2026 թվականի հունվարի 23-ին ստորագրվեց Հանրապետական եռակողմ կոլեկտիվ պայմանագիրը ՀՀ Կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի Գործատուների Հանրապետական միության միջև։
Կառավարության, Արհմիությունների կոնֆեդերացիայի և Գործատուների հանրապետական միության միջև ստորագրված կոլեկտիվ պայմանագիրն արդեն 4-րդն է՝ 2009 թվականից ի վեր մինչ օրս, տարբեր ժամանակահատվածներում, արդեն 3 անգամ ստորագրվել են այդպիսի պայմանագրեր։ Թեպետ նախկինում Կառավարության անունից պայմանագրերը ստորագրում էր ՀՀ Վարչապետը, այս անգամ Կառավարության անունից ստորագրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Վերջին պայմանագրի ժամկետն ավարտվել էր 2023 թվականի հոկտեմբերին, և մեզ համար անհայտ պատճառներով Կառավարության կողմը մինչ 2026 թվականը հետաձգում էր նոր պայմանագրի ստորագրումը։
Կոլեկտիվ պայմանագիրը միջազգային և ազգային օրենսդրությամբ սահմանված կոլեկտիվ բանակցությունների հիմնական վերջնարդյունքն է, որի նպատակն է աշխատողների համար սահմանել լրացուցիչ իրավունքներ և երաշխիքներ, որոնք սահմանված չեն օրենքով։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն անցած տարիների ընթացքում մի քանի տասնյակ առաջարկներ է առաջ մղել պայմանագրում ներառելու համար, մասնավորապես՝ պետական համակարգի աշխատողների պայմանները բարելավելու վերաբերյալ։ Չնայած, որ դրանց փոքր մասն է ներառվել պայմանագրում, դրա ստորագրումն, այնուամենայնիվ, կարևոր քայլ է նախևառաջ սոցիալական գործընկերությունը գործարկելու համար։ Թեպետ աշխատողների համար լրացուցիչ երաշխիքներ չեն սահմանվել, բայց պայմանագրի առկայությունը ժամակավորապես ներդնում է եռակողմ խորհրդատվությունների համակարգը։
Հայաստանի օրենսդրությունը, չնայած վավերացված միջազգային նորմերին, դեռևս չի սահմանում կոլեկտիվ բանակցելու և խորհրդակցելու հանձնառությունն իշխանության համար։ Այդպիսով, այս հանձնառությունները մասամբ գործի են դրվում հենց հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կնքմամբ։ Պայմանագրով կողմերը պայմանավորվում են ավելի սերտ համագործակցել տարբեր խնդիրների շուրջ, աջակցել միմյանց, ստեղծել եռակողմ հանձնաժողով, որում կքննարկվեն օրենսդրական ակտերի նախագծերը և այլն։
Պայմանագրի ստորագրված տարբերակը հասանելի է այստեղ։


