Հայաստանում արհմիությունների գործունեության, նրանց դերի, ունեցած օրենսդրական և մշակութային խոչընդոտների թեմայով Infocom լրատվականի լրագրող Աստղիկ Քեշիշյանը զրուցել է Հայաստանի պետական հիմնարկների և ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանի հետ
– Զարգացած շատ երկրներում արհմիությունները կազմակերպում են հզոր գործադուլներ, ակցիաներ, լուծում իրենց առջև դրված խնդիրը կամ նույնիսկ այնքան հեղինակություն ունեն, որ պետությունն ի սկզբանե հաշվի է նստում իրենց հետ, և հարցը գործադուլին չի հասնում։ Հայաստանում դա պատկերացնելն անգամ բարդ է։ Մեզ մոտ արհմիություններն ավելի հաճախ մարտիության ծաղիկներ նվիրող կամ միջոցառում կազմակերպող միավորումների համբավ ունեն։ Ինչու՞։ Որո՞նք են այն հիմնական պատճառները, որ արհմիութենական համակարգին խոչընդոտում են լինել իսկապես ուժեղ ու արդյունավետ գործող։
– Սկսեմ նրանից, թե արհմիությունն ինչ է ընդհանրապես, որովհետև մեզ մոտ հաճախ սխալ ընկալում կա։ Շատերը պատկերացնում են, թե կա արհմիությունների շենք, այնտեղ մարդիկ են աշխատում, ու այդ մարդիկ չեն արել այն, ինչ պետք է անեին։ Մինչդեռ արհմիությունները հենց աշխատողներն են, որոնք միավորվել են, որպեսզի առաջ տանեն իրենց կոլեկտիվ շահերը՝ աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում և այլն։ Եվ եթե աշխատողները որևէ կոլեկտիվում չեն միավորվել, արհմիության մասին խոսք գնալ չի կարող։ Ես Պետհիմնարկների աշխատողների արհմիության նախագահն եմ, բայց միայնակ ոչինչ անել չեմ կարող։ Մեր ճյուղային արհմիությունն ընդամենը երեք աշխատող ունի, փորձում ենք ամեն ինչ հասցնել՝ թե՛ արհմիութենական կոլեկտիվների հետ աշխատել, իրազակել, թե՛ արհմիութենական ուսուցում կազմակերպել ակտիվիստների համար, թե՛ կազմակերպել սոցիալական միջոցառումներ, օրենսդրական փոփոխություններին մասնակցել, կոորդինացնել անդամների աշխատանքը, բայց ես նույնիսկ կարող եմ չիմանալ աշխատողների խնդիրները, եթե տեղից արհմիութենական կոլեկտիվները դրանք չբարձրաձայնեն, չցանկանան լուծել և չհամագործակցեն մեզ հետ։ Այսինքն՝ մի խնդիրներից մեկը աշխատողների գիտակցության հարցն է․ մեր երկրում մշակույթը չկա, որ աշխատողները միավորվեն ու այդպես իրենց պահանջներն առաջ տանեն։
-Ինչու՞ չկա այդ մշակույթը։
– Մենք երկար տարիներ ապրել ենք Խորհրդային միությունում, որտեղ արհմիություններն իշխանության հետ աշխատող մարմին են եղել, աշխատողները պարտավոր են եղել լինել արհմիության անդամ, անդամավճարը վճարել, արհմիություններն էլ ունեցել են պետության պատվիրակած գործառույթներ։ Արհմիությունը հավաքել է անդամավճարներն ու իրականացրել այդ գործառույթները։ Այսինքն՝ չի եղել պայքարային արհմիություն, ինչի պատճառով էլ չի ձևավորվել այդ մշակույթը։
