ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մարտի սկզբին շրջանառվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխության նախագիծ, որով առաջարկվում էր սահմանել, որ “վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով“։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ՀԱՄԿ-ի միջոցով իր առաջարկներն է ներկայացրել նախագծի վերաբերյալ։ Նշել ենք, որ կատեգորիկ դեմ ենք, որ վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձի պահպանումը թողնված լինի կողմերի պայմանավորվածության վրա։ Կարծում ենք, որ պետությունը, որը ներգրավում է աշխատողին վարժական հավաքների պետք է ապահովի նրա եկամտի կայունությունը։ Գտնում ենք, որ աշխատողների աշխատավարձը պետք է պահպանվի 100 տոկոսով, բայց պետական կամ համայնքային կազմակերպություն չհանդիսացող գործատուների դեպքում վճարված աշխատավարձի ծախսը պետությունը կարող է փոխհատուցել ամբողջությամբ կամ մասնակի։ Նշել ենք, որ կարելի է դիտարկել նաև տարբերակ, երբ այդ ժամանակահատվածի համար գործատուներին տրվեն տվյալ աշխատողների եկամտահարկի մասով արտոնություններ։
Արհմիության առաջարկը հասանելի է այստեղ։
Ի շնորհիվ այդ թվում մեր առաջարկների, օրենսդրական նախագիծը խմբագրվել է։ Մարտի 23-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում հավանություն տրվեց խմբագրված օրենսդրական նախագծին, որով սահմանվում է, որ 30 օրը չգերազանցող վարժական հավաքի ներգրավման դեպքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողին շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։
Թեև հավանության արժանացած նախագիծն ավելի բարենպաստ է, քան սկզբնական խմբագրությունը, կարծում ենք միայն վրաձատրության պահպանումը բավարար չէ աշխատողին վարժական հավաքի ներգրավման դեպքում։ Վարժական հավաքին ներգրավելն աշխատողի և իր ընտանիքի համար կարող է լրացուցիչ ծախսերի պատճառ հանդիսանալ, և ընդհանրապես վարժական հավաքի ներգրավվելը, որպես այդպիսին, աշխատողի աշխատանքային պայմանների վատթարացում է և անհրաժեշտ է, որ այն արժանապատվորեն փոխհատուցվի։