Արհմիության առաջարկը հարկադիր պարապուրդի համար փոխհատուցման մասին օրենսդրական նախագծի վերաբերյալ

Արհմիության առաջարկը հարկադիր պարապուրդի համար փոխհատուցման մասին օրենսդրական նախագծի վերաբերյալ

Հունվարի 25-ին Արդարադատության նախարարության կողմից շրջանառվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Նախագիծ, որով առաջարկվում է զգալիորեն վատթարացնել աշխատողին ապօրինի աշխատանքից ազատելու և աշխատողի կողմից այդ ազատումը դատարանում վիճարկելու դեպքում աշխատողին դրամական փոխհատուցման կարգը։ Առաջարկվում է, որ աշխատողի խախտված իրավունքը դատարանով վերականգնելու դեպքում այլևս գործատուից չգանձվի և աշխատողին չփոխհատուցվի ողջ ընթացքի համար միջին աշխատավարձի չափով գումար, եթե աշխատողն այլ աշխատանքի է անցել։ Փոխարենը փոխհատուցել միայն հին և նոր աշխատավարձերի տարբերությունը։

Օրենսդրական նախագիծը հրապարակվել է e-draft համակարգում։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը նախագծի առնչությամբ իր առաջարկն է ներկայացրել օրենսդրական նախագծի հեղինակին։ Նշել ենք, որ օրենսդրական փոփոխությունը հակասում է աշխատողների հիմնարար իրավունքներին, ինչպես նաև խախտում է ՀՀ կողմից վավերացված Եվրոպական վերանայված սոցիալական Խարտիայի դրույթները (Հոդված 24) և դրա հետ կապված Սոցիալական իրավունքների Եվրոպական կոմիտեի համապատասխան որոշումներն ու եզրակացությունները։ Եթե գործատուի ապօրինի գործողությունների արդյունքում աշխատողն ազատվում է աշխատանքից և գործատուի ապօրինությունը վիճարկվում և չեղարկվում է դատական որոշմամբ, ապա կարծում ենք, որ գործատուն պետք է հատուցի աշխատողին հասցված նյութական և ոչ նյութական վնասները լիարժեք չափով՝ անկախ նրանից աշխատողն անցել է աշխատանքի այլ գործատուի մոտ, թե ոչ։ Այլ գործատուի մոտ աշխատանքի անցնելու հանգամանքը պայմանավորված է միմիայն աշխատողի անձնական և մասնագիտական արժանիքներով․ աշխատանքից ազատող իր նախկին գործատուն դրա հետ որևէ առնչություն չունի և դա ոչ մի կերպ չի չեղարկում գործատուի կողմից օրենքը խախտելու փաստը։

Միևնույն ժամանակ, ընդունելի ենք համարում, որ նախագծով առաջակված կարգավորումը գործի այն դեպքում, եթե գործատուն ինքը պահովել է աշխատողին աշխատանքով այլ՝ ավելի ցածր վարձատրվող հաստիքում։

Հարկ է նշել, որ վերջին տարիներին պետական և համայնքային կազմակերպություններում բազմաթիվ աշխատողներ ազատվում են աշխատանքից այս կամ այն օրենքների խախտմամբ, ինչի արդյունքում ղեկավարների այդ որոշումները վիճարկվում և չեղարկվում են դատական կարգով՝ հանգեցնելով պետական կամ համայնքային բյուջեից փոխհատուցման զգալի գումարների վճարմանը։ Մեր համոզմամբ օրենսդրական առաջարկությունն արվում է հենց այդ պատճառով։ Սակայն, ավելի արդարացի կլիներ, որ փոխհատուցման պարտավորությունն անմիջապես դրվեր այն ղեկավարների վրա, որոնք ապօրինի որոշումներ են կայացնում։ Դա զսպող մեխանիզմ կհանդիսանա նշված գործատուների կամ նրանց ներկայացուցիչների կամայական որոշումների դեմ, միաժամանակ կխնայվեն նաև հարկատուների միջոցները։ Այսպիսով, աշխատողների հիմնարար իրավունքները երաշխավորելու և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները չխախտելու նպատակով առաջարկում ենք չեղարկել օրենսդրական փոփոխությունը, փոխարենը ներդնել կարգավորումներ, որոնց արդյունքում ապօրինի որոշումներ կայացնող գործատուները կպարտավորվեն լիարժեք և պատշաճ փոխհատուցում տրամադրել աշխատողներին։

Առաջարկն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Գերատեսչության պատասխանը․․․

Առաջարկը հրապարակվել է նաև e-draft համակարգում։ Ինչպես կարող եք տեսնել, առաջարկը չի ընդունվել։ Նախագիծը մշակած գերատեսչության պատասխանում ասվում է․ “Առաջարկը դուրս է նախագծի կարգավորման առարկայից: Միևնույն ժամանակ, ամեն դեպքում գործատուն ինքնուրույն սուբյեկտ չէ և գործում է կազմակերպության անունից՝ որպես համապատասխան որոշումներ,այդ թվում՝ աշխատանքից ազատելու մասով, ընդունելու իրավասությամբ օժտված անձ, որպիսի պայմաններում որպես գործատու պետք է ընկալել տվյալ կազմակերպությանը, ոչ թե ֆիզիկական անձ գործատուին:

Թե ինչ է նշանակում վերը նշված պատասխանը՝ դժվար է ասել։

%d bloggers like this: