ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՌՉԱԿՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ

ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՌՉԱԿՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ

Հունիսի 23-ը Հանրային ծառայությունների միջազգային օրն է․ օր, որը կոչված է նշելու և ճանաչելու հանրային ծառայության ու հանրային ծառայողների դերը մեր հասարակության մեջ։

Հունիսի 23-ն առաջին անգամ Հանրային ծառայությունների օր է ճանաչվել ՄԱԿ-ի կողմից 2002 թվականին, բայց առավել հայտնի է դարձել վերջին երկու տարիների ընթացքում, երբ մարդիկ իրենց երախտագիտությունն էին ցույց տալիս ամբողջ աշխարհի հանրային ծառայողներին, որոնք համավարակի ընթացքում գտնվում էին առաջնագծում։ Այնուամենայնիվ, ցավոք, այս սիմվոլիկ շնորհակալությունը չբերեց հանրային ծառայություններում աշխատանքի ավելի լավ պայմանների կամ ավելի բարձր վարձատրության, իսկ կառավարությունների ու քաղաքականություն մշակողների կողմից հնչող գնահատանքի բարձր խոսքերը «գրպանդ չես դնի»։

Չնայած հանրային ծառայողներին ուղղված բոլոր ծափահարություններին, շատ կառավարություններ շարունակում են առաջնորդվել հանրային ոլորտի ֆինանսավորման հնացած պատկերացումներով։ Չնայած, որ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամին կոշտ խնայողության քաղաքականությամբ պատասխանելը խարխլեց մեր հանրային ենթակառուցվածքներն ու համաճարակներին պատշաճ պատասխանելու կարողությունը, այսօր շատ քաղաքական գործիչներ նորից իրենց օրակարգ են բերում պարտքի կրճատման գաղափարը։ Այսպես, 2020 թվականի վերջին, համավարակից գրեթե մեկ տարի անց, Եվրահանձնաժողովը կասկածի տակ դրեց առողջապահության աշխատողների վարձատրությունը բարձրացնելու մասին ԵՄ անդամ պետությունների որոշումը, որովհետև այդպիսի բարձրացումն ըստ Եվրահանձնաժողովի կավելացնի արտաքին պետական պարտքը։ Հենց այսպիսի քաղաքականությունն է մեր հանրություններին անպատրաստ դարձրել դիմակայելու համավարակի շոկին և այսպիսի գաղափարախոսությունն է, որ պետք է թողնել անցյալում, որպեսզի կարողանանք կառուցենք ավելի դիմացկուն Եվրոպա։

Հանրային ծառայությունները մեր հասարակության ողնաշարն են։ Լինի դա ճգնաժամ, թե հասարակ ժամանակներ, առողջապահության և սոցիալական խնամքի, ջրամատակարարման ու ջրահեռացման, կրթության, հարկային ադմինիստրացիայի, բանտերի, էլեկտրականության, տրանսպորտի, աղբահանության և այլ հանրային ծառայությունների ոլորտի աշխատողներն են ապահովում մեր հանրության բնականոն գործունեությունը։ Սակայն տասնամյակներ տևած կոշտ խնայողությունների քաղաքականությունը կրճատել է այս ոլորտների կարողությունները դեռ համավարակի բռնկումից շատ ավելի առաջ։ Սա ոչ միայն արդեն հանգեցրել է աշխատողների գերհոգնածությանն ու հուզական այրմանը, բայց և նշանակում է, որ աշխատողների համար դժվար է լինելու ապահովել որակյալ հանրային ծառայություն նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը։

Համավարակն այս ամենն առավել ցայտուն դարձրեց հենց առողջապահական և խնամքի ոլորտում։ Առաջին ալիքի ժամանակ ի հայտ եկավ ռեսուրսների անբավարարությունը, ինչպիսիք են անձնական պաշտպանիչ միջոցները և բժշկական կենտրոններում մահճակալները, ինչի պատճառով որոշ հիվանդանոցներ պարզապես չէին կարողանում դիմանալ համավարակին։ Ինչպես գիտենք, դա դժբախտաբար հանգեցրեց մահերի, որոնք կարելի էր կանխել։ Մոտակա տարիներին բժշկական հաստատությունները ծանրաբեռնված են լինելու այն հիվանդներով, ում բուժումը հետաձգվել էր համավարակի պատճառով։ Գերհոգնածության ու խաթարված առողջության պատճառով անբավարարություն է ստեղծվելու նաև բժշկական անձնակազմերում։

