Հուլիսի 4-ին տեղի ունեցավ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից կազմակերպված միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին ԵՄ – Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկման արդյունքները։ Միջոցառմանը մասնակցեց նաև CEPA համաձայնագրով ստեղծված քաղհասարակության հարթակի անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչ Արսեն Իգիթյանը։
ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ համատեղ մոնիտորինգը նախաձեռնել և ղեկավարել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբը, որի անդամներն ունեն Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և հանրային քաղաքականության իրականացման գնահատման և վերահսկման փորձ: Միջոցառումը միտված էր ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների, տարբեր կառույցների և հայաստանյան քաղաքացիական հասարակության գործընկերների ուշադրությանը ներկայացնելու մշտադիտարկման արդյունքները և զարգացնելու կառուցողական և արդյունավետ քննարկում։ Այս հանդիպումը երրորդն էր և այն նվիրված էր «սոցիալական արդարության վերականգնմանը կրթության ոլորտում և կրթության որակի ու հասանելիության ապահովմանը»:

