Սույն թվականի սեպտեմբերի սկզբին կառավարության կողմից շրջանառվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է, որպեսզի 2024 թվականի երկրորդ կեսից Աշխատանքային պայմանագրերը կնքվեն միայն հատուկ ստեղծված թվային հարթակում։
Թվային հարթակը պետք է ստեղծվի և կառավարվի ՊԵԿ-ի կողմից, աշխատանքային պայմանագրի թվային պատճենը պետք է տեղադրվի այդ հարթակում, իսկ աշխատողն ու գործատուն մուտք են գործելու հարթակ և էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրելու են պայմանագիրը։
Համաձայն հիմնավորման, նշված օրինագծով կառավարությունը պատրաստվում է բարելավել աշխատանքային օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը օրինագծի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել՝ այն հրապարակելով e-draft հարթակում։
Առաջարկում նշվում է, որ նախագծով առաջարկվող կարգավորման հիմնավորումն արդարացված չէ և գիտահեն չէ՝ որևէ ապացույց, որ աշխատանքային պայմանագրի տեղադրումը թվային հարթակում բարելավելու է աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը գոյություն չունի։ Օրենսդրությունը խախտելու, աշխատողների չգրանցելու կամ օրենսդրության պահանջները ոչ պատշաճ կերպով ներդնելու հակում ունեցող գործատուները, անկախ այս նախագծով առաջարկվող փոփոխությունից, շարունակելու են ապօրինի գործելակերպը։ Աշխատանքային պայմանագիրը թղթայինից թվային դարձնելը այդ վարքագծում որևէ իմաստալից փոփոխություն չի ենթադրի։ Արված չէ նաև միջազգային նմանատիպ փորձի վերլուծություն և հետազոտված չէ թվայնացված աշխատանքային պայմանագրի կապը օրենսդրության վերահսկման բարելավման հետ։ Շեշտել ենք նաև, որ մեր տվյալներով, բոլոր աշխատանքային պայմանագրերը պարտադիր միայն թվային հարթակում կնքելու պահանջ դեռևս որևէ պետությունում գոյություն չունի։ Անդրադարձել ենք անձնական տվյալների գաղտնիության և կիբեր-անվտանգության հարցերին։ Աշխատողի որոշ պարտականությունների կամ որոշ պայմանների մասին տեղեկությունը միշտ չէ, որ ընդունելի է թափանցիկ դարձնել վերահսկող մարմինների համար, մասնավորապես՝ առևտրային գաղտնիքի նկատառումներով։ ՀՀ տեղեկատվական համակարգերի ոչ այդքան բարձր անվտանգային ստանդարտներն էլ ենթադրում են, որ աշխատանքային պայմանագրերը ապահովագրված չեն լինելու տվյալների արտահոսքից։
Առաջարկում հայտնում ենք նաև, որ հասկանալի չէ, ինչպես է պետությունը պատրաստվում ապահովել, որ ընդամենը մեկուկես տարուց բոլոր աշխատողներն ունենան թվային հարթակներից օգտվելու և թվային ստորագրություններ կիրառելու հմտություններ և կարողություններ, եթե այժմ այդպիսի քաղաքացիները փոքրաթիվ են։ Թվային ստորագրություն կիրառելու համար պահանջվում է համակարգչային ծրագրերի, սարքավորումների, նույնականացման քարտերի առկայություն, դրա հետ կապված տեխնիկական գիտելիքներ և համապատասխան վճարների կատարում։ Հիշեցրել ենք, որ պետության կողմից նույնպես հետընթաց է գրանցվում թվային ենթփակառուցվածքների զարգացման առումով և լիարժեք աշխատող նույնականացման քարտերի տրամադրումը կասեցվել է անորոշ ժամանակով։
Այդպիսով, նախագծով առաջարկվող փոխությունը, կարծես թե, հիմնված է ֆիզիկական իրավահարաբերությունները զուտ թվայնացնելու գերնպատակի վրա, առանց հաշվի առնելու աշխատանքային հարաբերություններում գործնական և իրական իրավիճակը։ Կարծում ենք, որ առաջարկվող փոփոխությունը պետք է առայժմ չընդունվի, փոխարենն անցկացվեն լիարժեք և համապարփակ քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի ու փորձագետների հետ, անցկացվի միջազգային փորձի վերլուծություն, և այնուհետև օրենսդրության վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումը կատարել ըստ այդ ստացված գիտելիքների։
Կառավարության կողմից ստացված պատասխանում նշվում է, որ առաջարկը հաշվի կառնվի, միաժամանակ նշելով, որ պայմանգրերի թվայնացումը “տեսչական մարմիններին թույլ կտա ավելի օպտիմալ ռեսուրսներով ապահովվել պատշաճ վերահսկողությունը, կբարելավվի աշխատաշուկայի թափանցիկությունը, կնվազեցվի մարդկային գործոնի դերն ու կոռուպցիոն ռիսկը աշխատանքային իրավունքների վերահսկողության գործընթացում, կընձեռի պետական վերահսկողությունն իրականացնել առանց տնտեսավարող սուբյեկտներ այցելելու, վերհանել աշխատանքային իրավունքի խախտման դեպքերը մշտադիտարկումների միջոցով“։
