Երևանի քաղաքապետին առաջարկվել է աշխատողներին վճարել լրավճար՝ մինչև վարձատրության չափի բարձրացումը

Երևանի քաղաքապետին առաջարկվել է աշխատողներին վճարել լրավճար՝ մինչև վարձատրության չափի բարձրացումը

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով մինչև աշխատավարձերի բարձրացումը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատողներին վճարել աշխատողներին լրավճարներ՝ սոցիալական լարվածությունը մեղմելու և աշխատողներին մոտիվացնելու նպատակով։

Գրության մեջ, մասնավորապես նշվում է, որ աշխատողները 2020 թվականի մեծ մասն աշխատել են սովորականից տարբերվող` արտակարգ և ռազմական դրությունների դժվարին ու առողջության համար վնասակար պայմաններում, որոշ դեպքերում գերծանրաբեռնված՝ կատարելով լրացուցիչ պարտականություններ և արտաժամյա աշխատանք։ Հանդիսանալով այն առաջնային օղակը, որն անմիջականորեն շփման մեջ է եղել քաղաքացիների հետ՝ շատերը վարակվել են COVID-19-ով և ստիպված են եղել ինքնուրույն հոգալ իրենց և իրենց ընտանիքների անդամների հիվանդության բեռը և բուժման համար շատ դեպքերում ծախսել են աշխատավարձի չափը գերազանցող գումարներ։ Աշխատակիցների մեծ մասը անձնական ներդրումներ են ունեցել ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանության մեջ՝ աշխատավարձերից գումարներ փոխանցելով տարբեր նախաձեռնություններին և հոգեբանական ու նյութական աջակցություն են ցուցաբերել առաջնագիծ մեկնող հարազատներին և ընկերներին։
Դրա հետ մեկտեղ երկու ճգնաժամերը հանգեցրել են տնտեսական վիճակի վատթարացման, դրամի արժեզրկման, դրա հետևանքով առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման, ինչն առաջացրել է լրացուցիչ սոցիալական խնդիրներ աշխատողների համար։ 2021 թվականին աշխատողների համար ավելացել է նաև նոր բեռ՝ ավելացված դրոշմանիշային վճարների տեսքով։

Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերին, Երևան քաղաքի ավագանու նիստին Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը ելույթով հանդես էր եկել “13-րդ աշխատավարձի” վերաբերյալ։

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Փետրվարի 9-ին, ի պատասխան առաջարկությանը ստացվել է պատասխան, որում նշվում է, որ հարցը կքննարկվի երրորդ եռամսյակի վերջում։

%d bloggers like this: