Քաղծառայողների համար ճյուղային բանակցությունների վերաբերյալ

Քաղծառայողների համար ճյուղային բանակցությունների վերաբերյալ

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը հարցում է ուղղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, խնդրելով պաշտոնապես պարզաբանել, թե Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը, որպես ճյուղային միություն, որի անդամներ են հանդիսանում քաղաքացիական ծառայողներ, ո՞ր պետական մարմնի հետ պետք է վարի բանակցություններ՝ քաղաքացիական ծառայողների համար ճյուղային կոլեկտիվ պայմանագիր կնքելու նպատակով։

Հարցումը վերահասցեավորվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ, որն էլ ի պատասխան հայտարարել է, որ ճյուղային կոլեկտիվ պայմանագիրը կարող է կնքվել այն պետական մարմնի հետ, ում հետ քաղաքացիական ծառայողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ։

Պատասխանից բխում է, որ ըստ երևույթի, Քաղաքացիական ծառայության գրասենյակը ճիշտ չի ընկալում ճյուղային կոլեկտիվ պայմանագրի էությունն ու նպատակը։ Կոլեկտիվ պայմանագիրը որը կնքվում է այն պետական մարմնի հետ, ում հետ քաղաքացիական ծառայողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ՝ ճյուղային պայմանագիր չէ, այլ կազմակերպության մակարդակի կոլեկտիվ պայմանագիր է, որը կնքվում է տվյալ գործատուի և այդ կազմակերպության աշխատողների արհեստակցական միության միջև։ Մեր հարցադրումը վերաբերում էր բոլոր քաղծառայողների վրա տարածվող ճյուղային պայմանագրի, որը կկնքվի մեկ պետական մարմնի և ճյուղային արհմիության միջև։

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 48-րդ հոդվածի՝ «Եթե գործատուն Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը, ապա ճյուղային կոլեկտիվ պայմանագրի կողմերն են արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը և համապատասխան պետական մարմինը կամ համայնքի ղեկավարը»:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ չկա այն պետական մարմինը, որի հետ ճյուղային արհմիությունը կկարողանա բանակցել ՀՀ քաղծառայողների համար։ Այդ իսկ պատաճառով, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն առաջարկել է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Օրենքում նախատեսվող բարեփոխումների շրջանակում, մասնավորապես առաջարկել ենք Օրենսգրքի հոդված 48-ի 2-րդ կետում ավելացնել հետևյալը․

«Քաղաքացիական ծառայողների դեպքում ճյուղային կոլեկտիվ պայմանագրի կողմերն են համապատասխան ոլորտի ճյուղային հանրապետական միությունը և ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված համապատասխան հանձնաժողովը կամ լիազորված մարմինը։

Համայնքային ծառայողների դեպքում ճյուղային կոլեկտիվ պայմանագրի կողմերն են համապատասխան ոլորտի ճյուղային հանրապետական միությունը և ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված համապատասխան հանձնաժողովը կամ լիազորված մարմինը»:

Հարցումը հասանելի է այստեղ։

Պատասխանը հասանելի է այստեղ։

%d