Տարածաշրջանային հարցերը քննարկվեցին EPSU նիստին

Տարածաշրջանային հարցերը քննարկվեցին EPSU նիստին

Ապրիլի 3-ից 4-ը տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) հյուսիս-արևելյան Եվրոպայի տարածաշրջանային նիստը, որին մասնակցում էին հանրային ոլորտի արհմիություններ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից և Լեհաստանից։ EPSU տարածաշրջանային նիստին Հայաստանից մասնակցում էին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և Հայաստանի առողջապահության աշխատողների արհմիության նախագահ Շուշան Պետրոսյանը։

Տարածաշրջանային նիստին քննարկվում էին EPSU անդամ արհմիություններում և մասնակիցների երկրներում աշխատանքային իրավունքների ու արհմիութենական խնդիրները, EPSU և PSI գալիք համագումարները, սոցիալական գործընկերության իրավիճակը։

Անահիտ Ասատրյանն իր ելույթում ներկայացրեց Լաչինի միջանցքի փակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որի պատճառով նաև Հայաստանում հետին պլան են մղվում մարդկանց իրավունքներն ու շահերը։ Նա նաև պատմեց Աշխատանքային օրենսգրքում և Արհմիությունների մասին օրենքում տեղի ունեցող բարեփոխումների, պետական ու համայնքային պաշտոնյաների կողմից արհմիությունների գործունեությանը միջամտելու փորձերի մասին։ Տեղեկացրեց արհմիությունների համար Իրական շահառուների հայտարարագրերի ներկայացման նոր պահանջի մասին, որն արհմիությունների համար հսկայական բյուրոկրատիկ, ադմինիստրատիվ և ֆինանսական բեռ է առաջացրել: Ընդ որում օրենսդրական այդ կարգավորումը չի քննարկվել արհմիությունների հետ։

Քննարկվեցին տարածաշրջանային այլ խնդիրները

Ուկրաինայի պետական ​​աշխատողների արհմիության նախագահ Յուրի Պիժուկը տեսազրույցի միջոցով նկարագրեց Ուկրաինայում աշխատողների և մարդկանց սարսափելի վիճակը Ռուսաստանի կողմից սանձազերծված ավելի քան մեկ տարի տևող ագրեսիայից հետո։ Ուկրաինական այլ արհմիությունները նույնպես ներկայացրեցին աշխատողների դիմադրությունը և ամենօրյա աշխատանքը՝ չնայած հարձակումներին և ռմբակոծություններին: Բուժաշխատողներն ու փրկարարներն ամենօրյա ռեժիմով փորձում են փրկել մարդկանց, այդ թվում՝ երեխաների կյանքերը։ Հաղորդվեց, որ ռուսական ФНПР արհմիություններն առգրավում են Ուկրաինայի արհմիութենական օբյեկտներն օկուպացված տարածքներում՝ հռչակելով դրանք իբրև ռուսական։ Ուկրաինայի արհմիությունները շնորհակալություն հայտնեցին գործընկերներին համերաշխության և մարդասիրական օգնության համար:

Բելառուսական SPB-Panacea արհմիության ներկայացուցիչները չկարողացան մասնակցել հանդիպմանը՝ բռնադատումների պատճառով։ Հանդիպման ընթացքում արհմիութենականներն իրենց համերաշխությունը հայտնեցին նրանց պայքարին և պահանջեցին ազատ արձակել արհմիությունների բանտարկված ղեկավարներին։

Համերաշխության այլ ուղերձներ ուղղված էին նաև կենսաթոշակային համակարգի բարեփոխման պատճառով ազգային գործադուլների մեջ գտնվող ֆրանսիացի աշխատողներին, ինչպես նաև Գերմանիայում գործող լեհական ընկերությունում աշխատող վրացի աշխատողների պայքարին:

Օրգանայզինգի հետ կապված հարցեր

Հանդիպման ընթացքում քննարկվում էին նաև հավաքագրման և կազմակերպման վերաբերյալ թեմաները։ Շատ երկրներում անդամակցության նվազման պայմաններում կարևոր խնդիր է զարգացնել արհմիությունները, հզորացնել աշխատավորներին և ձայնը լսելի դարձնել աշխատավայրերում, ոլորտներում, ինչպես նաև պետական, եվրոպական և գլոբալ մակարդակներում որոշումների կայացման մեջ։

Գալիք համագումարներ

Առաջիկայում սպասվում են մի քանի կարևոր համագումարներ, որոնցից առաջինը մայիսի 23-26-ը Բեռլինում կայանալիք ETUC (Եվրոպայի արհմիությունների կոնֆեդերացիայի) համագումարն է: EPSU-ն ներակայացրել է ոլորտների, տարածքների և գենդերային առումով հավասարակշռված պատվիրակություն։ ETUC ծրագիրը մեծապես հիմնված է լինելու հանրային ծառայությունների պաշտպանության և խնայողության քաղաքականության դեմ պայքարի թեմաների վրա: Ընդունվելու է նաև Արժեքների խարտիա և Բեռլինյան մանիֆեստ:

ITUC-ն՝ Միջազգային արհմիությունների կոնֆեդերացիան սեպտեմբերին կկազմակերպի արտահերթ համագումար՝ նոր գլխավոր քարտուղար ընտրելու համար, քանի որ արհմիությունները կորցրել են վստահությունը գործողի նկատմամբ՝ Կատարի հետ կապված սկանդալի հետևանքով:

PSI-ի՝ Հանրային ծառայությունների ինտերնացիոնալի համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 12-18-ը Ժնևում։ Այն կանդրադառնա մի քանի տարի պատրաստվող կանոնադրական փոփոխություններին, կընդունի իր գործողությունների ծրագիրը, կընտրի նոր նախագահ և գլխավոր քարտուղար, քանի որ Դեյվ Պրենտիսը և Ռոզա Պավանելին թոշակի են անցնելու:

Արհմիությունները պայմանավորվեցին, որ PSI Խորհրդում կներկայացվեն Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և Ուկրաինայի սոցիալական աշխատողների արհմիության փոխնախագահ Վասիլի Շիլովը։ Իրենա Պետրայթյենեն և Լեսիա Սեմենյական կշարունակեն աշխատել PSI-ի կանանց հանձնաժողովում:

Վերջապես, քննարկեց նաև EPSU համագումարի նախապատրաստությունը (2024թ. հունիսի 16-20) և գործողությունների ծրագրի և կանոնադրության փոփխությունները։ Արհմիությունները քննարկեցին կլիմայի փոփոխության ազդեցությունը, դրա լուծմանն ուղղված միջոցառումները և CO2-ի արտանետումները նվազեցնելու միջոցառումները։ Մտահոգություններ հնչեցին, որ որոշ կանաչ վերափոխման միջոցներ շատ արագ են ընթանում և դժվարացնում են երկրների հարմարվողականությունը: Քննարկվեց նաև անդամավճարների հարցը, ինչպես նաև համընդհանուր արհմիութենական արժեքներ չկիսող արհմիություններին EPSU անդամակցությունից հեռացնելու ընթացակարգերը։

Այլ հարցեր

Այլ հարցերի շրջանակներում քննարկվեցին Եվրապայում համընդհանուր գնաճը, խնամքի և առողջապահական ոլորտում աշխատուժի ոչ բավարար քանակը, EPSU գալիք միջոցառումներն ու դրանց ժամանակացույցը։ Ներկայացվեց արհմիություններում կանանց ներգրավվածության և գենդերային հավասարության հետ կապված հետազոտություն, ինչպես նաև որոշվեց շարունակել կոչ անել կառավարություններին արագացնել ԱՄԿ թիվ 190 Կոնվենցիայի վավերացման և ներդրման գործընթացները։ Որոշվեց հաջորդիվ EPSU տարածաշրջանային նիստ հրավիրել Ռիգայում։

EPSU տարածաշրջանային նիստ

EPSU տարածաշրջանային նիստ
  • EPSU տարածաշրջանային նիստ
%d bloggers like this: