Պարետի 2020 թվականի մարտի 31-ի N27 որոշումով սահմանվել են արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների ցանկը։ Սակայն թույլատրված գործունեության տեսակներից բացակայում է արհմիությունների գործունեությունը։
Քանի որ արհմիությունները, լինելով աշխատողների ներկայացուցիչներ, չեն կարող չգործել և այս օրերին նույնպես աշխատում են, և մանավանդ, որ աշխատանքային հարաբերությունների հետ կապված խնդիրներին լուծում տալը այս օրերին առավել կարևոր է, գրություն ենք ներկայացրել ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով վերանայել վերը նշված պարետի որոշումը և ընգրկել արհմիությունները թույլատրված գործունեությունների ցանկում։ Առաջարկության մեջ նշել ենք նաև արտակարֆ դրության պայմաներում սոցիալական երկխոսության կարևորության մասին։ Մասնավորապես նշել ենք․
“COVID-19 ճգնաժամի պայմաններում, հատկապես ստեղծված սոցիալական լարվածության պայմաններում, նախաձեռնվող որոշումների արդյունավետության ու արտակարգ դրության հետևանքների չեզոքացման համար առավել քան անհրաժեշտ է փոխադարձ վստահության մթնոլորտի ապահովումը, որը հիմնված կլինի սոցիալական երկխոսության և եռակողմ բանակցությունների վրա։ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 2017 թվականի «Զբաղվածությունն ու արժանապատիվ աշխատանքը հանուն խաղաղության և դիմակայման» Ռեկոմենդացիան (թիվ 205) հատուկ ընդգծում է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ժամանակահատվածում սոցիալական երկխոսության կարևորությունը և աշխատողների ներկայացուցիչների կարևորագույն դերը: Մասնավորապես, ռեկոմենդացիայում ընդգծվում է աշխատողների ներկայացուցիչների ակտիվ մասնակցության և նրանց հետ խորհրդակցության կարևորությունը ճգնաժամի հաղթահարման և ճգնաժամից հետո վերականգնման նպատակով ընդունվող որոշումների պլանավորման, իրականացման, մշտադիտարկման ընթացքում“:
Ի պատասխան մեր գրությանը, ՀՀ փոխվարչապետի գրասենյակից պատասխանել են, որ առաջարկությունը քննության կառնվի նշված սահմանափակումների վերաբերյալ առաջիկայում կայացվելիք որոշումների համատեքստում:
Մեր գրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք այստեղ։