Արհմիությունների իրավունքները Հայաստանում անկում են գրանցել․ Global Rights Index 2022 զեկույց

Արհմիությունների իրավունքները Հայաստանում անկում են գրանցել․ Global Rights Index 2022 զեկույց

Հայաստանում վատթարացել են արհմիությունների իրավունքները նախորդ տարվա համեմատ․ սրա մասին է վկայում Միջազգային արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից այսօր հրապարակված “Global Rights Index 2022” զեկույցը։

Հայաստանին, այսպիսով, շնորհվել է “3+” գործակիցը և երկիրը հայտնվել է “Իրավունքների կանոնավոր խախտումներ” ունեցող պետությունների շարքում։ Փաստորեն, 2021 թվականի զեկույցի արդյունքների համեմատ Հայաստանը, ինչպես նաև Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն, Գվինեան, Թունիսը, Լեսոտոն և մի քանի այլ երկրներ անկում են գրանցել նախորդ տարվա համեմատ։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանին շնորհվել էր “2-” գործակից՝ ընդգրկվելով “Որոշակի խախտումներ” ցանկում։

Այս տարի “Իրավունքների կանոնավոր խախտումներ” ցանկում Հայաստանի հետ մեկտեղ գտնվում են նաև Վրաստանը 🇬🇪, Բոսնիա-Հերցեգովինան, Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Գաբոնը, Մոզամբիկը, Նիգեռը, Ռուանդան և այլն։

ITUC-ն իր զեկույցում մասնավորապես մատնանշում է, որ վերակազմակերպման միջոցով ստեղծված Միասնական սոցիալական ծառայությունում ղեկավարությունը չի ապահովել, որպեսզի մինչև վերակազմակերպումը այդ կառույցի աշխատողների արհմիությունները կարողանան անխափան շարունակել իրականացնել իրենց գործունեությունը “check-off” սկզբունքի հիմա վրա։ Զեկույցում նշվում է նաև, որ Երևան քաղաքի նախկին քաղաքապետի կողմից անտեսվել է Երևանի համայնքային ծառայողների համար ճյուղային կոլեկտիվ պայմանագրի վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին ճյուղային արհմիության առաջարկը, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատողների արհմիության նախագահն ապօրինաբար հեռացվել է աշխատանքից։

Համաձայն զեկույցի, աշխատողների իրավունքների համար մոլորակի տաս վատագույն պետություններն են՝ Բելառուսը, Բանգլադեշը, Բրազիլիան, Կոլումբիան , Եգիպտոսը, Էսվաթինին, Գվատեմալան, Մյանման, Ֆիլիպինները և Թուրքիան։

ԱՊՀ երկրներից վատագույն ցուցանիշներն ունեն ԵԱՏՄ մյուս չորս երկրները։

Աշխարհի լավագույն հորիզոնականներում են՝ Գերմանիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Իսլանդիան, Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Իտալիան։

ITUC գլխավոր քարտուղարը Շարոն Բարոուն նշում է․

“Աշխարհը նոր սոցիալական պայմանագրի կարիք ունի այս ճգնաժամերին դիմակայելու համար, աշխատող մարդիկ պետք նորից տնտեսության կենտրոնում դրվեն։ Ի վերջո հենց աշխատողների վրա են կոտրվում աշխարհում տեղի ունեցող տարբեր ճգնաժամերն ու պրոբլեմները՝ նյութական անհավասարությունը, կլիմայի փոփոխությունը, համավարակները, պատերազմները, ավտորիտար իշխանությունները, իրավունքներ ու շրջակա միջավայրի խնդիրներ չհարգող գործատուները։ Ավելին, կառավարությունները հաճախ օգտվում են այս ճգնաժամերից՝ ավելի մեծ ճնշում գործադրելով աշխատողների վրա։ Առանց միավորված աշխատողների հնարավոր չի լինելու ապահովել խաղաղություն, ժողովրդավարություն, արդարադատություն, և նոր կլիմայական ու տեխնոլոգիական պայմաններում արդարացի աշխատանքային շուկա։ Աշխատողներն ու սպառողները պահանջում են աշխատատեղեր, վարձատրություն, իրավունքներ, սոցիալական պաշտպանվածություն, հավասարություն, ներառականություն։ Նրանք պահանջում են նոր սոցիալական պայմանագիր, որը կվերականգնի փոխադարձ վստահությունը, և այնպիսի տնտեսություն, որի կենտրոնում մարդու կյանքն է”։

📌 Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ՝ https://bit.ly/3nnioE4

📌 Զեկույցի ինտերակտիվ տարբերակը՝ https://pulse.ly/c1i5c3dclk

📌 Զեկույցի պրեզենտացիան այսօր, Երևանի ժամանակով ժամը 16։00-ին կարող եք դիտել՝ https://pulse.ly/tcyxydbg50

%d bloggers like this: