Քննարկում մասնակցային ժողովրդավարության վերաբերյալ

Քննարկում մասնակցային ժողովրդավարության վերաբերյալ

Հունվարի 27-ի տեղի ունեցավ «Մասնակցային կառավարման խնդիրներն ու հնարավորությունները» խորագրով զեկույցի ներկայացումը և քննարկումը, որը կազմակերպվել էր Թրանսփըրենսի Ինթերնեյշնլ կազմակերպության Հայաստանյան գրասենյակի կողմից, որին մասնակցում էր Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների մասնագետ Արսեն Իգիթյանը։

Միջոցառմանը ներկայացվեց Թրանսփըրենսի Ինթերնեյշնլ Հայաստանյան գրասենյակի կողմից հրապարակված «Մասնակցային կառավարման համաթիվը ՀՀ պետական կառավարման մարմինների քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում» զեկույցը։ Զեկույցի խնդիրն էր չափել ՀՀ օրենսդրությամբ նախարարություններին վերապահված ոլորտներում հանրային քաղաքականության թափանցիկության և հաշվետվողականության աստիճանը՝ հիմք ընդունելով հանրային մասնակցության ԵԽ ուղեցույցով սահմանված մակարդակները, այն է՝ տեղեկատվության տրամադրումը, խորհրդակցությունը, համագործակցությունը և ակտիվ ներգրավումը։ Զեկույցի արդյունքներից հետևում է, որ պետական քաղաքականության մշակման գործընթացի ժամանակ շահագրգիր կողմերի հետ քննարկումներն ու հանրային քննարկումները տեղի են ունենում ոչ բավարար արդյունքներով և բազմաթիվ թերություններով։ Ներկայացվեց նաև e-draft համակարգի հետ կապված խնդիրներն ու դրա բարեփոխման անհրաժեշտության հետ կապված առաջարկներ։

Հանդիպման ընթացքում Արսեն Իգիթյանը նշեց, որ բացի հանրային քննարկումից, ՀՀ կողմից վավերացված ԱՄԿ հիմնարար կոնվենցիաներն ու այլ միջազգային նորմերը պահանջում են, որ աշխատանքային, սոցիալական, տնտեսական և ֆինանսական բնույթի պետական քաղաքականության մշակման ժամանակ իշխանությունները պետք է գործարկեն սոցիալական գործընկերության սկզբունքը, այն է՝ իրավական ակտերի նախագծերը պետք է խորհրդակցվեն սոցիալական գործընկերների՝ արհմիությունների և գործատուների հետ։ Սակայն, այս ինստիտուտը փաստացի չի գործում։ Դրա պատճառներից մեկն է նաև, որ ՀՀ ներպետական օրենսդրության մեջ ազգային և ոլորտային խորհրդակցությունների պարտավորությունը իշխանությունների համար ամրագրված չէ, թեպետ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը բազմիցս կառավարությանը բարձրաձայնել է խնդրի մասին և ներկայացրել օրենսդրական փոփոխության համապատասխան առաջարկներ։

%d bloggers like this: