2021 թվականի նոյեմբերի 25-ին մեկնարկել է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դատաքննությունը:
Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանը, Սահմանադրական դատարանն (ՍԴ) այսօր հետաձգեց Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի բողոքի քննությունը։ Դիմող կողմը բարձր դատարանից պահանջում է պարզել, թե արդոք սահմանադրակա՞ն է 14 օրը մեկ պարտադիր թեստավորման՝ առողջապահության նախարարի հրամանը։
Բավարարելով դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի միջնորդությունները՝ ՍԴ-ն կառավարությունից ու պատասխանող կողմից՝ Առողջապահության նախարարությունից լրացուցիչ փաստաթղթեր պահանջեց։ Արևիկ Պետրոսյանն իր միջնորդությամբ առաջարկեց, որ կառավարությունը 5-օրյա ժամկետում բարձր դատարանում տրամադրի՝ աշխատող անձանց կողմից 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության և պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջների չկատարման համար աշխատանքից ազատելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ։