Հունվարի 25-ից 26-ը տեղի ունեցած հանդիպումն արդեն երրորդ տարածաշրջանային կոնֆերանսն էր, որն անցկացվում է EPSU-ի, Ոստիկանների եվրոպական Ֆեդերացիայի (EuroCOP) և Զինված ուժերի աշխատողների ֆեդերացիայի (EUROMIL) միասնական նախաձեռնությամբ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության աշխատակազմը։ Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող այս նախագծի սկիզբը դրվել է դեռևս անցած տարված մայիսին, և դրա նպատակն է հանրային ծառայություններում արհմիությունների իրավունքների պաշտպանությունն ու ընդլայնումը, մասնավորապես խոսքը գնում է կազմակերպվելու, բանակցելու և կոլեկտիվ գործողություններ իրականացնելու ֆունդամենտալ իրավունքների մասին։
Նախագիծը նաև մշտադիտարկում է Եվրամիության «Աշխատանքային պայմանների թափանցիկության և կանխատեսելիության մասին» դիրեկտիվը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են՝
- Դանիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Շվեդիայում հանրային ծառայություններում արհմիությունների իրավունքները;
- Եվրոպական սոցիալական երկխոսության զարգացումները՝ EPSU-ն ընդդեմ Եվրոպական հանձնաժողովի դատավարության համատեքստում;
- ԵՄ նշված դիրեկտիվի արտացոլումը ազգային օրենսդրություններում;
- Արհմիության իրավունքների պաշտպանության և ընդլայնման իրավական ռազմավարությունները;
- ԱՄԿ թիվ 151 կոնվենցիայի կարևորությունը հանրային ծառայությունում աշխատանքային հարաբերություններում
Հանրային ծառայություններում արհմիությունների իրավունքները
Գենտի համալսարանից Ալեքսանդր Բեքերը մեկնարկեց հանդիպումը՝ ներկայացնելով ԵՄ յոթ երկրներում իրավիճակը։ Նա նշեց, որ Սկանդինավյան երկրներում արհմիության ամուր իրավունքները վաղուց ավանդույթ են, իսկ Դանիայում և Շվեդիայում կոլեկտիվ պայմանագրերն ավելի հիմնարար տեղ են զբաղեցնում աշխատանքային հարաբերություններում, քան օրենսդրությունը։ Նա հայտնեց, որ Բալթյան երկրներում և Լեհաստանում իրողությունն այլ է՝ կապված միավորված աշխատողների ցածր խտությամբ և քաղծառայողների շրջանում կոլեկտիվ բանակցությունների հետ կապված որոշակի օրենսդրական սահմանափակումներով։ Այնուամենայնիվ, որոշակի դրական զարգացումներ են տեղի ունեցել Լիտվայում, որտեղ վերջին շրջանում ոլորտային կոլեկտիվ պայմանագրեր են կնքվել առողջապահության, սոցիալական խնամքի և այլ հանրային ծառայության ոլորտներում։
Նորվեգիայի ոստիկանության արհմիության ներկայացուցիչ Վեգար Մոնսֆալն ընդգծեց այն փաստը, որ թղթի վրա արտացոլված արհմիության իրավունքները ոչ միշտ են պահպանվում գործնականում, իսկ կառավարությունը կարող է միջամտել, որպեսզի կասեցնի այնպիսի կոլեկտիվ գործողությունները, որոնք կարող են սպառնալ կյանքին կամ ազգային անվտանգությանը։
Դանիայի ռազմական արհմիությունից Պոլ Սորենսոնը հարց բարձրացրեց, թե ինչպես կարող են արհմիություններն արդյունավետ լինել կոլեկտիվ բանակցություններում, եթե օրենքով գործադուլի հետ կապված զգալի սահմանափակումներ լինեն։ Նա բացատրեց, որ Դանիայի ռազմական արհմիության դեպքում նրանք ծ հանրային ծառայողների ավելի մեծ բանակցային խմբի մաս են կազմել, որոնց մեջ եղել են նաև արհմիություններ, որոնք ազատ են գործադուլի դուրս գալ։ Դա օգնել է արհմիությանն ավելի էֆեկտիվ լինել։
Լիտվայի արհմիություններից Դալիա Յակուտավիչեն ներկայացրեց Լիտվայի նոր աշխատանքային օրենսդրության որոշակի դրույթներ, մասնավորապես՝ կապված կոլեկտիվ գործողությունների հետ կապված։ Նա ասաց, որ օրենքը գործատուների համար իրավունք է նախատեսում ձեռնարկել մի շարք երկարատև իրավական պրոցեսներ, որոնք կարող ենք շաբաթներով, նույնիսկ ամիսներով հետաձգել գործադուլը։
Սոցիալական երկխոսությունը Եվրոպայի մակարդակով
EPSU-ի Նադյա Սալսոնը, ով պատասխանատու է ազգային և Եվրոպական մակարդակի պետական կառավարման մարմինների համար, խոսեց Եվրոպական սոցիալական երկխոսության և արհմիությունների իրավունքները ընդլայնելու պոտենցիալի մասին, մասնավորապես Սոցիալական Իրավունքների Եվրոպական Հիմնասյան կոնտեքստում։ Նա ներկայացրեց “EPSU-ն ընդդեմ Եվրահանձնաղովի” հայցադիմումի արդյունքները, որոնք Եվրահանձնաժողովին լիակատար ազատություն տալիս ընտրել, թե դիրեկտիվների կիրառման ընթացքում երբ հղվել սոցիալական գործընկերության պայմանագրերին։
Չնայած դատավճիռը հիասթափեցնող էր, այն կարևոր քննարկումների առիթ դարձավ։ Ներկայումս EPSU-ի և Եվրահանձնաժողովի հետ խորհրդակցություններ են ընթանում։ Նադյան այլ հնարավորություններ ներկայացրեց կապված Եվրոպական և ազգային մակարդակներում սոցիալական երկխոսության պայմանագրերը դիրեկտիվների և օրենսդրությունների վերածելու և սոցիալական երկխոսությունը ամրապնդելու հետ։
Արհմիության իրավունքների պաշտպանության իրավական ռազմավարություններ
Արհմիությունները հնարավորություն ունեն պաշտպանել իրենց ֆունդամենտալ իրավունքները՝ օգտագործելով միջազգային կազմակերպությունների անհատական և կոլեկտիվ իրավունքների խախտման հայցադիմումների մեխանիզմը․ դրանք են Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի հանձնաժողովը, որը զբաղվում է Եվրոպական սոցիալական խարտիայով։ ETUC -ից արհմիությունների և մարդու իրավունքների ավագ խորհրդատու Ստեֆան Կլաուվերտն պատմեց մի շարք իրավական ռազմավարությունների մասին։ Նա ընդգծեց Եվրոպական սոցիալական խարտիայի դերը որպես առավել օգտակար գործիք, քանի որ Եվրոպայի խորհուրդն ավելի շատ երկրներ է իր մեջ ներառում, քան Եվրամիությունը։ Ստեֆանը հայտնեց, որ շատ երկրներ այժմ պարտավոր են մինչև ապրիլ ամիսը Խարտիայի կատարման մասին հաշվետվություններ ներկայացնել, և դա հնարավորություն է ստեղծում կոորդինացնել հաշվետվությունը արհմիութենական Ֆեդերացիաների հետ։
ԱՄԿ 151 կոնվենցիա – հանրային ծառայություններում աշխատանքային հարաբերություններ
Չնայած, որ կազմակերպվելու և կոլեկտիվ բանակցելու վերաբերյալ ֆունդամենտալ իրավունքներն արդեն ամրագրված են ԱՄԿ 87 և 98 Կոնվենցիաներում, հանրային ծառայություններում աշխատանքային հարաբերությունների թիվ 151 կոնվենցիան մի շարք լրացուցիչ դրույթներ և իրավունքներ է սահմանում, որոնք կարող են օգնել արհմիություններին։ ԱՄԿ հանրային ծառայությունների փորձագետ Կառլոս Կարիոն Կրեսպոն առանձնացրեց կոնվենցիայի հիմնական հոդվածները։
Նա շեշտեց ԱՄԿ փորձագետների հանձնաժողովի այն դիրքորոշումը, ըստ որի կազմակերպվելու, կոլեկտիվ բանակցելու և գործադուլ անցկացնելու ֆունդամենտալ իրավունքից կարող են բացառվել միայն աշխատողների փորք խմբեր՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են պետության կառավարման համար։ Նա նաև նշեց, որ չնայած առանձին պետություններին է թողնված որոշել, թե արդյոք ներառվելու են զինվորական և ոստիկանության աշխատողները կոնվենցիայով սահմանված իրավունքներում, դա չի կարող արդարացում լինել նշված աշխատողներին այդ իրավունքներից զրկելու համար։
Լիտվայի պետական աշխատողների արհմիությունից Իռենա Պետրայնեն պատմեց, որ իրենց արհմիությունը տևական ժամանակ է հորդորում է կառավարությանը ռատիֆիկացնել Կոնվենցիան, սակայն դեռևս ապարդյուն։