Հոկտեմբերի 25-ին և 26-ին Բրյուսել քաղաքում, Արհմիությունների միջազգային տանը (ITUH) տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) գործադիր կոմիտեի 69-րդ նիստը, որին ներկա էր նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը՝ որպես EPSU գործադիր կոմիտեի անդամ։
Նիստին արհմիության ղեկավարները քննարկեցին սպառողական ծախսերի ճգնաժամի ազդեցությունն աշխատողների վրա: Էներգիայի սակագների բարձրացումը և ահռելի գնաճը նվազեցնում են հանրության գնողունակությունը, այսպիսով, շատ աշխատողներին կանգնեցնելով ծանր խնդիրների և դժվար ընտրությունների առաջ: Այդ իսկ պատճառով Գործադիր կոմիտեն հավանություն տվեց կառավարություններին ուղղված 6 կետանոց հրատապ պահանջ-ծրագրին։ Այն ներառում է՝
- Վարձատրության բարձրացում կոլեկտիվ բանակցությունների միջոցով
- Արհմիությունները պահանջում են կառավարություններից աջակցել աշխատողներին, որոնք դժվարանում են վճարել բարձր էներգիայի գները, բնակարանների վարձակալության վճարները և հայթայթել ամենօրյա սնունդը։ EPSU-ն համարում է, որ սնունդը, տաք բնակարանը և ջուրը մարդու իրավունքներ են և այդ իրավունքները պետք է պաշտպանված լինեն։ EPSU համագործակցում է «Էներգիայի իրավունք կոալիցիա» կազմակերպության հետ՝ պահանջելով անօրինական դարձնել էներգիայի անջատումները, ինչը նաև Եվրոպայի արհմիությունների կոնֆեդերացիայի ծրագրում է ներառված։
- Հրատապ կերպով սահմանել գնային առաստաղներ էներգիայի սակագների համար։ Պահանջվում է հարկել էներգետիկ ընկերությունների գերշահույթը, իսկ նավթագազային կորպորացիաների բաժնետերերին դիվիդենտներ տալու փոխարեն վարձատրել աշխատողներին։
- Եվրոպայի արհմիությունների կոնֆեդերացիան կոչ է անում ազգային և եվրոպական հակաճգնաժամային աջակցության միջոցները կիրառել՝ պաշտպանելու արդյունաբերության, ծառայությունների և պետական հատվածում եկամուտներն ու աշխատատեղերը, այդ թվում՝ պետական ներդրումներ անելով «արդար անցումն» ապահովելու համար և Եվրամիության “SURE” մեխանիզմին համանման միջոցառումները ձեռնարկելով։
- ԵՄ էներգետիկ շուկայի բարեփոխումը EPSU-ի վաղեմի պահանջն է, որը գնալով ավելի կարևոր է դառնում՝ գիտակցելով, որ էներգետիկան պետք է լինի հանրային բարիք: Անհրաժեշտ են պետական ներդրումներ՝ ճգնաժամի հիմնական պատճառները լուծելու, կանաչ էներգիան զարգացնելու և սեփականաշնորհման հետևանքները մեղմելու համար:
- Արհմիությունները պետք է ազգային կառավարությունների ծրագրերի մշակման ու ներդրման անբաժանելի մասը կազմեն սոցիալական երկխոսության միջոցով։
Գործադիր կոմիտեն ողջունեց EPSU-ի անդամակցության հայտ ներկայացրած երեք նոր արհմիություններին, որոնք միավորում են հրշեջ և անվտանգության ծառայողներին։
Նիստին քննարկվեցին այլ հարցեր, ինչպիսիք են՝
- Որոշ արհմիությունների անդամակցությունը կասեցվեց անդամավճարներ չվճարելու պատճառով
- Հաստատվեց 2023 թվականի բյուջեն
- Հավանություն տրվեց 2024 թվականի Համագումարի աշխատանքային խմբերին և 2024-2029 թվականների Ծրագրին
- Հավանություն տրվեց ETUC գործողությունների ծրագրին
- Քննարկվեց ինչպես օգտագործել կոլեկտիվ բանակցությունները Մինիմալ Աշխատավարձի մասին ԵՄ դիրեկտիվի հետ կապված
- Քննարկվեց 2023 թվականին պլանավորված օրագանայզինգի և անդամների հավաքագրման հետ կապված աշխատանքները
- Քննարկվեց հեռավար աշխատանքի հետ կապված պետական գործատուների հետ կնքված կոլեկտիվ պայմանագիրն ու դրա հետ կապված աշխատանքը
ինչպես նաև այլ ընթացիք հարցեր։