Բացի այդ, 25 տարի ապրել ենք օլիգարխիկ պետության պայմաններում, երբ պետությունն ընդհանրապես չի ցանկացել, որ արհմիություններ լինեն, բայց, քանի որ ունեցել է միջազգային պարտավորություններ, չէր կարող ոչնչացնել դրանք, փոխարենը բալանսավորել է, որ հա՛մ լինեն, հա՛մ ուժեղանալու հնարավորություն չունենան։ Նախկինում հենց իշխանություններն էին մեսիջ ուղարկում ժողովրդին, որ արհմիությունները թույլ են։ Ես համաձայն չեմ․ արհմիությունները, տվյալ դեպքում՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ու Ճյուղային արհմիությունները, փորձել են պահպանել իրենց ներուժը, որ կուտակել էին խորհրդային ժամանակում, խնդիրներին տիրապետող մասնագետների և միջազգային փորձի օգտագործմամբ հարցեր են դրել կառավարության առջև, բայց կառավարությունը չի ունեցել քաղաքական կամք՝ դրանք իրագործելու։ Հիմա ես էլ կարող եմ ասել, որ կառավարությունն է թույլ եղել։
– Այն, որ արհմիությունների մի մասը պարզապես նվերներ գնող կառույց է, կրկին Խորհրդային Միությա՞ն հետևանքն է։ Այդ երևույթի մեջ ի՞նչ վտանգներ եք տեսնում։
– Չէի ասի, թե խորհրդային ժամանակներից է մնացած, որովհետև չեմ հիշում, թե այն ժամանակ արհմիությունների փողերով խնջույքներ անեին, բայց արհմիությունը անդամավճարով շատ սոցիալական խնդիրներ էր լուծում՝ օգնություններ, հանգստի համար ուղեգրեր էր տալիս, բայց այդ ամենը միայն արհմիության փողերով չէր, որոշ բան պետությունն էր լիազորել արհմիություններին։ Իսկ հետո, երբ փողն ունեցել են, գուցե չեն պատկերացրել՝ ինչ կարելի է անել, որոշել են նվերներ անել, ու ձևավորվել է այդ մշակույթը։ Հաճախ հատկապես պետական ոլորտում գործատուներն են դրդել այդպիսի քայլերի։ Օրինակ, պետական պաշտոնյան ուզում է աշխատողներին նվերներ անել, բայց չի ուզում անձամբ գումար ծախսել, արհմիության նախագահին ասում է․ «Դե ունենք գումար, եկեք աշխատողների մարտի ութը շնորհավորենք»։ Ու շատ դեպքերում աշխատողը կարող է նույնիսկ չիմանալ, որ արհմիությունն է դա արել։
Ամեն դեպքում, դա միայն բացասական երևույթ չէ, երբեմն այդ միջոցառումները նպաստում են, որ կոլեկտիվը համախմբվի, իսկ դա լավ է արհմիության համար։ Փորձում են այդ երևույթը շահարկել, բայց այստեղ կա մի նրբություն․ ՀՀ-ն վավերացրել է ԱՄԿ ընդունած՝ «Միավորման ազատության մասին» կոնվենցիան, ըստ որի՝ աշխատողներն ինչ կերպ, ինչի համար կուզեն՝ կմիավորվեն։ Կարող են արհմիություն ստեղծել հենց միայն նրա համար, որ անդամավճար հավաքեն և իրենց կոլեկտիվների սոցիալական խնդիրները լուծեն։ Իրենք են որոշողը։ Դրա համար, երբ ասում ենք արհմիությունը թույլ է կամ ուժեղ, պետք է հաշվի առնենք, որ արհմիությունը հենց մարդիկ են, և իրենք են որոշում ինչպիսին լինել, ինչպիսին աշխատողներն են, այնպիսին էլ արհմիություն է։
