Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) hյուսիսային և արևելյան Եվրոպայի երկրներում անդամ կազմակերպությունները, մարտի 3-ին կայացած հեռավար տարածաշրջանային հանդիպման արդյունքներով իրենց մտահոգությունները հայտնեցին տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Իրավիճակը բացասական է գնահատվում Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում և Ուկրաինայում։
Արհմիությունները դատապարտում են Հայաստանի Զինված ուժերի ղեկավարության միջամտությունը Հայաստանի քաղաքական հարցերին։ Հայաստանին ժողովրդավարական ուղու վրա պահելու, պետություն կառուցելու և տարաձայնությունները հաղթահարելու համար անհրաժեշտ են քաղաքական լուծումներ, իսկ հարկ եղած դեպքում՝ ընտրություններ։ Ռազմական հեղաշրջումը հարցեր չի լուծելու։ Բազմաթիվ Հայաստանի քաղաքացիներ այսօր տառապում են ստեղծված տնտեսական ու սոցիալական պրոբլեմներից։ Կոլեկտիվ բանակցությունները անտեսվում են, իսկ սոցիալական երկխոսությունը գոյություն չունի։ Արհմիությունները հորդորում են Հայաստանի կառավարության երկխոսության մեջ լինել աշխատողների հետ, ապահովել արհմիությունների իրավունքներն ու հարգել կոլեկտիվ բանակցության սկզբունքը։
Բելառուսը 2020թ․ օգոստոսի ընտրություններից հետո գլորվում է բռնաճնշումների անդունդը։ Բազմաթիվ խախտումներով ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաճվել թե՛ միջազգային դիտորդների, թե՛ Բելառուսի հանրության կողմից։ Աշխատողներն ու համայնքները կազմակերպել են բազմաթիվ երթեր, գործադուլներ և բողոքի միջոցներ։ Բոլոր բողոքի միջոցառումները բռնաճնշվել են և բազմաթիվ մարդիկ, ներառյալ՝ արհմիութենականներ և լրագրողներ նետվել են բանտերը։ Ընդամենը կարծիք կամ բողոք հարտահայտելու համար քաղաքացիները երկարատև ժամանակով բանտարկվել են։ Արհմիությունները դատապարտում են իշխանությունների արարքները և կոչ են անում ոստիկանությանն ուժային կառույցներին դադարեցնել բռնությունը։ Բռնությունների համար պատասխանատուները պետք է ենթարկվեն արդար դատաստանի։ Կարծիք հայտնելու համար բանտարկված քաղաքացիները պետք է ազատ արձակվեն։ Աշխատողները պետք է իրավունք ունենան միավորվելու, գործադուլներ կազմակերպելու․ նրանց ընտրությունն ու իրավունքները պետք է հարգված լինեն։
Վրաստանում իրավիճակը նույնպես փխրուն է։ Ընդդիմության առաջնորդները ճնշումների են ենթարկվում, երբեմն նաև ձերբակալվում։ Քաղաքական ճգնաժամը բացասաբար է ազդում աշխատողների վրա, քանի որ տնտեսությունը վատ վիճակում է։ Տուժում է սոցիալական երկխոսությունը, իսկ արհմիությունները չեն ներառվում տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման ուղղված քննարկումներում։ Մենք կոչ ենք անում կառավարությանն ուշադրություն դարձնել տնտեսական և սոցիալական վիճակի վրա, միասին աշխատել արհմիությունների հետ՝ Վրաստանի համար արդար և բնահպահպանորեն կենսակայուն աճ երաշխավորելու համար։
Անթույլատրելի են Ուկրաինայում արհմիությունների հանդեպ ոտնձգությունները։ Կառավարությունն ու իշխող կուսակցությունը առաջարկել են արհմիությունների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որոնք թուլացնելու են աշխատողների ու արհմիությունների դիրքը։ Արհմիությունների առաջարկությունները հաշվի չեն առնվել։ Արհմիությւան շենքերն ու ունեցվածքը պարբերաբար հարձակման են ենթարկվում։ Եվրամիությունը, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ), այլ միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական իրավունքների հանձնաժողովը (ECOSOC) դատապարտել են այդ երևույթը։ Կոչ ենք անում կառավարությանը զերծ մնալ ագրեսիայից և արհմիությունների հետ համատեղ լուծել երկրի խնդիրները։
Տարածաշրջանի բոլոր երկրները մեծապես տուժել են համավարակից։ Առողջապահական և սոցիալական համակարգերն արդեն մի տարի է, ինչ գտնվում են անընդհատ լարվածության վիճակում։ Բազմաթիվ առողջապահական ու սոցիալական աշխատողներ վարակվել են, գտնվում են ծանր սթրեսից մեջ, իսկ որոշ երկրներ զգալիորեն հետ են մնում պատվաստումների գործընթացից։ Մենք միանում ենք տարբեր կազմակերպությունների և կառավարությունների կոչին՝ դարձնել պատվաստումները անվճար բոլորի համար, և հրաժարվել մտավոր սեփականությունից, որպեսզի ավելի շատ երկրներ սկսեն դրանց արտադրությունը։ Շնորհակալ ենք անցնող տարում բոլոր աշխատողներից իրենց անձնվեր ջանքերի համար։ Համաճարակը ևս մի անգամ ցույց տվեց, թե որքանով են մեր հասարակություններ ու տնտեսությունները կախված աշխատողներից։ Ձեզ հետ միասին հունիսի 23-ին նշելու ենք ՄԱԿ-ի կողմից հռչակված Հանրային ծառայությունների աշխատողի օրը։