Հաշվի առնելով բազմաթիվ զանգերն ու հարցադրումները Երևան քաղաքում ավտոբուսների վարորդների կողմից այսօր հայտարարված գործադուլի հետ կապված` հարկ ենք համարում հայտնել հետևալը։
«Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ում աշխատող վարորդներն արհմիությումում միավորված չեն։
Ղեկավարության և աշխատողների միջև աշխատանքային իրավունքների ու պայմանների հետ կապված դժգոհությունների ու վեճերի լուծման միակ արդյունավետ և ինստիտուցիոնալ ճանապարհը արհմիությանն անդամակցելու և արհմիության միջոցով բանակցելն է։
Միաժամանակ, Երևանի քաղաքապետի տեղակալի կողմից այսօր տրված մամլո ասուլիսից պարզ դարձավ, որ վարորդների աշխատանքային իրավունքները որոշ դեպքերում խախտվել են։ Մասնավորապես, գերազանցում է աշխատողների աշխատաժամանակի առավելագույն թույլատրելի տևողությունը, աշխատողները ստիպված են եղել վճարել աշխատանքային հատուկ հագուստի և միջոցների համար և այլն։
Վարորդները բողոքում են նաև, որ նրանց չեն տրամադրվում սնվելու համար ընդմիջում, ինչպես նաև լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ։
Ըստ այդմ, կոչ ենք անում:
«Երևանի Ավտոբուս» ՓԲԸ վարորդներին՝ անդամակցել իրենց ընտրած ճյուղային արհմիությանը՝ ղեկավարության հետ կապված դժգոհություններն արդյունավետ լուծելու համար։
Տեղեկացնում ենք, որ աշխատանքային օրենսդրության նորմերի նկատմամաբ վերահսկողության լիաղորությունը տրված է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Հետևաբար, կոչ ենք անում աշխատողներին իրավունքների խախտման դեպքերում դիմել նշված մարմնին։ Իսկ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առաջարկում ենք նախաձեռնել վարույթ՝ հետաքննելու և պարզելու «Ավտոբուս» ՓԲԸ-ում աշխատանքային իրավունքների խախտումների դեպքերը և արդյունքների մասին սեղմ ժամկետներում տեղեկացնել նաև հանրությանը։
Ողջունում ենք քաղաքապետարանի կողմից նախաձեռնած տոմսային համակարգի բարեփոխումներն՝ ուղղված «ստվերային ուղեվարձի» վերացմանը։ Միևնույն ժամանակ կարծում ենք, որ նախկինում գործող «ստվերային» համակարգը պետք է ուսումնասիրության առարկա դառնա պատկան մարմինների կողմից։

