Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության բաց նամակը Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին
Պարոն Գրիգորյան, մարտի 12-ին Երևանի ավագանու նիստին Դուք «մանիպուլյատիվ» և «սուտ պարունակող» անվանեցիք Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության հայտարարությունը, որով կոչ էինք արել ավագանու անդամներին հետ կանչել տրանսպորտի թանկացման նախագիծը։
Հայտարարության մեջ նշել էինք, որ քաղաքապետարանի կողմից մեր միությանը տրամադրված տեղեկության համաձայն, օրական կտրվածքով քաղաքային բյուջե է մտնում վերգետնյա տրանսպորտում միայն մոտ 160 000 ուղևորների կողմից վճարած ուղեվարձը։
Պարոն Գրիգորյան, Ձեր համար անհասկանալի «ինչ-որ թիվը», ստացել ենք Ձեր կողմից տրամադրված թվերի` ավտոբուսներում տեղադրված մետաղադրամներ ընդունող արկղերի միջոցով միջին օրական փաստացի հասույթի, երթուղիները սպասարկող վարորդների միջոցով հավաքագրված հասույթի և էլեկտրոնային տոմսերի միջոցով հավաքագրված ուղեվարձի հանրագումարը բաժանելով 100 դրամի և դրան գումարելով նույն գրությամբ Ձեր կողմից տրամադրված տրոլեյբուսների ուղևորների քանակը, այնուհետև կլորացրել ենք թիվը ի շահ քաղաքապետարանի։
Ձեր պնդմամբ, քանի որ նշված տեղեկությունը վերաբերում է հունվար ամսին, իսկ ներկայացրած թվերը Ձեր համար անհասկանալի են, ապա այն «սուտ է» և «մանիպուլյատիվ»։
Ըստ Ձեզ՝ մինչև հունվարի «առնվազն տասը մասսայական արձակուրդներ են» եղել և ուղևորները տրանսպորտից քիչ են օգտվել։ Հավանաբար մոռացել եք, որ Վահան Քերոբյանի թեթև ձեռքով արդեն երկու տարի է ինչ չեղարկվել են Ամանորյա տոները և որևէ հիմք չկա պնդելու, որ մինչև առնվազն հունվարի 10-ը քաղաքային տրանսպորտից օգտվող ուղևորները աշխատանքի չեն գնացել և մասսայական արձակուրդում են եղել։
Միևնույն ժամանակ, տարբեր քննարկումներում, այդ թվում ավագանու նիստերին Ձեր և այլ պաշտոնյաների կողմից հնչեցրած տվյալների համաձայն, Երևանի վերգետնյա տրանսպորտը միջինում օրական տեղափոխում է մոտավոր 550 000 ուղևոր։ Երբևիցե չեք հայտարարել, որ այդ թիվը հունվարի համար այլ է։ Եթե այդպես է, կխնդրենք հրապարակել հունվարի թվերը։ Այնուամենայնիվ, հայտարարության մեջ ներկայացված հաշվարկներում մենք հաշվի ենք առել, որ հունվարին ուղևորահոսքը հնարավոր է քիչ լինի և զգալի նվազեցրել ենք այդ թիվը ընդհուպ մինչև 480 000, երբ հայտարարել ենք, որ ուղևորների ուղեվարձի միայն 1/3-ն է մտնում բյուջե։
Ի դեպ, երբ քաղաքապետարանն առաջին անգամ հրապարակեց միասնական տոմսային համակարգին վերաբերող նախագիծը, նպատակ ունենալով աջակցել քաղաքային իշխանությանը, մենք ծավալուն առաջարկներ ներկայացրեցինք՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը։
Երկրորդ անգամ բերված նախագծում մեր գրեթե բոլոր առաջարկները հաշվի էին առնված՝ բացի մեկանգամյա տոմսի արժեքից, որը մնացել էր նույնը։
Մեր արհմիությունը միավորում է տաս հազարից ավելի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատողների արհմիութենական կազմակերպություններ, և ըստ աշխատանքային օրենսգրքի Երևանի քաղաքապետը համարվում է մեր արհմիության սոցիալական գործընկեր և չնայած նրան, որ կոլեկտիվ բանակցություններ դեռ չեն կայացել և չունենք կնքած ճյուղային կոլեկտիվ պայմանագիր, չենք կարող անմասն մնալ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների վրա զգալի ազդեցություն ունեցող որոշումների նախագծերի քննարկումից. մեր անդամների պահանջն է նաև արհմիության կարծիքը հնչեցնելը և նման որոշումների ընդունումը հնարավորինս կանխելը։
Հենց այդ պատճառով Արհմիության ղեկավար մարմինը որոշեց հայտարարություն տարածել սահմանվող գնի բարձր լինելու մասին, հույս ունենալով, որ ավագանու անդամները, այնուամենայնիվ, հաշվի կառնեն աշխատող քաղաքացիների ներկայացուցչական մարմնի կարծիքը.
Ցավոք մեր սպասելիքները չիրականացան, ավելին՝ փորձեցիք մեզ վարկաբեկել։
Պարոն փոխքաղաքապետ, հրավիրում ենք Ձեր ուշադրությունը, որ ժողովրդավարական երկրում բոլոր կայացվող որոշումները պետք է քննարկվեն բնակչության այն խմբերի հետ, ում վրա այդ որոշումներն ազդելու են։ Հավանաբար Դուք առաջին անգամ էիք գործ ունենում մեր արհմիության կողմից հնչեցրած կարծիքի հետ։ Հուսով ենք, որ այսուհետ ավելի կառուցողական կամ հանդուրժողական մոտեցում կցուցաբերեք։
Ընդունեք, որ սխալվել եք՝ ներողություն խնդրելով Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության անդամներից։ Ուզեք թե չուզեք՝ մեր միությունն է Հայաստանում հանրային ծառայողներին միավորող խոշորագույնը և պետք է կարողանաք քաղաքակիրթ ձևով հաղորդակցվել ի շահ աշխատողների, համայնքի և պետության։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ
Անահիտ Ասատրյան
Թարմացում․ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգրոյանից ստացված պաշտոնական պատասխանի մեջ նշվում է “տեղեկացնում եմ, որ ծավալուն գրությամբ ներկայացված սեփական վերլուծությունների հիման վրա արված Ձեր եզրահանգումները չենք կիսում։ Ամենայն հարգանքով վերաբերելով ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ որոշումների կայացմանը մասնակից լինելու նրանց իրավունքներին, այդուհանդերձ քաղաքային իշխանության պարտքն է ռեֆորմներ և նույնիսկ ցավոտ որոշումներ կայացնելը, որոնք նպատակաուղղված են միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կայացմանը։ Ակնկալում ենք, որ այսուհետ առավել կառուցողական և փոխընբռնման միջավայրում կծավալվի մեր համագործակցությունը“։
“