Բացասական կողմ էլ կա, որովհետև դրանից օգտվում են շատ գործատուներ, փորձում են մասնակցել ժողովներին, պարտադրել աշխատողներին, որ չլինեն ճյուղային արհմիության անդամ՝ ներկայացնելով հետևյալ կերպ․ «Դուք անդամավճար եք հավաքում, ինչու՞ դրանից ինչ-որ մաս գնա ուրիշ տեղ, չէ՞ որ կարող ենք մեր վրա ծախսել»։ Եվ քանի որ աշխատողների իրավագիտակցությունը բարձր չէ, ու նաև նրանք իրավունքների պաշտպանության շատ օրինակներ չեն տեսել, որոշում են չլինել ճյուղային միության անդամ։ Դրա հետևանքով է նաև, որ արհմիությունը թուլանում է, քանի որ դառնում է գործատուի ձեռքի տակ գտնվող ինչ-որ փակ կոլեկտիվ, իսկ քանի որ ճյուղային արհմիության հետ չկա համագործակցություն, չկա նաև արհմիութենական որևէ ուսուցում կամ ուղորդում։
– Վերադառնալով գործադուլներին՝ ինչու՞ հնարավոր չի լինում գործադուլ իրականացնել մեր երկրում։
– Առաջինը՝ էլի մշակույթի խնդիր կա, որովհետև չենք ունեցել գործադուլների իրականացման փորձ, մյուս խնդիրն օրենսդրական է։ Այս օրենքով հնարավոր չէ գործադուլ կազմակերպել, իսկ եթե այն կազմակերպվի օրենքի խախտմամբ, գործատուն կարող է դատի տալ, և գործադուլը կարող է ճանաչվել անօրինական, ու բոլոր հետևանքները, գործատուի ֆինանսական կորուստներն, ըստ օրենքի, պետք է կրի արհմիությունը։ Իսկ արհմիությունները չունեն դրա հնարավորությունը։
– Անկախությունից ի վեր օրինական որևէ գործադուլ չի՞ եղել Հայաստանում։
– Չի եղել։ Ակցիաներ են եղել, բայց արհմիություններն իրենց վրա չեն վերցրել դրանք կազմակերպելու գործընթացը, որովհետև Աշխատանքային օրենսգրքով գործադուլի կազմակերպման մեծ գործընթաց է նկարագրված։ Տեսեք, Սահմանադրությամբ ունենք գործադուլի իրականացման իրավունք, բայց ԱՕ-ով, փաստորեն, չունենք, քանի որ այնտեղ հստակ սահմանված է, թե որ դեպքերում կարելի է գործադուլ անել։ Իսկ Ձեր նշած զարգացած երկրներում արհմիություններն ըստ իրավիճակի որոշում են կազմակերպել գործադուլ, հայտարարում են դրա մասին, աշխատողներն էլ գիտեն, որ դրանով նպաստում են իրենց աշխատանքային շահերի առաջխաղացմանը և կազմակերպված դուրս են գալիս գործադուլի։ Այնտեղ ավելի շատ կանխարգելիչ գործադուլներ են իրականացվում, որ ցույց տան՝ իրենք կան, և դա արդեն զսպող մեխանիզմ է դառնում կառավարությունների ու գործատուների համար, որովհետև տեսնում են, որ աշխատողները համախմբված են։
Իսկ մենք օրենքով չունենք այդ հնարավորությունը, քանի որ ամրագրված է՝ գործադուլը իրականացվում է կոլեկտիվ վեճի լուծման նպատակով, բայց դրա իրականացումը սահմանափակվում է հաշտեցման գործընթացով։ Իսկ հաշտեցման գործընթացը ենթադրում է երկարատև քայլերի հաջորդականություն, որը ևս ամրագրված է օրենքով, դրա նվազագույն տևողությունը 21 օր է, սակայն գործնականում այն կարող է ամիսներ ձգձգվել։ Դրանից հետո միայն, եթե համաձայնություն ձեռք չբերվի, պետք է աշխատողների շրջանում փակ, գաղտնի քվեարկություն արվի, 2/3-ը պետք է կողմ արտահայտվի գործադուլին։ Հիմա կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնում, և հիմնականում շեշտն այս 2/3-ի վրա են դնում, ասում են, որ միջազգային նորմերով դա մեծ թիվ է համարվում և պետք է քչացնել։ Բայց ես ասում եմ, որ դեռ երբեք դեպք չենք ունեցել, որ գործը հասնի քվեարկությանը։ Մենք նախ նախապայմանները պետք է վերացնենք։
Միջազգային փորձն էլ է ցույց տալիս, որ երբ մեկ ամիս գործընթացը ձգձգվում է, իրավիճակ է փոխվում, կուտակված դժգոհությունը ժամանակի ընթացքում մարում է, ներուժը կորում է։ Այսինքն, ունենք օրենսդրական խնդիրներ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ մեր հիմնական խնդիրները ոչ թե օրենսդրական են, այլ մշակութային։ Շատերը ծանոթի միջոցով են աշխատանքի ընդունվել և եթե նույնիսկ տեսնում են, որ գործատուն անօրինական որոշումներ է ընդունում, չեն բողոքում, չեն ուզում մասնակցել բողոքի ակցիաներին, և համախմբում տեղի չի ունենում։
– Գործադուլներից զատ՝ արհմիությունների հիմնական լծակներից է սոցիալական գործընկերությունը։ Սրանցից ո՞րն է պայքարի առավել արդյունավետ միջոց։
– Այո՛, արհմիությունն ունի երկու գործիք, մեկը հանրային ճնշումն է, գործադուլային պայքարը, մյուսը՝ սոցիալական գործընկերությունը։ 80-ական թվականներին արհմիութենական շարժումն աշխարհում ճգնաժամ ապրեց, ակտիվացնելու համար սկսեցին դիմել փողոցային պայքարի, իսկ մինչ այդ՝ ավելի շատ օգտագործվում էր պայմանավորվածությունների՝ սոցիալական գործընկերության գործընթացը։ Այն արդեն 101 տարեկան է, ԱՄԿ-ի ներդրած, ավելի կարևոր գործիք է և, ըստ երևույթին, մեր մշակույթին ավելի հարմար։ Պայմանավորվածությամբ հաճախ ավելիին կարող ես հասնել, քան գործադուլով։ Գործադուլը կողքից երևում է, ասում են՝ տես, էս արհմիությունն ուժեղ է, դուրս է եկել, կռվում է, բայց դա ավելի շատ ուժը ցուցադրելու համար է, բայց և միշտ չէ, որ գործադուլները հասնում են իրենց նպատակին։
– Խնդրում եմ՝ ներկայացրեք, թե ինչ է այդ սոցիալական գործընկերությունը։
– Աշխատողներն իրենց ներկայացուցիչների՝ արհմիությունների միջոցով բանակցում են գործատուի հետ, պահանջներ ներկայացնում, այնքան լավ հիմնավորում դրանք կամ որոշ դեպքերում նույնիսկ ակնարկում, թե բողոքի ակցիաներ կանեն, որ գործատուի հետ կնքում են կոլեկտիվ պայմանագիր և դրանով լրացուցիչ արտոնություններ են ստանում աշխատողների համար։ Որքան գիտեմ՝ Հայաստանում որոշ ոլորտներում գործում են նման պայմանագրեր, մասնավորապես՝ մետալուրգիայի ոլորտում արհմիություններն ունեն գործատուների հետ կնքած պայմանագրեր, ըստ որոնց՝ աշխատողներն ավելի բարձր հավելավճար են ստանում, քան նախատեսված է օրենքով։
– Սակայն, ըստ Արհմիությունների մասին օրենքի, գործատուները կարող են պարզապես հրաժարվել կոլեկտիվ պայմանագիր կնքելուց։ Օրենքն այս մասով ոչինչ չի պարտադրում նրանց։
– Կարող են հրաժարվել, պայմանագիր չկնքել, այո՛, այս խնդիրը կա։ Դրա համար էլ այստեղ կարևոր է աշխատողների համախմբվածությունը։ Եթե գործատուն տեսնի, որ աշխատողներն իրենց պահանջը շարունակաբար առաջ են տանում, հնարավոր է՝ նրա համար նույնիսկ ռիսկային լինի այդ պահանջը չկատարելը։ Հեռատես, լավ գործատուն, իր շահից ելնելով, շահագրգռված է, որ աշխատողների համար լավ պայմաններ ստեղծի։ Եվ եթե այդտեղ արհմիություն կա, գործատուի համար էլ է նախընտրելի, որովհետև ոչ թե բոլոր աշխատողների հետ առանձին-առանձին է բանակցում, այլ արհմիության, գուցե՝ մեկ հոգու հետ, որը հանդես է գալիս աշխատողների անունից։
-Վերջին երկու տարիներին Հայաստանում ժողովրդավարացման գործընթացների ֆոնին Դուք արհմիությունների ոլորտում նկատելի բարեփոխումներ տեսնու՞մ եք պետական քաղաքական առումով։ Գիտենք, որ այս ընթացքում մի քանի նոր արհմիություններ ստեղծվեցին։ Առաջընթաց կա՞, ըստ Ձեզ։
– Մեծ հաշվով՝ չկա։ Տեսեք՝ ինչ եղավ։ Երբ եղավ հեղափոխությունը, մարդկանց մեջ հույս արթնացավ։ Ունեինք որոշ կոլեկտիվներում փոքրաքանակ արհմիություններ, որոնք իրենց ակտիվիստների շնորհիվ մի կերպ պահպանվել էին ու սպասում էին լավ ժամանակների, և հենց այդ կոլեկտիվներից շատ աշխատողներ, որոնց հանդիպում էի հեղափոխությունից հետո, ոգևորված էին, ասում էին․ «Հիմա կկարողանանք ավելացնել մեր անդամներին, զարթոնք կլինի»։ Բայց եղավ հակառակը։ Հենց պետական ոլորտի այդ փոքր արհմիությունները ժամանակի ընթացքում փակվեցին, որովհետև եկան պետական ղեկավարներ, որոնք դեմ են արհմիության գաղափարին կամ գուցե մտածում են, որ մեզ մոտ արհմիությունն այնպիսին չէ, ինչպիսին Եվրոպայում է, և գուցե իմաստ էլ չկա, որ լինի։ Իսկ արհմիությունը չի կարող գործատուից անջատ աշխատել, և երբ արհմիության նախագահները փորձեցին այդ գործատուներին ասել՝ սկսենք համագործակցություն, այդ գործատուները վանեցին։ Իսկ սկզբի շրջանում, երբ կառավարությունը կոալիցիոն էր, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մարզպետներ էին, ընդհանրապես վերացվում էին արհմիությունները։ Երկու մարզպետարանում դեպք ունեցանք, երբ մարզպետի հրամանով արհմիությունը վերացվեց, որովհետև արգելվեց անդամավճար պահել և այլն։
Բայց նաև Ձեր ասածը կա, որ նոր արհմիություններ են սկսել ստեղծվել։ Մատենադարանի արհմիությանն անդրադառնամ, որ հենց հեղափոխական ալիքի վրա երիտասարդ գիտնականները, որոնք զգում էին, որ աշխատանքային հարաբերություններում որոշ խնդիրներ կան, որոնց իրենք չեն տիրապետում, բայց արհմիություն ստեղծելով կարող են ուսումնասիրել, իրենց շահերն առաջ տանել, ստեղծեցին այդ արհմիությունը։ Մեկ տարվա ընթացքում բավականին փորձ են կուտակել, մենք էլ իրենց հետ աշխատում էինք, օրենսդրության առումով խորհրդատվություն էինք տրամադրում, տարբեր խնդիրներ բացահայտվեցին, կարողացան որոշ խնդիրներ լուծել։ Թեև մեզ մոտ շատ դժվար է, որ ամբողջ կոլեկտիվը միավորվի, ինչպես և այս դեպքում է, կոլեկտիվի մեծ մասն ուղղակի կողքից նայում է, թե այս երիտասարդ պայքարողներն ինչի կհասնեն։ Եթե չխանգարեն լավագույն դեպքը կլինի։ Այս իմաստով, այո՛, որոշակի փոփոխություններ կան, բայց սա շատ քիչ է։
– Դուք քանիցս խոսել եք սոցիալական գործընկերության եռակողմ համակարգի ոչ բավարար արդյունավետ լինելուց, պետության հետ ունեցած պայմանագրի ոչ բավարար լավը լինելուց։ Այս առումով էլ հեղափոխությունից հետո փոփոխություն չկա՞, քննարկվու՞մ է արդյոք նոր, բարեփոխված պայմանագիր ունենալու հարցը։
– Սա ամենացավոտ հարցն է։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան , գործատուների միությունը և կառավարությունը ունեցել են եռակողմ պայմանագիր, որի մասին, այո՛, ես միշտ ասել, որ անարդյունավետ է, բայց 100%-ով չէր անարդյունավետ։ Այն որոշակի համագործակցային տարբերակ էր, կար դեկլարատիվ պայմանագիր, որը սակայն թույլ էր տալիս, որ երեք ամիսը մեկ գործընկերները հավաքվեն, ինչ-որ խնդիրներ քննարկեն։ Շատ քիչ հարցերում ամեն դեպքում կատարում էին արհմիությունների պահանջները։ Ես պատկերացնում էի, որ հեղափոխությունից հետո պետք է նստեինք կառավարության հետ, խոսեինք և հասկանայինք՝ ինչպես ենք զարգացնելու սոցիալական գործընկերության համակարգը։ Բայց սա տեղի չունեցավ։ Նախ, կային օբյեկտիվ պատճառներ, որովհետև սկզբում կոալիցիոն կառավարություն էր, իսկ եռակողմ հանձնաժողովը ղեկավարում է ԱՍՀ նախարարը, ու մենք ունեցանք նախարարի, փոխնախարարների փոփոխություններ, և մոտ մեկ տարի ժամանակ կորցրինք։
Հետագայում հանդիպումներ եղել են սոցիալական գործընկերության շրջանակում, բայց տեսեք, թե ինչ տեղի ունեցավ։ Այդ պայմանագրի ժամկետն ավարտվում էր դեկտեմբերին, և բազմիցս ասել ենք, որ պետք է սկսել բանակցել նոր պայմանագրի համար, բայց այդ գործընթացը երկարացվեց, բանակցություն չսկսվեց, մենք հիմա հենց դրանով ենք զբաղված։ Պայմանագրի ավարտից մոտ մեկ ամիս առաջ մեզ ուղարկեցին հին պայմանագրի ձևը և գրեցին, որ խնդրում են՝ այդ տեքստի վերաբերյալ առաջարկություններ տանք։ Առաջին զարմանալի բանը սա էր։ Եթե եղել է հեղափոխություն, պետք է խոսեինք, հասկանայինք, թե ինչ ենք ուզում և գուցե ընդհանրապես նոր տեքստ մշակեինք։
Երկրորդ զարմանալի բանն այն էր, որ այդ տեքստն ուղարկվել էր միայն եռակողմ հանձնաժողովի անդամներին, այնինչ դա հանրապետության համար պայմանագիր է, կառավարության ու արհմիության բոլոր օղակները պետք է մասնակցեին քննարկմանը։ Արհմիությունների կողմից ի վերջո քննարկվեց և առաջարկություններ ներկայացվեցին, օրինակ՝ մեր արհմիությունը մոտ չորս-հինգ էջ առաջարկություն միայն տեքստի վերաբերյալ էր ներկայացրել։ Բացի դրանից առաջարկել էինք որոշ բաներ ավելացնել, օրինակ՝ Արսեն Թորսյանը, եթե հիշում եք, խոսում էր, որ մեզ պետք է առողջության ապահովագրություն, ձևը քննադատվեց, բայց որ պետք է ունենալ ապահովագրական համակարգ, երևի ոչ ոք դեմ չի լինի։ Առաջարկեցինք, որ դա լինի եռակողմ հարթակում, որ աշխատողների ձայնը ևս հաշվի առնվի։ Առաջարկեցինք նաև, որ գործազրկության նպաստը վերադառնա, որովհետև Սահմանադրությամբ մարդիկ իրավունք ունեն սոցալական ապահովության, օրենքով՝ ոչ։ Կարծում եմ՝ մեր առաջարկությունները չեն գնացել ընդհանուր կառավարություն, այլ նորից գնացել են հանձնաժողովի անդամներին։ Այնպես է ստացվել, որ ես չեմ կարողացել մասնակցել եռակողմի այդ նիստին, և այդպես անցել, գնացել է դա։
