PSI և FNV համատեղ պատվիրակությունների այցը Հայաստան

PSI և FNV համատեղ պատվիրակությունների այցը Հայաստան

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիությունը Հայաստանում հյուրընկալել է Հանրային ծառայությունների միջազգային արհմիության և Նիդեռլանդների խոշորագույն FNV արհմիության համատեղ պատվիրակությանը։

Միջազգային գործընկերներն այցի շրջանակներում հանդիպում ունեցան մեր Խորհրդի անդամների և ակտիվի հետ, որի ժամանակ ներկայացրեցին Նիդեռլանդներում բանակցությունների ու խորհրդատվությունների համակարգը, դրա հետ կապված գործընթացներն ու օրենսդրական դաշտը։

Ճյուղային արհմիության ակտիվին ներկայացվեց PSI գլոբալ արհմիության պատմությունը, առաքելությունը, կառուցվածքն ու գործունեությունը, ինչպես նաև վերջերս PSI-ի և համայնքների գլոբալ միության միջև կնքված գլոբալ կոլեկտիվ պայմանագրի դրույթները։

Այցելության շրջանակներում FNV և PSI — Public Services International համատեղ պատվիրակության անդամներին հյուրընկալեց նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Էլեն Մանասերյանը ներկայացրեց ՀԱՄԿ-ի գործունեությունը, պատասխանեց պատվիրակության անդամների հարցերին։

Երկկողմ հանդիպումների շրջանակներում միջազգային արհմիությունների ներկայացուցիչները հանդիպում ունեցան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում` Տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանի և վարչության պաշտոնատար այլ անձանց հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց Նիդերլանդներում համայնքային աշխատողների համար ճյուղային կոլեկտիվ բանակցությունների ու խորհդակցությունների օրենսդրական և գործնական փորձը, մասնավորապես՝ համայքների ղեկավարներից բաղկացած մարմնի՝ համայնքային աշխատողներին ներկայացնող արհմիության հետ պարտադիր բանակցելու և կոլեկտիվ պայմանագրեր կնքելու կարգը։

PSI ներկայացուցիչը նախարարության պաշտոնատար անձանց ներկայացրեց նաև 2027 թվականին Երևան քաղաքում համայնքային աշխատողների Գլոբալ համաժողով կազմակերպելու մասին տեղեկատվությունն ու դրա համատեքստը։ Քննարկվեցին համայնքային ծառայությանը վերաբերող խնդիրները։

Հաջորդ կանգառը ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն էր, որտեղ մեր եվրոպական գործընկերներին ընդունեցին նախարարի տեղակալներ Լուսինե Քոչարյանը և Ռոզա Բաբայանը և նախարարության պաշտոնատար անձինք։ Հանդիպմանը ներկա գտնվեց նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Քննարկման հիմնական թեման էր հանրային ծառայողների համար ճյուղային կոլեկտիվ բանակցության համակարգը։

FNV , PSI և CFDT Interco արհմիությունների ներկայացուցիչներն ու գլխավոր բանակցողները ներկայացրեցին Նիդերլանդներում հանրային հատվածում կոլեկտիվ բանակցության փորձը։ Նիդերլանդներում, ինչպես և շատ Եվրոպական պետություններում սահմանված են այն մարմինները, որոնք պատասխանատու են և պարտավոր են ճյուղային արհմիության հետ պարբերաբար բանակցել ու կնքել կոլեկտիվ պայմանագիր՝ պետական և համայնքային աշխատողների համար։ Այս մոտեցման որդեգրումը Հայաստանում կարևոր է արհմիությունների դերի բարձրացման, աշխատանքային վեճերի կանխարգելման, աշխատավայրում և պետությունում գործուն ժողովրդավարության կայացման, եվրոպական ինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումների ներդրման և տնտեսության կայուն զարգացման համար։ Ծավալվեց քննարկում։

Նախարարի տեղական Լուսինե Քոչարյանը հավաստիացրեց, որ նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում ներդնել աշխատանքային ու արհմիությունների իրավունքների հետ կապված լավագույն միջազգային փորձը և ձգտելու է ոլորտում հասնել կատարյալ օրենսդրական դաշտի։

Այցը հատկանշական էր նաև այն առումով, որ հաջորդ տարի աշնանը, Հանրային ծառայությունների համաշխարհային արհմիությունը (PSI), որին անդամակցում է Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը, կազմակերպելու է համայնքային աշխատողների գլոբալ աշխատաժողով։ Աշխատաժողովի անցկացման վայր է ընտրվել Երևանը։ Աշխատաժողովը, որը կհյուրընկալենք հաջորդ հոկտեմբերին, նպատակ ունի նպաստել աշխարհի համայնքային ծառայողների, քաղաքային ոլորտում գործող ծառայություններում աշխատողների ու նրանց արհմիությունների կարողությունների զարգացմանն ու զորեղացմանը, աշխատողների կազմակերպմանն ու հավաքագրմանն աջակցելը, ընդ որում՝ հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանի համայնքային աշխատողներն ու նրանց արհմիությունները, նրանց համար սոցիալական երկխոսության շրջանակի զարգացումը։ Այդ նպատակով, Հայաստանյան առաքելության շրջանակներում PSI ներկայացուցիչները նախապատրաստական աշխատանքներ կատարեցին՝ քարտեզագրելու համար համայնքային ոլորտում գործող կազմակերպված կոլեկտիվների կարիքները, խնդիրներն ու մարտահրավերները։

Աշխատանքից զատ, բնականաբար մեր միջազգային գործընկերներին չէինք կարող չծանոթացնել Հայաստանի մշակույթին և պատմությանը։

Հուսով ենք, միջազգային գործընկերությունն ու շփումները շարունակական կլինեն։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading