ՄԱԿ-ի կողմից հունիսի 23-ը հռչակված է Հանրային ծառայության օր։
Այս կապակցությամբ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիությունը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ հունիսի 24-ին կազմակերպեց կլոր սեղան — քննարկում՝ հանրային ծառայության օրվա խորհրդի, հանրային ծառայողի բարեվարքության, ինչպես նաև պետական համակարգում աշխատանքային հարաբերությունները կարգավորող միջազգային ստանդարտների վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցեցին մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրային հատվածում գործող արհմիությունների ղեկավարներ։
Բացման խոսքով մասնակիցներին ողջունեցին արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և Ֆրիդիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատողների արհմիության նախագահ Մարինե Մկրտչյանը ներկայացրեց օրվա խորհուրդը և տարբեր պետություններում օրվա կապակցությամբ տեղի ունեցող միջոցառումները։
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը ներկայացրեց հանրային ծառայության առաքելության և ծառայողների բարեվարքության հետ կապված առանձնահատկությունները։ Ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը խոսեց պետական ու համայնքային ոլորտում սոցիալական գործընկերության առկա խնդիրների և ճյուղային արհմիության գործունեության մասին։
Ճյուղային արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը ներկայացրեց ՀՀ կողմից վավերացված Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) թիվ 151 “Պետական ոլորտում աշխատանքային հարաբերությունների մասին” կոնվենցիայի դրույթները և դրա ներդրման հետ կապված խնդիրները։
Մասնակիցներին ներկայացվեց նաև ճյուղային արհմիություն նախագահության կողմից ընդունված հայտարարությունը՝ Հանրային ծառայության օրվա հետ կապված։








