Եռակողմ հանձնաժողովի նիստի երկրորդ փուլին որոշումներ ընդունվեցին առողջապահական ապահովագրության և այլ հարցերի շուրջ

Եռակողմ հանձնաժողովի նիստի երկրորդ փուլին որոշումներ ընդունվեցին առողջապահական ապահովագրության և այլ հարցերի շուրջ

Մայիսի 26-ին տեղի ունեցավ Եռակողմ հանրապետական հանձնաժողովի նիստի երկրորդ մասը։ Շարունակվեց Առողջության համապարփակ ապահովագրության օրենսդրական նախագծի քննարկումը։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը իր խոսքում անդրադարձավ սոցիալական գործընկերության ձևաչափին։ Նա հիշեցրեց, որ հանձնաժողովը ստեղծված է Հանրապետական եռակողմ կոլեկտիվ պայմանագրով, որը ստորագրել են ՀՀ վարչապետը, ՀԱՄԿ-ի նախագահը և Գործատուների հանրապետական միության նախագահը։ Այն ժողովրդավարության հարթակ է, որտեղ հավասարապես ներկայացված են երեք կողմերը։ Կարևորեց, որ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները մինչև դրանց հրապարակումը քննարկվեն այդ հանձնաժողովում։ Սակայն, փաստացի դա տեղի չի ունենում՝ որոշ պետական գերատեսչությունների անպատասխանատու վերաբերմունքի պատճառով։

Անահիտ Ասատրյանը խոսեց հանրային ծառայողների միջև գոյություն ունեցող խտրականության մասին․ համայնքային ենթակայության աշխատողները չունեն այն երաշխիքները, որոնք ունեն պետական աշխատողները, միայն այն բանի համար, որ վարձատրվում են այլ բյուջեից։ Հիմնականում խոսքը գնում էր սոցիալական փաթեթի մասին։ Դրա հետ կապված Անահիտ Ասատրյանը նշեց Առողջության համապարփակ ապահովագրության օրենսդրական նախագծի անկատարությունը, ոչ հստակ ձևակերպումները, ապագայում դրա գործնական կիրառության հետ կապված անորոշությունները։ Ընդգծեց, որ հայտնի չէ ապահովագրական փաթեթի բովանդակությունը, ինչքան պետք է դրա համար վճարեն աշխատողները և անարդար համարեց, որ դրա ֆինանսավորման բեռը միայն աշխատողների ուսերին է դրված։ Անընդունելի համարեց, որ նախագծով նախատեսված է, որ ապահովագրական պետական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ներկայացված են լինելու գործատուների հասարակական կազմակերպությունները, բայց ոչ արհմիությունները, այն դեպքում, երբ ապահովագրության ֆինանսավորումը դրվում է միայն աշխատողների ուսերին, այլ ոչ գործատուների։

Հանձնաժողովի անդամները համաձայնության եկան, որ նախագիծը լրամշակման և հստակեցման կարիք ունի։

Քննարկվեցին նաև արհմիությունների կողմից առաջարկված այլ հարցեր։ Հանձնաժողովը հավանություն տվեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ եթե հանգստյան օրը և ոչ աշխատանքային տոնական կամ հիշատակի օրը համընկնում են, ապա հանգստյան օրը տեղափոխվում է տոնական կամ հիշատակի ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օր:

Հավանություն տրվեց նաև օրենադրական առաջարկին, որով համալրվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը։

Քննարկվեցին նաև այլ հարցեր։

Անահիտ Ասատրյանի ելույթը նիստի ընթացքում հասանելի է այստեղ՝ https://arhmiutyun.org/wp-content/uploads/2023/05/եռակոմի-ելույթ-1-final-1.pdf

One comment

  1. Pingback: Առողջության ապահովագրություն․ արհմիության առաջարկները

Comments are closed.

%d bloggers like this: