Մարտի 26-ից 27-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունեցավ EPSU Հյուսիս-արևելյան եվրոպական տարածաշրջանային նիստը, որին մասնակցեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։
Թվայնացումը, կազմակերպումն ու անդամագրումը, ինչպես նաև կոլեկտիվ բանակցությունների մարտահրավերները հանդիպման հիմնական թեմաներն էին։ Արհմիություններն ընդունեցին Լիտվայի աշխատանքի և սոցապահովության նախարար, Լիտվայի արհմիությունների կոնֆեդերացիայի նախկին նախագահ Ինգա Ռուգիենեին։ Նախարարի հետ քննարկվեց Լիտվայում Ադեկվատ նվազագույն աշխատավարձի մասին ԵՄ Հրահանգի կիրառումը։
Լիտվան այն քիչ երկրներից է, որտեղ պետական մակարդակով քննարկել է աշխատողների 80%-ին կոլեկտիվ բանակցություններում ընգրկելու գործողությունների ծրագիր։ Երկրում օրենսդրական և կոլեկտիվ պայմանագրերի մակարդակով գործադրվել են արհմիություններին ուժեղացնելու ջանքեր, մասնավորապես ազգային կոլեկտիվ պայմանագրով սահմանվել է վարձատրության բարձրացում և լրացուցիչ արձակուրդային օրեր՝ վերապատրաստում անցնելու համար։ Նախարարն ընդգծեց, որ երկրի պետական պաշտպանությունը նաև ենթադրում է հասարակության ուժեղացումն ու ժողովրդավարության ամրապնդումը։ Նա իր աջակցությունը հայտնեց ուկրաինացի աշխատողներին ու ժողովրդին։ Լիտվայի արհմիությունների կոնֆեդերացիայի (LPSK) նոր նախագահ Անդրիուս Գելզինիսը խոսեց աշխատաշուկայի մասին՝ արհմիությունների տեսանկյունից։ Նոր անդամների ներգրավումը շարունակում է մնալ առանցքային։
Օրգանայզինգ
EPSU օրգանայզինգի թիմը ներկայացրեց մի քանի օրինակներ։ FNV-ն բացատրեց իր թվային կազմակերպչական ռազմավարությունն ու արշավները, որոնք զգալի աշխատավարձի աճ ու դեղագործական ոլորտի աշխատողների շրջանում անդամակցության աճ են ապահովել։ Չեխիայի առողջապահության աշխատողները շեշտեցին, որ անհրաժեշտ է արհմիությունների ռեբրենդինգ՝ բարելավելու աշխատողների հետ հաղորդակցությունը և ակտիվացնելու արհմիությունները։
Բալթիկա և Հարավային Կովկաս
Թեև Լիտվայում աշխատողների համար դրական զարգացումներ են նկատվում, այլ երկրներում իրավիճակը մտահոգիչ է։ Հայաստանում չկա ազգային մակարդակի սոցիալական երկխոսություն, ինչպես նաև պետական աշխատողների համար ոլորտային սոցիալական երկխոսություն, իսկ կառավարությունը ջանքեր չի ներդնում աշխատանքային օրենսդրության արդյունավետ կիրառման համար։ Էստոնիայի կառավարության փոփոխություններից հետո նոր նախարարը հարձակում է գործել կոլեկտիվ պայմանագրերի վրա՝ դրանք որակելով որպես անցյալ դարի մնացորդ և հայտարարելով, որ պետական հատվածում այլևս կոլեկտիվ պայմանագրեր չեն կնքվելու։ Սոցիալական հարցերի նախարարությունը փակվել է։
Լատվիայի արհմիությունները հայտնեցին, որ կառավարությունը փորձում է գործատուներին ներկայացնող միավորումը ճանաչել որպես արհմիություն։ Վրաստանում, հատկապես պետական կառավարման ոլորտի արհմիությունները ճնշումների տակ են։ Օրենսդրության փոփոխությունները միտված են ճնշել արհմիությունների անդամակցությունը։ Արհմիությունները հայտնեցին ժողովրդավարությանը սպառնացող վտանգների և ժողովրդավարությունը պաշտպանելու նպատակով նոր անդամների անդամագրման մասին։ Անդամակցության ցածր մակարդակը խնդիր է, իսկ գործադուլները թույլատրող օրենսդրությունը ժամանակակից չափանիշներին չի համապատասխանում։ Պետությունը բավարար չի ֆինանսավորում աշխատանքի տեսչություններին և խախտումները մնում են անպատիժ։ Արհմիությունները պահանջում են պրոգրեսիվ հարկային համակարգ։
Վրաստանի արհմիությունները հայտնեցին, որ USAID-ի փակումը բացասաբար է անդրադարձել մարդու և արհմիությունների իրավունքներն ու խոսքի ազատությունը խթանող նախաձեռնությունների վրա։
Անկախ արհմիությունների համար ամենավատ իրավիճակը Բելառուսում է։ Ապրիլի 19-ին Բելառուսում արհմիությունների վերացման երրորդ տարելիցը կլրանա․ձերբակալվել են արհմիությունների ղեկավարները, փակվել գրասենյակները։ Արհմիությունների խումբն իր համերաշխությունն արտահայտեցին բելառուսի արհմիութենականներին։
Ուկրաինա
Ուկրաինական արհմիությունները մտահոգություն հայտնեցին պատերազմի իրավիճակի և “խաղաղության համաձայնագրի” վերաբերյալ ԱՄՆ-ի վարքագծի և դրա հետ կապված անորոշության մասին։ Աշխատողներն ու բնակչությունը մշտապես ռմբակոծությունների տակ են։ Կոլեկտիվ բանակցությունները շարունակվում են, բայց պետական ծառայությունների արհմիություններին ասում են, որ ֆինանսավորում չկա նույնիսկ նվազագույն աշխատավարձերի բարձրացման համար։ Լեհաստանի արհմիությունները նույնպես նմկան իօրավիճակում են, քանի որ պետական պաշտպանության ու սպառազինության պատճառով տուժում են այլ պետական ու սոցիալական ծախսերը։
Երիտասարդական քաղաքականություն
Ուկրաինայի էլեկտրաէներգետիկ ոլորտի աշխատողների արհմիության ներկայացուցիչ Անաստասիա Պրուդնիկովան և Լիտվայի պետական աշխատողների միության ներկայացուցիչ Վիլիա Միլչյուտեն ներկայացրեցին EPSU երիտասարդական ցանցի աշխատանքները։ Քննարկվեց, թե ինչպես ավելի ընկալելի դառնալ երիտասարդ աշխատողների համար՝ օգտագործելով ժամանակակից մեդիա գործիքները։ Հաջորդ EPSU երիտասարդական ցանցի հանդիպումը նախատեսված է աշնանը։





