2023թ․ փետրվարի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության 8-րդ Համագումարը։ Ի թիվս այլ հարցերի, համագումարն ընդունեց հայտարարություն՝ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ։
Հայտարարությունը ներկայացվում է ստորև։
Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության 8-րդ Համագումարի հայտարարությունը Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ
ՀՀ կառավարության որոշմամբ այս տարվա հունվարի 26-ին հավանության արժանացավ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը լայնորեն քննարկվել է սկսած 2019 թվականից, այդ թվում՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը առաջարկություններ է ներկայացրել ինչպես առաջարկվող նախագծի վերաբերյալ, այնպես էլ գործող օրենսգրքի այն հոդվածների, որոնց փոփոխությունները ներառված չեն նախագծի մեջ։
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով նախագծի երկար և բազմակողմանի քննարկումները և այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները զգալի բացասական հետևանքներ չեն ունենա աշխատողների վրա` այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել հետևյալը.
1․ Արտաժամյա աշխատանքին վերաբերյալ առաջարկվող կարգավորումները պարունակում են հարկադիր աշխատանքի տարրեր․ փոփոխությունն ընդունելու դեպքում կունենաք իրավիճակ, երբ գործատուն կկարողանա աշխատողին անհիմն ներգրավել արտաժամյա աշխատանքի:
2․ Կարևոր ենք համարում արձանագրել, որ նախագծում չեն ներառվել աշխատանքային հարաբերությունների ժողովրդավարացման ուղղված մեր առաջարկությունները, այն է՝ սոցիալական երկխոսության և կոլեկտիվ բանակցությունների իրավունքի ամրագրումն օրենսդրության մեջ։ Կարևոր է նաև քաղաքացիական ծառայողների համար սահմանել սոցիալական գործընկերներին, առանց ինչի նշված աշխատողների համար ոլորտային սոցիալական գործընկերության իրավունքի իրացումն անհնար է։ Կառավարությունը որդեգրել է արհմիություններին ուժեղացնելու և արհմիություններին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու քաղաքականությունը, սակայն արհմիությունների հիմնական գործիքներից մեկը՝ սոցիալական գործընկերությունը շարունակում է անտեսված մնալ։
3․ Գործող օրենսդրությունը սահմանում է գործատուի պարտավորությունները արհմիությունների նկատմամբ, սակայն բացակայում են մեխանիզմները պարտադրելու գործատուին դրանք կատարել։ Արգելվում է խոչնդոտել արհմիությունների գործունեությանը, սակայն սահմանված չէ, թե որ գործողություններն են խոչընդոտ համարվում։
Գտնում ենք, որ նշված խնդիրների լուծումն անհրաժեշտություն է ոչ միայն արդար աշխատանքային հարաբերությունների, այլ նաև ժողովրդավար պետություն կառուցելու համար։
Ճյուղային արհմիության 8-րդ Համագումար
23-02-2023
Հայտարարությունը կարող եք ներբեռնալ նաև այստեղ։