Հետո արհմիություններով մտածեցինք, որ ոչինչ, թող պայմանագրի տեքստը ստորագրվի, ըստ դրա պետք է կազմենք ժամանակացույց, այնտեղ արդեն ավելի կոնկրետ բաներ կնախատեսենք։ Բայց այդ պայմանագրի տեքստը գնաց, կորավ; Ու հիմա՝ վեց ամիս հետո, ստացել ենք պայմանագիրը․ պարզվում է, որ նոր ուղարկել են մյուս նախարարություններ, ու այնտեղից տարբեր առաջարկություններ են եկել։ Հիմա մենք դրանով ենք զբաղված։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեզ դա ուղարկել է և գրել, որ հնգօրյա ժամկետում խնդրում են՝ տանք առաջարկ, այն դեպքում, որ իրենք վեց ամիս դա ուսումնասիրում էին։ Եվ ասեմ, որ այդ ուսումնասիրությունների արդյունքները շատ վատն են։ Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչությունը բոլոր կետերի հանդեպ, որոնք առաջխաղացում էին, բացասական կարծիքներ է գրել՝ հիմնավորելով գործող օրենքներով։
– Օրինակ, ի՞նչ առաջարկների են դեմ արտահայտվել։
– Նախորդ պայմանագրում ունեինք կետ, ըստ որի՝ օրենսդրական ակտերի նախագծերը, որոնք աշխատանքային հարաբերություններին են վերաբերում, պետք է եռակողմում քննարկվեն, ինչը նորմալ է, այդպես էլ պետք է լիներ, սակայն փակագծերում գրված էր՝ բացառությամբ հրատապ կարգով ընդունվողների։ Քանի որ ղեկավարը սոցապ նախարարն է, նախարարությունն է համակարգում այդ գործընթացը և չունի տեղեկատվություն այն իրավական ակտերի մասին, որոնք այլ գերատեսչություններն են մշակում։ Եվ երբ ինչ-որ նախագիծ ներկայացնում էր օրինակ արդարադատության նախարարությունը, ԱՍՀՆ-ն կարծես չուներ այն լիազորությունը, որ այդ հարցը բերեր քննարկման։ Մենք ասում էինք, որ սոցիալական գործընկերության ձևաչափն անարդյունավետ է և պետք է փոխվի, նաև առաջարկում էինք, որ ոչ թե սոցապը լինի համակարգողը, այլ լինի ավելի բարձր մակարդակով՝ օրինակ՝ փոխվարչապետի, որովհետև ի վերջո բոլոր գերատեսչություններից տեղեկությունները գնում են վարչապետի աշխատակազմ։ Բայց դա մերժվեց։ Գուցե խնդիրը լավ չհասկացվեց, գուցե շատ զբաղված են փոխվարչապետները։
Եվ որ գրված էր՝ բացառությամբ հրատապ կարգով, առաջարկում էինք հանել, որովհետև միշտ օգտագործվում էր, և շատ հարցեր չէին բերվում քննարկման, բայց ի՞նչ հրատապ, ո՞նց կարող է աշխատանքային հարաբերություններին վերաբերող իրավական ակտը հրատապ լինել։ Գուցե արտակարգ իրավիճակում ինչ-որ բան լինի, բայց եթե սովորական իրավական ակտ ես մշակում, հրատապի խնդիր չկա, սա ժողովրդավարության կանոն է, որ հարցը պետք է քննարկվի այն մարդկանց հետ, որոնց վրա ազդում է։ Բայց ի վերջո որոշվեց այդ կետը ևս թողնել նույնությամբ։ Սոցապից դա բացատրում էին, որ գուցե վարչապետի աշխատակազմից կամ խորհրդարանից ինչ-որ նախագիծ գա, վրան ժամկետ լինի։ Մենք ասում ենք՝ ո՛չ, դուք պետք է վերափոխվեք, պիտի ասեք, որ չի կարող ժամկետ դրվել, որովհետև մենք ունենք պայմանագիր ու պետք է քննարկենք արհմիությունների հետ։
Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչությունն էլ ասում է՝ մենք ունենք «Իրավական ակտերի մասին» օրենք, որով հանրային քննարկում է նախատեսվում (այսինքն՝ ուղղակի e- draft-ում տեղադրել), և ամեն նախարարություն կարող է (նույնիսկ գրված չէ, որ պարտավոր է) դնել այնտեղ, էլ ինչու՞ բերել քննարկման, դուք էլ նայեք դա, գրեք ձեր առաջարկությունները։ Բայց դա լրիվ այլ բան է, եռակողմ քննարկումն՝ այլ։ Հիմա մենք պատրաստվում ենք սրա դեմ գրել, բայց հինգ օր ժամկետ ունենք, որը շատ անընդունելի է և խոսում է այն մասին, որ չգիտեն, թե ինչ բան է սոցիալական գործընկերությունը։ Ըստ իս՝ հիմա սոցիալական գործընկերության եռակողմ ձևաչափը հետընթաց է ապրում։
– Իսկ Վարչապետ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից մի առիթվ նշել էր, որ մարդիկ պետք է ձևավորեն արհմիություններ և պաշտպանեն իրենց աշխատանքային իրավունքները․․․
– Վարչապետը կառավարության նիստերից մեկում էլ ասաց, որ պետք է զարգացնենք արհմիությունների ինստիտուտը, որ ոչ թե գնանք հազար հոգու հետ մի դահլիճում քննարկենք հարցերն, այլ իրենց ներկայացուցչի հետ։ Եվ դա շատ խոստումնալից էր։ Բայց վարչապետի խոսքին միանգամից արձագանքեցին փոխվարչապետները, որ դրա կարիքը չկա, Ազգային ժողովի պատգամավորները տիրապետում են խնդիրներին։ Այսինքն՝ կա՛մ հասկացողությունը չկա, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են, որ արհմիությանը գործիք չտան։
Այս անգամ մի քիչ սուր նամակ եմ պատրաստում, անցած անգամ հետհեղափոխական շրջանը նոր էր սկսվել, չէի ցանկանում թիրախավորել հեղափոխական թիմին, բայց հիմա արդեն այլ է, որովհետև երկու տարի անցել է, ու խնդիրը չի հասկացվել։ Ես նաև պատկերացնում էի, որ ժողովրդի վարչապետը պետք է ուզենա արհմիությունների հետ հանդիպել, բայց ոչ։ Անցած տարի՝ մայիսի 1-ին, դուրս էինք եկել փողոց, ու շատ լավ կլիներ, եթե վարչապետը միանար մեզ, լսեր, բայց նա գնաց հին ճանապարհով, գնաց «Գրանդ Քենդի»-ի կազմակերպած միջոցառմանը, որին նախկինում Սերժ Սարգսյանն էր գնում։ Գուցե էլի չկա քաղաքական կամքը։
Որոշ բաներ փոխվել է միայն այն առումով, որ հեղափոխական նոր մարդիկ կան, որոնք մեզ հարգանքով են վերաբերվում, նախկինում գուցե նաև կոպտեին։ Բայց մարդկային հարաբերություններից բացի նաև իրավական կողմը պետք է ճիշտ լինի։
Մի լավ բան էլ կա՝ կառավարությունն «Աշխատիր, Հայաստան» ռազմավարություն է ընդունել, որտեղ աշխատանքային հարաբերություններին վերաբերող բաժին կա, որում գործողությունների մեջ նշված է՝ արհմիությունների ուժեղացում, անդամների ավելացում։ Ես հաճելիորեն զարմացա, որ երբ գրել էին արհմիությունների ուժեղացում, նշել էին, որ անդամների ավելացում էլ պետք է լինի, որովհետև ի վերջո արհմիություններն ուժեղանում են, երբ շատ անդամներ ունեն, որոնք գիտակից են ու նաև անդամավճար են տալիս, որովհետև դա է արհմիության ֆինանսավորման աղբյուրը։ Սակայն, ցավոք, պետպաշտոնյաներից քչերն են ծանոթ այդ ծրագրին։
Աղբյուրը՝ Infocom