Որպեսզի հանրային առողջապահական ծառայությունները կարողանան դիմագրավել հետաձգված բուժման սպասող հիվանդներին և կարողանան ապահովել ծառայության որակը, խիստ անհրաժեշտ է պահպանել համակարգի կայունությունն ու բարձրացնել բժշկական մասնագիտության գրավչությունը։ Կարճաժամկետ կտրվածքում՝ պետք է բարձրացնել վարձատրությունը, բարելավել աշխատանքի պայմանները, ապահովել աշխատողներին հոգեբանական աջակցությամբ։ Երկարաժամկետ կտրվածքում մեզ հարկավոր են ավելի համակարգային լուծումներ՝ ավելացնելու հանրային ծառայություններում կատարվող ներդրումները, որպեսզի երաշխավորվի վերապատրաստված անձնակազմի բավարար քանակը առողջապահական համակարգում։ Հարկավոր է լրջորեն վերանայել, թե ինչպես ենք ուզում մատուցել սոցիալական խնամքի ծառայությունը երեխաներին, ծերերին և հաշմանդամություն ունեցող անձանց։ Սոցիալական խնամքը շահույթ հետապնդելու նպատակով մատուցելը, աշխատողների ու օգտվողների փոխարեն ծառայություն մատուցող կազմակերպությունների բաժնետերերին առաջնահերթություն տալը այն մեթոդը չէ, որով կարելի կլինի ապահովել Սոցիալական իրավունքների Եվրոպական հիմնասյունները։

Միայն առողջապահության և սոցիալական խնամքի ոլորտը չէ, որ տուժել է ֆինանսավորման պակասից։ Այլ ոլորտներում, բանտերից ու կոյուղիներից մինչև հարկային մարմիններ, բյուջետային կրճատումները բարդացրել են աշխատողների կողմից բարձրակարգ ու անվտանգ ծառայություններ մատուցելու հնարավորությունները։ Եթե չվերականգնվենք և չկառուցենք ավելի դիմակայուն Եվրոպա, արտակարգ իրավիճակներում հատկացվող բյուջետային կարճաժամկետ միջոցները չեն օգնելու։ Համավարակը մեզ եզակի հնարավորություն ընձեռնեց վերանայել մոտեցումները և նոր էջ բացել սոցիալական քաղաքականության մշակման մեջ։ Այս հնարավորությունը բաց թողնել չի կարելի։

Ժամանակն է կոտրել այն առասպելը, իբր հանրային ծառայությունները ֆինանսավորելու համար բյուջեում բավարար փող չկա։ Աշխարհը տարեկան կորցնում է ավելի քան 427 միլիարդ ԱՄՆ դոլար՝ միջազգային խոշոր կորպորացիաների և անհատ տնտեսվարողների կողմից հարկերի խուսափման և օրենքի չարաշահման պատճառով։ Այսպիսով, յուրաքանչյուր մեկ վայրկյանում կորում է մեկ սոցիալական աշխատողի տարեկան աշխատավարձ։ Փողը գոյություն ունի, բայց այն հանրության կծառայի միայն այդ դեպքում, երբ խոշոր տնտեսավարողներն ու մեծահարուստները պատասխանատու կերպով կվճարեն հարկերի իրենց արդար բաժինը։ Այս ամենի համար անհրաժեշտ է զգալիորեն վերանայել մեր քաղաքականությունները։ Պետությունները և պետական ինստիտուտները պետք է խիստ քայլեր ձեռնարկեն և աշխատողներին, մարդկանց ու մոլորակը շահույթից ավելի վեր դասեն։

Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) գլխավոր քարտուղար Յան Վիլլեմ Ղուդրիաան

Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության նախագահություն

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյան

%d bloggers like this: