Երևանի քաղաքապետարանը հայտարարել է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» (Open Government Partnership — OGP) նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու մասին, ինչի վերաբերյալ շահագրգիռ կողմերից հավաքագրում է առաջարկներ։
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության առաջարկները՝ կապված մասնակցային կառավարման ոլորտի հետ։
Հաշվի առնելով
- «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության մոտեցումները՝ բաց և ներառական կառավարման մասին և Բաց կառավարման հռչակագրի սկզբունքները՝ կառավարման մարմինների և քաղհասարակության կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնման հետ կապված;
- ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների՝ մասնավորապես 8-րդ նպատակի («Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ») իրականացման կարևորությունը;
- ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աշխատանքի հիմնարար միջազգային ստանդարտները, այդ թվում ՀՀ կողմից վավերացված թիվ 98 հիմնարար կոնվենցիայի 4-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը խրախուսել և խթանել կոլեկտիվ բանակցությունների մեխանիզմի լիակատար զարգացումն ու իրացումը;
- Տնտեսության և աշխատանքային իրավունքներին առընչվող միջազգային հեղինակավոր զեկույցներում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման ձգտումը՝
առաջարկում ենք Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների ծրագրում նախատեսել աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացումը, որը ենթադրում է արդյունավետ համագործակցություն քաղաքային իշխանությունների և համայնքային աշխատողների զգալի մասին միավորող Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության և իր համապատասխան անդամ կազմակերպությունների հետ։
Մասնավորապես, ծրագրի գործողություններում առաջարկում ենք ներառել հետևյալ գործողությունները՝
- Նախաձեռնել բանակցություններ քաղաքապետի և ճյուղային արհմիության միջև, որոնց արդյունքում համայնքային աշխատողների համար կնքել կոլեկտիվ ճյուղային պայմանագիր (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 48, 2-րդ մասի երկրորդ պարբերություն):
- Աջակցել աշխատողների՝ արհեստակցական կազմակերպություններում ներգրավելու գործընթացին։
- Քաղաքապետարանի կառույցներում գործող արհեստակցական կազմակերպություններին՝ որպես աշխատողների ներկայացուցիչներ մասնակից դարձնել իրենց հետ կապված որոշումների ընդունման գործընթացին՝ մշակելով համապատասխան ընթացակարգ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 26, ԱՄԿ թիվ 113 Ռեկոմենդացիա)։
Նշված գործողությունների իրականացումը կնպաստի քաղաքային իշխանությունների հանդեպ վստահության ամրապնդմանը, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, միավորման ազատության և կոլեկտիվ բանակցությունների հետ կապված վարկանիշների բարելավմանը, որն իր հերթին կնպաստի միջպետական տնտեսական համագործակցության խորացմանը և ներդրումների համար գրավչության բարձրացմանը։

Pingback: Առաջարկներ Երևանի OGP (ԲԿԳ) գործողությունների ծրագրի վերաբերյալ – Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն