, մաղթում ենք Ձեզ առողջություն, ուժ ու տոկունություն՝ հաղթահարելու Ձեզ նետվող մարտահրավերները։