Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը Աշխատավորների համերաշխության օրը Երևանում կազմակերպեց մայիսմեկյան երթ՝ պահանջելով ժողովրդավար սոցիալական գործընկերություն, սոցիալապես արդար հարկային համակարգ, արժանապատիվ վարձատրություն, պետական ներդրումների ավելացում, հանրային ծառայությունների բարելավում, քաղծառայողների բազային վարձատրության ավելացում, սոցիալական փաթեթի տրամարդում համայքնային աշխատողներին։
Արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը խոսք ուղղեց երթի մասնակիցներին, անդրադառնալով օրվա խորհրդին, աշխատողների խնդիրներին։ Նա համոզմունք հայտնեց, որ արժանապատիվ աշխատանքի հասնելուն և աշխատողների իրավունքների ընդլայնելուն ուղղված արհմիությունների միասնական և հետևողական ջանքերը կտան իրենց արդյունքը։ Նա կարևորեց երկրում ժողովրդավարության կառուցումը, քանի որ դա միակ ճանապարհն է որոշումների ընդունմանը աշխատողներին մասնակից դարձնելու և նրանց ձայնը տեղ հասցնելու համար։
Արհմիության երթին միացավ նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) նախագահ Էլեն Մանասերյանը, որը նույնպես խոսք ուղղեց երթի մասնակիցներին։
Երթի մասնակիցները Ավետիք Իսահակյանի արձանի մոտից քայլեցին դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ։
Արհմիութենականները Մայիսմեկյան երթից հետո միասին գեղարվեստական ֆիլմ դիտեցին:

















