Անահիտ Ասատրյանի ելույթը Երևանի ավագանու նիստում՝ “13-րդ աշխատավարձի” վերաբերյալ

Անահիտ Ասատրյանի ելույթը Երևանի ավագանու նիստում՝ “13-րդ աշխատավարձի” վերաբերյալ

Երևանի ավագանու դեկտեմբերի 23-ի նիստում, մտքերի փոխանակման ժամանակ, Երևան քաղաքի ավագանու անդամ, Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի աշխատողների “13-րդ աշխատավարձի” վերաբերյալ։

Հարգելի պարոն քաղաքապետ

Ես՝ հանդիսանալով Հայաստանի խոշոր արհմիություններից մեկի նախագահը, որը միավորում է հազարավոր անդամներով բազմաթիվ արհեստակցական կազմակերպություններ, այդ թվում՝  նաև քաղաքապետարանի և դրա ստորաբաժանումների աշխատողներին միավորող մի շարք արհեստակցական կազմակերպություններ, չեմ կարող չանդրադառնալ այսպես կոչված «13-րդ աշխատավարձի» հետ կապված խնդրին։ Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի արհմիությունը հանդիսանում է աշխատողների ներկայացուցիչ և ես, որպես ընտրված նախագահ, ուզենք թե չուզենք, այստեղ նաև աշխատողների շահերը ներկայացնողն եմ։ Քաղաքապետարանի աշխատակիցները երկար տարիներ շարունակ, կարելի է ասել միշտ,  տարվա ավարտին ստացել են մեկ լրացուցիչ աշխատավարձ, որը խորհրդային միությունից մնացած ավանդույթով աշխատողներն անվանում են «13-րդ աշխատավարձ»։ Անկախ նրանից, թե ինչ գումարներից է վճարվել այդ լրացուցիչ աշխատավարձը (լրավճարը), այն այնուամենայնիվ եղել է աշխատավարձի մաս, քանի որ այն ստացել են միշտ և բոլորը։ Պատերազմը սկսվելուց հետո, պարոն քաղաքապետ, Դուք  որոշում եք կայացրել  չվճարել աշխատողներին պարգևավճարներ,  արդարացիորեն համարելով, որ դա բարոյապես ճիշտ չի լինի։ Եվ նույն տրամաբանությամբ, ինչպես արդեն հայտնեցիք, որոշել եք չվճարել նաև 13-րդ աշխատավարձ կոչվածը։

Հրավիրում եմ Ձեր ուշադրությունը, որ աշխատանքային օրենսգրքի 105 հոդվածի 3-րդ կետով սահմանված է, որ Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում։ Կոլեկտիվ պայմանագիր արհմիության հետ քաղաքապետը չունի և դրա ավանդույթը դեռևս չի ձևավորվել, աշխատողներն էլ համաձայնություն չեն տվել։ Կարծում եմ, որ ոչ միայն արդարացի չէ աշխատողներին զրկել 13-րդ աշխատավարձից, որը վճարվել է տարիներ շարունակ և փաստացի աշխատավարձի մաս է եղել,  այլ նաև օրենքի խախտում է։

Հիշեցնում եմ, որ 2020 թվականին աշխատողները

•         արտակարգ և ռազմական դրությունների ընթացքում աշխատել են դժվարին, առողջության համար վնասակար պայմաններում, որոշ դեպքերում գերծանրաբեռնված՝ կատարելով լրացուցիչ պարտականություններ և արտաժամյա աշխատանք

•         հանդիսացել են այն առաջնային օղակը, որը անմիջականորեն շփման մեջ է եղել քաղաքացիների հետ՝ լուծելով նրանց խնդիրները

•         պատերազմի ժամանակ աշխատել են երբեմն առանց հանգստյան օրերի՝  Արցախից տեղահանված բնակչությանն օգնություն տրամադրելու և այլ գործառույթներ կատարելու համար

որ աշխատողների զգալի մասը

•         վարակվել են COVID-19-ով և ստիպված են եղել ինքնուրույն հոգալ իրենց և իրենց ընտանիքի անդամների հիվանդության բեռը և բուժման համար շատ դեպքերում ծախսել են աշխատավարձի չափը գերազանցող գումարներ

•         անձնական ներդրումներ են ունեցել ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանության մեջ՝ աշխատավարձերից գումարներ փոխանցելով Հայաստան Համահայկական Հիմնադրամին, «Երևանի կամավորական ջոկատ» ՀԿ-ին և այլ նախաձեռնություններին

•         հոգեբանական և նյութական աջակցությունն են ցուցաբերել առաջնագիծ մեկնող հարազատներին և ընկերներին

միևնույն ժամանակ

երկու ճգնաժամերը հանգեցրել են տնտեսական վիճակի վատթարացման, դրամի արժեզրկման, դրա հետևանքով առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման, ինչը  առաջացրել է լրացուցիչ սոցիալական խնդիրներ։

Արդեն նշվել է, որ 8 տարի  աշխատավարձի  բարձրացում տեղի չի ունեցել, իսկ այդ տարիների ընթացքում զգալի գնաճ է տեղի ունեցել, որը կուլ է տվել աշխատավարձի գրեթե 20%-ը, այդ տարիների ընթացքում աշխատողների վրա ավելացել է նաև նոր բեռ՝ կուտակային կենսաթոշակի համար վճարումների տեսքով։

Մենք պետք է կարևորենք  աշխատողների դերը ճգնաժամի ժամանակ պետության բնականոն գործունեությունն ապահովելու ընթացքում, աշխատողների մոտիվացիան, սոցիալական լարվածությունը ինչ-որ չափով մեղմելու անհրաժեշտությունը։

Պարոն քաղաքապետ, մեծ հարգանքով եմ վերաբերվում Ձեր կայացված որոշմանը։ Բայց  խնդրում եմ վերանայել այն և 2020 թ․ դեկտեմբեր ամսին  վճարել աշխատողներին լրացուցիչ աշխատավարձ (լրավճար/ պարգևավճար / 13-րդ աշխատավարձ)։

Ավագանու հարգելի գործընկերներ, դիմում եմ նաև Ձեզ` առաջարկելով շուտափույտ քայլեր ձեռնարկել՝ 2021 թ․-ից բարձրացնելու աշխատողների աշխատավարձը։

Ի պատասխան ելույթի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ ինքն ավելի  շատ է մտածում աշխատողների մասին քան աշխատողների ներկայացուցիչը, բայց մտածելով աշխատողների մասին, այնուամենայնիվ չի պատրաստվում աշխատողներին վճարել 13-րդ աշխատավարձ։

One comment

  1. Pingback: Երևանի քաղաքապետին առաջարկվել է աշխատողներին վճարել լրավճար՝ մինչև վարձատրության չափի բարձրացումը

Comments are closed.

%d bloggers like this: