Միասնական սոցիալական ծառայության կազմավորման վերաբերյալ

Միասնական սոցիալական ծառայության կազմավորման վերաբերյալ

Համաձայն ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ 2021թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է Միասնական սոցիալական ծառայությունը, որին բացի սոցիալական ապահավորության ծառայության լիազորություններից վերապահվել է նաև զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի և սոցիալական աջակցության տարածքային կենտրոնների լիազորությունները։ Այսպիսով, տեղի է ունենում վերակազմակերպման գործընթաց։

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ը սահմանում է, որ պետական մարմինների վերակազմակերպման դեպքում քաղծառայողները ոչ միայն չպետք է ազատվեն պաշտոնից, այլ պետք է վերանշանակվեն վերակազմակերպման արդյունքում ձևավորված նոր պաշտոններին։ Սակայն, նոր ձևավորված ծառայության ինտերնետային կայքում կարելի տեսնել, որ հայտարարված են թափուր պաշտոններ, որոնք ներկայացված են որպես ժամանակավոր և մեծ մասամբ վերաբերվում են զբաղվածության պետական գործակալության և բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի աշխատողների գործառույթներին։ Փաստորեն, նշված հայտարարություններով խախտվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը, քանի որ հայտարարություններում նշված պաշտոններին պետք է վերանշանակվեն վերակազմակերպվող կազմակերպությունների աշխատողները, այլ ոչ թե ստեղծվի անհարկի մրցակցություն։ Բացի այդ, թափուր պաշտոնների մրցույթի միջոցով նոր պաշտոնները զբաղեցնելով, աշխատողները անցնելու են ժամանակավոր աշխատանքի՝ կորցնելով հիմնական աշխատանքը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նման գործելաոճն աշխատողների մոտ առաջացրել է անվստահություն կառավարության նկատմամբ։

Խնդրի վերաբերյալ դիմել ենք ՀՀ վարչապետին՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել քաղաքացիական աշխատողների իրավունքը պաշտպանելու և օրենքի գերակայությունը վերականգնելու համար։ Միաժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հարցում ենք ուղարկել՝ պարզելու համար Միասնական սոցիալական ծառայության կայքում տեղադրված հայտարարությունների իրավական հիմքը։

%d bloggers like this: