2020թ․ ճգնաժամերի սոցիալ-տնտեսական ազդեցությունը աշխատողների վրա և արհմիությունների մարտահրավերները․ ԶԵԿՈՒՅՑ

2020թ․ ճգնաժամերի սոցիալ-տնտեսական ազդեցությունը աշխատողների վրա և արհմիությունների մարտահրավերները․ ԶԵԿՈՒՅՑ

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ կատարված հետազոտության նպատակն է գնահատել ԿՈՎԻԴ-19 համավարակի և 2020թ․ 44-օրյա պատերազմի և դրանց հետևանքների ազդեցությունը աշխատողների վրա, ինչպես նաև ճգնաժամերի պայմաններում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) գործունեությունը, ճգնաժամերը հաղթահարելու արհմիությունների հնարավորությունները։

Զեկույցը փաստում է, որ ճգնաժամերին պետությունը հակազդել է խիստ արտահայտված նեոլիբերալ ոճով՝ բացակայել է աշխատողներին և խոցելի խմբերին ուղղված լիարժեք ու իմաստալից սոցիալական աջակցությունը, քաղաքականության մշակումը տեղի է ունեցել գրեթե առանց սոցիալական երկխոսության։ Առանց այդ էլ առողջապահության հանրային հասանելիության որևէ մոդել չունենալու պարագայում, համավարակի ընթացքում հանրությունը զգալի ֆինանսական բեռ կրել հիվանդության բուժման և դրանից վերականգնման համար։ Որոշ ոլորտներում գրանցվել են աշխատողների վարձատրման հետ կապված խնդիրներ։ Պետությունը չի կարողացել պատշաճ կերպով իրականացնել հանրության պատվաստման գործընթացներն ու գործի դնել սանիտարահիգիենիկ կանոնների կիրառումը։ Թե՛ պատերազմի, և թե համավարակի ժամանակ ակնհայտ է եղել պետության եկամտուների անբավարարությունը, որը պետությունը փորձել է լրացնել դրամահավաքների միջոցով։ Մյուս կողմից, 2020թ․ ընթացքում աշխատատեղերի կրճատումը բավական արագ վերականգնվել է, պայմանավորված լոքդաուններից հրաժարվելու պետական քաղաքականությամբ։

Զեկույցը պատրաստելու ընթացքում Հայաստանի ճյուղային հանրապետական արհմիությունների, ինչպես նաև ՀԱՄԿ-ի ղեկավարությունների հետ անց են կացվել հարցազրույցներ, պարզելու համար ճգնաժամերի ընթացքում արհմիությունների խնդիրներն ու մարտահրավերները։ Գրեթե բոլոր արհմիությունների մոտ ճգնաժամերի ընթացքում տեղի են ունեցել ֆինանսական միջոցների ու մարդկային ռեսուրսների կրճատում՝ կապված դրոշմանիշային վճարների բարձրացման պատճառով բնակչության եկամուտների կրճատման, համավարակի ու պատերազմին հակազդելուն ուղղված աշխատողների ֆինանսական ծախսերի հետ։ Որոշակի ոլորտներում, ինչպիսիք գյուղատնտեսությունն է և հանքարդյունաբերությունը, արհմիության անդամակցության կրճատում է տեղի ունեցել սահմանային լարվածության և սահմանազատման նոր իրականության հետ կապված։

Զեկույցն ամփոփվել է առաջարկություններով, որոնք կարող են որդեգրվել Հայաստանի արհմիությունների կողմից` ճգնաժամից հաղթահարման հետ կապված ռազմավարություն մշակելու համար։

Հետազոտությունն իրականացվել է Արսեն Իգիթյանի և Մարինա Գալստյանի կողմից։

Զեկույցն ամբողջությամբ հասանալի է հետևյալ հղումով՝ Զեկույց – 2020 Ճգնաժամերն ու արհմիությունները։

One comment

  1. Pingback: ԱՄԿ աշխատաժողով Ծաղկաձորում

Comments are closed.

%d bloggers like this: