Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Խորհրդի անդամ, Երևանի քաղաքապետարանի արհմիության նախագահ Լուսինե Սարգսյանը, ով աշխատում էր քաղաքապետարանում որպես անձնակազմի կառավարման բաժնի պետ, 2021թ․ մայիսի 31-ին հաստիքների կրճատման հիմքով ազատվել է աշխատանքից՝ քաղաքապետ Հայկ Մարությանի հրամանի համաձայն։
Իրականում, սակայն, անձնակազմի կառավարման բաժինը կառուցվածքային փոփոխությունների հետևանքով վերակազմակերպվել է վարչության։ Արդյունքում ստեղծվել են նոր թափուր պաշտոններ, որոնք պետք է առաջարկվեին Լուսինե Սարգսյանին՝ համաձայն «Համայնքային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի, ինչը, սակայն տեղի չի ունեցել։ Միաժամանակ, Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 3-րդ մասի` աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից։ Աշխատանքային օրենսգիրքը ևս խախտվել է։
Քաղաքապետ Հայկ Մարությանը և նրա կողմից նշանակված պատասխանատուները հաշվի չեն առել, որ Լուսինե Սարգսյանը հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի աշխատողների արհմիության նախագահը, իսկ Աշխատանքային օրենսգրքի հոդված 119-ի համաձայն, արհմիության նախագահը չի կարող կրճատման հիմքով աշխատանքից ազատվել՝ առանց արհմիության նախնական համաձայնությունը ստանալու։ Երևանի քաղաքապետը Լուսինե Սարգսյանին աշխատանքից ազատելուց առաջ չի հայցել ո՛չ Երևանի քաղաքապետարանի արհմիության, ո՛չ էլ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության համաձայնությունը, ինչով, փաստորեն, խախտել է Օրենքը։ Ավելին՝ Աշխատանքից ազատելուց հետո Լուսինե Սարգսյանից պահանջել են հանձնել անցաքարտը, որով նա որպես աշխատակից մուտք էր գործում քաղաքապետարան։ Փոխարենը չեն տրամադրել մեկ այլը, որով նա կարողանա դարձյալ մտնել քաղաքապետարան և կատարել իր՝ արհմիության նախագահի գործառույթները։
Փաստորեն, Լուսինե Սարգսյանը զրկվել է արհմիության նախագահի իր լիազորությունները տեղում կատարելու հնարավորությունից, ինչը մեր կողմից դիտվում է որպես արհեստակցական կազմակերպության գործունեության խոչընդոտում։ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ի համաձայն՝ արհեստակցական միության, նրա ներկայացուցչի իրավունքները խախտելը կամ կազմակերպության կանոնադրական գործունեությանը խոչընդոտելը, արհեստակցական միության ղեկավարներին ու ներկայացուցիչներին հետապնդելն առաջ է բերում պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Խոչընդոտելով Երևանի քաղաքապետարանի արհեստակցական կազմակերպության և դրա նախագահի գործունեությունը՝ Երևանի քաղաքապետը խախտում է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին» թիվ 87 հիմնարար կոնվենցիան։
Վերոնշվածի վերաբերյալ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ նշելով, որ Լուսինե Սարգսյանի աշխատանքից ազատելը տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության խախտմամբ։ Գրությանը պատասխան չստանալուց հետո, արհմիությունը դիմում է ներկայացրել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել պարտադրելու Երևանի քաղաքապետարանի արհեստակցական կազմակերպության և դրա նախագահի անխոչընդոտ գործունեությունը ապահովելու և Լուսինե Սարգսյանի խախտված աշխատանքային իրավունքը վերականգնելու համար։
Դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։
Լուսինե Սարգսյանն իր հերթին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։