Մի քանի շաբաթ առաջ արդեն հայտնել էինք որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառվել էր հանրապետական եռակողմ կոլեկտիվ Պայմանագրի նախագիծը, որտեղից տարբեր պետական գերատեսչությունների առաջարկով հանվել է կարևոր պարբերություն։ Այն է՝
«Կողմերը պայմանավորվում են, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, բացառությամբ հրատապ կարգով որոշումների ընդունում պահանջող նախագծերի, ներկայացվում են Հանրապետական եռակողմ հանձնաժողովի կարծիքին` մինչև համապատասխան մարմնի կողմից դրանց ընդունումը»։
Նույնիսկ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության, ՀԱՄԿ-ի և Գործատուների հանրապետական միության գրություններից հետո, որոնցով հիմնավորվել է վերոնշյալ պարբերությունը վերադարձնելու անհարժեշտությունը, Պայմանագրի նախագծի վերջնական տարբերակում այն չավելացվեց։ Ավելին՝ նախարարությունը լրացուցիչ հիմնավորումներ ներկայացրեց, նշված պարբերությունը չներառելու համար։ Նախարարության պնդմամբ, Պայմանագրից վերոնշված պարբերության հանելը «միևնույն է չի կաշկանդում» կողմերին, և նրանք միշտ «ազատ են օրենսդրական նախագծերը ցանկության դեպքում» քննարկել Եռակողմ հանձնաժողովում։ Բացի այդ, նախարարությունը նշում է, որ Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում գոյություն ունեցող հանրապետական կոլեկտիվ պայմանագրերում նման պարբերություն ևս չկա։
Հուլիսի 14-ին մեր Ճյուղային արհմիությունը, ինչպես նաև ՀԱՄԿ-ը կրկին անգամ հիմնավորել ենք պարբերությունը վերադարձնելու անհրաժեշտությունը։
Պնդում ենք, որ միակ դրույթը, որն ապահովելու է գործուն սոցիալական երկխոսության մեխանիզմը հենց վերոնշյալ պարբերությունն է, որի հեռացնելը կնշանակի սոցիալական երկխոսության տապալում։