Հայտարարություն Երևանում տրանսպորտի սպասվող թանկացման մասին

Հայտարարություն Երևանում տրանսպորտի սպասվող թանկացման մասին

Դեռևս նախորդ տարվա փետրվարին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը Երևանի քաղաքապետին և ավագանու անդամներին առաջարկ էր ներկայացրել Երևան քաղաքում միասնական տոմսային համակարգի վերաբերյալ։

Մասնավորապես, ուսումնասիրել ենք տարբեր մայրաքաղաքների տոմսերի գները՝ բացահայտելով, որ մեկ ուղևորության տոմսի արժեքը կազմում է տվյալ երկրի նվազագույն աշխատավարձի միջինում 0,15 տոկոսը։ Երևանում մեկ ուղևորության արժեքը (100 դր) այժմ կազմում է նվազագույն աշխատավարձի 0,1 տոկոսը։

Հաշվի առնելով այդ տրամաբանությունը՝ քաղաքապետարանին առաջարկել էինք մեկանգամյա (տեղփոխի հնարավորությամբ, 2 ժամ կամ 90 րոպե տևողությամբ) տոմսի արժեքը սահմանել ոչ ավելի, քան 150 դրամ (ինչը կկազմի հաշվարկված նվազագույն աշխատավարձի շուրջ 0,15 տոկոսը)։

Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ անթույլատրելի է մեկ տոմսի արժեքի ավելացումը միանգամից երեք անգամ (իսկ տրոլեյբուսի դեպքում՝ 6 անգամ)։ Նվազագույն աշխատավարձը չի աճել, այնինչ սպառողական գները վերջին մի քանի տարում կտրուկ աճել են։ Շարունակում է և շարունակելու է աճել գույքահարկը, փոխվել է աղբահանության վճարը։

Գտնում ենք, որ ածանցյալ տոմսային փաթեթները (օրական, ամսական, 10 ուղևորություն) պետք է հաշվարկվեն հիմք ընդունելով մեկանգամյա տոմսի արժեքը։ Օրինակ՝ 10 ուղևորության տոմսի գինն առաջարկում ենք սահմանել 1400 դրամ, ամսականը՝ 6200 և այլն։ Այս դեպքում արտոնությունների կարիք գուցե և չլինի։

Ընդունելով, որ համայնքային տրանսպորտը հանրային ծառայություն է, որը պետք է մատուցվի արժանապատվորեն, ինչի համար մշտական ներդրումներ և եկամուտների գեներացում է անհրաժեշտ, կարծում ենք, որ այդ եկամուտները չպետք է լինեն միայն տրանսպորտից օգտվող քաղաքացիների հաշվին, որոնք դրա համար բացի ուղեվարձից վճարում են նաև համայնքային հարկեր։ Անհրաժեշտ է փնտրել այլ եկամուտներ։

Քաղաքային իշխանության հանձնառությունը, մանավանդ ներկայիս խցանումների ու բնապահպանական ճգնաժամում, պետք է լինի մարդկանց անհատական մեքենաներից հանրային տրանսպորտ ուղղորդելը, այնինչ ուղեվարձի բարձրացումը հակառակը՝ կրճատում է մեքենաների և տրանսպորտի միջև արժեքային տարբերությունը։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading