Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունիսի 15-ից 16-ը տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության Երիտասարդական ցանցի տարեկան նիստը։ Այս տարի այն կազմակերպվեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ։
Երիտասարդներին ողջունեց EPSU գխավոր քարտուղար Յան Վիլլեմ Ղուդրիաանը։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունից նիստին մասնակցեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատողների արհմիության ներկայացուցիչ Դիաննա Պետրոսյանը։
Քննարկվել են հանրային ծառայությունների և ոլորտի երիտասարդ աշխատողների հետ սերտ կապված երեք հիմնական գործընթացները` թվայնացում, կլիմայի փոփոխություն և ժողովրդագրական փոփոխություն, ինչպես նաև արհմիության անդամների հավաքագրման և կազմակերպման խնդիրները:
Նիստին ամփոփվեց EPSU վերջին համագումարից մինչ օրս երիտասարդական ցանցի գործունեությունը, ինչպես նաև մի շարք կարևոր կազմակերպական ու վարչարարական չափորոշիչներ ընդունվեցին՝ ցանցի աշխատանքն առաջիկայում ավելի հստակ և կազմակերպված դարձնելու համար։
Շոշափվեցին Իրավունքների գլոբալ ինդեքսի 2024թ վիճակագրական տվյալները: Վերջինս աշխատանքային իրավունքների ու ժողովրդավարության կարևորագույն ցուցիչներից է։ Քննարկվեցին նաև միջազգային համերաշխության և համագործակցության սկզբունքներ, որոնք կարևոր են համընդհանուր մարտահրավերներին դիմակայելու և հանրային ծառայություններն ամրապնդելու համար:
Խմբային աշխատանքների և զեկույցների տեսքով երիտասարդ արհմիութենականները քննարկումներ ունեցան արհմիություններում երիտասարդների ներգրավման, խնդիրների հասցեագրման մասին, փոխանակվեցին լավագույն փորձով։
Ընտրվեց երիտասարդական ցանցի ղեկավար կազմը մոտակա հինգ տարիների համար։ Ղեկավար կազմում ընդգրկվեցին երիտասարդներ Վրաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Նիդերլանդների, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից և այլն։
Երիտասարդ արհմիութենականները նաև քննարկեցին հարցեր EPSU Համագումարին, որը մեկնարկեց արդեն հունիսի 18-ին։







