Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 2023 թ․ սեպտեմբերի 26-ից 29-ը տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) Երիտասարդական ցանցի տարեկան հանդիպումը: Հանդիպմանը Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունից մասնակցում էին ցանցի անդամներ Արսեն Իգիթյանը և Մարինե Ստեփանյանը:
Հանդիպման ընթացքում այս տարի քննարկվեցին օրգանայզինգի (արհմիության անդամների կազմակերպման և ավելացման) խնդիրները, մասնավորապես՝ երիտասարդների շրջանում: Մասնակիցները սովորեցին օրգանայզինգի մեթոդները, ուսանողներին հավաքագրելու ձևերը, աշխատողների քարտեզագրումը և ակտիվացումը, փոխանակվեցին են լավագույն փորձով:
EPSU երիտասարդական ցանցի հանդիպման երկրորդ օրը քննարկումներ տեղի ունեցան երիտասարդության և ուսանողության շրջանում արդյունավետ օրգանայզինգի մասին:
Միացյալ Թագավորությունից արհմիությունը ներկայացրեց բժշկական ուսանողների շրջանում ակտիվացման և արհմիութենական հավաքագրման մեթոդները և լավագույն փորձը:
Իտալիայի պետական հիմնարկների արհմիությունը գործարկել է կայք, որտեղ տեղադրվում են պետական համակարգում թափուր պաշտոնների բոլոր մրցույթերը, տեղակայված է մրցույթների մասին անհրաժեշտ ինֆորմացիան, ուղեցույցներ, մրցույթների քննության սիմուլացիաներ:
Նորվեգիայում էլ արհմիությունները կամավորների և ուսանողների միջոցով ամեն տարի կազմակերպում են «ամառային պարեկ», երբ շրջում են տարբեր աշխատավայրերով, խոսում աշխատողների հետ, հարցնում նրանց խնդիրները, իրազեկում աշխատանքային օրենսդրության մասին:
Խմբային աշխատանքների միջոցով հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին արհմիություններում երիտասարդների ակտիվացմանն ուղղված տարբեր գաղափարների շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հաջորդ տարի կայանալիք EPSU համագումարը և դրանում երիտասարդական խնդիրների օրակարգերը։













