
Հոկտեմբերի 7-ին նշվում է Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի համաշխարհային օրը։
Այս կարևոր օրը Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը վերահաստատում է իր վճռականությունը՝ միասնական ջանքերով հասնելու արդար ու արժանապատիվ կյանքի աշխատողների և նրանց ընտանիքների անդամների համար։ Որպես պետական ու համայնքային ծառայողներին միավորող ճյուղային արհմիություն՝ այս անգամ ևս անդրադառնում ենք մեր անդամների աշխատանքային իրավունքների խնդիրներին։
Լինելով պետության անխափան գործունեության ողնաշարը՝ հանրային ծառայողները շարունակում են վարձատրվել անբավարար՝ կյանքի հիմնական ծախսերը արժանապատվորեն հոգալու համար։ Իրավիճակն էլ ավելի խոցելի է ընտանիքներ ունեցող հանրային ծառայողների համար։ Սոցիալապես նման լարված պայմանները հանգեցնում են աշխատանքի արդյունավետության նվազեցմանը և սթրեսի բարձր մակարդակին։ Շատ հանրային ծառայողներ ստիպված են լինում հիմնական աշխատանքից բացի եկամտի այլ միջոցներ փնտրել, ինչն էլ ի վերջո բացասական է անդրադառնում թե՛ հանրային ծառայության որակի, և՛ թե պետության կենսունակության վրա։
Մեզ խորապես մտահոգում է Հայաստանում սոցիալական երկխոսության հետ կապված իրավիճակը։ Պետական ծառայողների համար կառավարության անունից ոլորտային բանակցող մարմին այդպես էլ չսահմանվեց, ինչի պատճառով տապալված է նշված աշխատողների կոլեկտիվ բանակցելու հիմնարար իրավունքը։ Խնդիրը լուծում չի գտնում, չնայած մեր արհմիության կողմից տարիներ շարունակ դրա մասին բարձրաձայնելուն։ Մտահոգիչ է, որ կասեցված է նաև հանրապետական մակարդակի սոցիալական երկխոսությունը։
Միևնույն ժամանակ ութժամյա աշխատանքային ռեժիմն արդեն հնացել է արդի աշխարհում, մանավանդ՝ ցածր վարձատրության պայմաններում։ Մայրաքաղաքում խցանումների ու հանրային տրանսպորտի անբավարար որակի պատճառով աշխատողները ստիպված են օրվա մեջ առնվազն 11 ժամը ծախսել աշխատանքի (ներառյալ ճանապարհի և ընդմիջման) վրա՝ չունենալով ժամանակ սեփական կյանքի համար։ Մինչդեռ, քաղաքակիրթ աշխարհը հետզհետե անցնում է ավելի կարճ աշխատանքային ռեժիմի, ինչը Հայաստանին առավել ևս անհրաժեշտ է։
Որպես հազարավոր հանրային ծառայության աշխատողներ միավորող ճյուղային հանրապետական արհմիություն՝ որոշումներ ընդունողներին կոչ ենք անում քաղաքական կամք ցուցաբերել՝ վերը նշված մարտահրավերներին հաստատուն և արդյունավետ լուծումներ տալու համար։ Աշխատողներին անհրաժեշտ են բարեփոխումներ, որոնք կերաշխավորեն արդարացի վարձատրություն, կվերականգնեն կոլեկտիվ բանակցելու իրավունքը, կբարելավեն աշխատանքային պայմանները և կբարեփոխեն աշխատաժամանակի ռեժիմը։ Միայն այսպիսի քայլերով կառավարությունը ցույց կտա, որ հարգում է արժանապատիվ աշխատանքի իրավունքը և որ հանձնառու է բարելավել աշխատողների կյանքի որակը։

Pingback: Արհմիությունն աջակցում է աշխատաժամանակի կրճատման օրինագծին – Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն