Ավարտվեց PSI համաշխարհային արհմիության համագումարը

Ավարտվեց PSI համաշխարհային արհմիության համագումարը

Հոկտեմբերի 12-ից 18-ը Շվեյացարական Ժնև քաղաքում անցկացվեց Հանրային ծառայությունների միջազգային արհմիության (Public Service international – PSI) համագումարը, որին ժամանել էին ավելի քան 700 պատվիրակներ 350 անդամ կազմակերպություններից՝ 120 պետություններից։ Հայաստանից Համագումարի պատվիրակ էին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և Հայաստանի առողջապահության աշխատողների արհմիության նախագահ Շուշան Պետրոսյանը։

Քառօրյա համագումարը, որն այս տարի ունի “Մարդիկ պետք է շահույթից վեր լինեն ճգնաժամերով լի աշխարհում” խորագիրը, մեկնարկեց Բրազիլական Սամբայի երաժշտական խմբի տոնական թմկահարությամբ և պարով։

PSI-ի նախագահ Դեյվ Պրենտիսը ողջունեց պատվիրակներին և դատապարտեց Գազայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում շարունակվող բռնությունները: Նա հարգանքի տուրք մատուցեց հանրային ծառայությունների աշխատակիցներին, ովքեր կորցրել են իրենց կյանքը COVID-19 համաճարակի ժամանակ։ Պրենտիսը նաև փառաբանեց PSI-ի գլխավոր քարտուղար Ռոզա Պավանելիի նվիրյալ աշխատանքը իր 11 տարվա պաշտոնավարման ընթացքում:

Անահիտ Ասատրյանը պատվիրակների շրջանում շրջանառեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ տեղի ունեցած աղետի և բռնի տեղահանման հետ կապված տեղեկատվությունը։

Գլոբալ Սկրաբ երգչախումբը, որը կազմված է բուժաշխատողներից՝ դոկտոր Էմմա Օ’Բրայենի գլխավորությամբ, բազմաթիվ լեզուներով ներկայացրեց «Կամուրջ անհանգիստ ջրի վրայով» ստեղծագործությունը:

Ժնևի քաղաքապետ Թիերի Ապոթելոզը ողջունեց պատվիրակներին Ժնևում՝ որպես սոցիալական երկխոսության և արհմիութենականության քաղաք: «Աշխատավորների իրավունքները հենց այն հիմքն են, որի վրա հիմնված է կայուն սոցիալական խաղաղությունը”, – նշեց նա:

Բացման խոսքում ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սելեստա Դրեյքը կոչ արեց ավելացնել ներդրումները որակյալ հանրային ծառայությունների մեջ: «Դուք ծառայություններ եք մատուցում, որոնք էական նշանակություն ունեն մեր համայնքների կյանքի, անվտանգության և առողջության համար, և, այնուամենայնիվ, ձեր էական արժեքը հաճախ չի արտացոլվում ձեր վարձատրության և աշխատանքի այլ պայմանների վրա», – ավելացրեց նա:

Դրեյքը նաև նշեց, որ ԱՄԿ-ի վերջին հետազոտությունները հաստատել են, որ բազմաթիվ բուժքույրեր և խնամքի աշխատողներ, որոնց մեծամասնությունը կանայք են, չունեն արժանապատիվ աշխատանքի հասանելիություն:

PSI-ի փոխնախագահ Ռիտա Մսիբին արձագանքել է հանրային ծառայողների համար արժանապատիվ աշխատանքին առաջնահերթություն տալու անհրաժեշտությանը: Նա նշեց, որ թեև որոշ երկրներում լիարժեք պաշտպանված են կոլեկտիվ բանակցությունների իրավունքը և միավորումների ազատությունը, այդպիսի երկրները դեռ քիչ են: Նա ընդգծեց, որ պետական ծառայողների իրավունքների խախտումը և ցածր վարձատրությունը բոլոր սերունդների համար խնդիր է եղել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Համագումարին ուղղված տեսաուղերձում նշեց առողջապահության և խնամքի աշխատողներին աջակցելու անհրաժեշտության մասին: Նա կոչ արեց երկրներին պաշտպանել այս աշխատողների հիմնարար իրավունքները. «ԱՀԿ-ն կոչ է անում բոլոր երկրներին պահպանել Առողջապահական անձնակազմի միջազգային հավաքագրման վերաբերյալ ԱՀԿ-ի գլոբալ պրակտիկայի կանոնակարգը և զերծ մնալ Support and Safeguard ցուցակի 55 երկրներից աշխատողների ակտիվ միջազգային հավաքագրումից»։

Համագումարի կարևոր իրադարձությունը PSI-ի նոր գլխավոր քարտուղար Դանիել Բերտոսայի և նոր նախագահ Բրիտտա Լեյոնի ընտրությունն էր։

Համագումարը բուռն ծափահարություններով ողջունեց նրանց՝ պաշտանովարումը սկսելու կապակցությամբ, միաժամանակ շնորհակալություն հայտնեց Ռոզա Պավանելիին և Դեյվ Պրենտիսին՝ կատարված աշխատանքի համար:

Համագումարի ընթացքում տեղի են ունեցան նաև բազմաթիվ պանելային քննարկումներ՝ ռեմունիցիպալիզացիայի, թվայնացման, խնամքի ոլորտի հետ կապված, ապագաղութացման և արհմիության իրավունքների հետ կապված։

Համագումարի վերջում Ռոզա Պավանելին հրաժեշտ տվեց մասնակիցներին, իսկ պանելային քննարկումները շարունակեցին քննարկել կլիմայական ճգնաժամի և հաշմանդամություն ունեցող անձնանց խնդիրները։

Համագումարի հետ մեկտեղ անցկացվեց նաև Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) գործադիր կոմիտեի նիստը։

%d bloggers like this: