2021թ․ մարտի 15-ից 26-ը Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության ներկայացուցիչներ Անահիտ Ասատրյանը և Արսեն Իգիթյանը, Հանրային ծառայությունների ինտերնացիոնալի (Public Service International – PSI) պատվիրակության կազմում հեռավար կերպով մասնակցեցին ՄԱԿ-ի Կանանց իրավիճակի Հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի (CSW65) մի շարք միջոցառումներին։ Նստաշրջանի այս տարվա թեման է՝ «Կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը հանրային կյանքում որոշումների ընդունմանը, ինչպես նաև գենդերային հավասարության ու բոլոր կանանց և աղջիկների առաջխաղացման նպատակով բռնության վերացումը»:
ՄԱԿ-ի Կանանց իրավիճակի հանձնաժողովը (CSW) հիմնարար գլոբալ միջկառավարական մարմին է, որը ստեղծվել է 1946 թվականին՝ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական Խորհրդի (ECOSOC) կազմում, իսկ այնուհետև վերածվել է ինքնուրույն մարմնի։ Դրա հիմնական նպատակը գենդերային հավասարության ու կանանց իրավունքների առաջխաղացման հետ կապված միջազգային ստանդարտների ու քաղաքականության մշակումն է։ Սկսած 1996 թվականից Հանձնաժողովի ամենահիմնական գործառույթներից մեկը դարձել է գենդերային հավասարության վերաբերյալ կարևորագույն գլոբալ փաստաթղթի՝ Պեկինի դեկլարացիայի մշտադիտարկումն ու կիրառումն է։ Ամեն տարի, Հանձնաժողովի նստաշրջանի վերջնական արդյունք է Հանձնաժողովի «Համաձայնեցված եզրակացությունները», որը օրենսդրական շրջանակներ ու հանձնարարականներ պարունակող պաշտոնական փաստաթուղթ է։
CSW ամենամյա նստաշրջանը տեղի է ունենում Նյու-Յորքում, ՄԱԿ-ի գրասենյակում մարտ ամսին՝ Կանանց միջազգային օրվա շրջանակներում։ Նստաշրջանը բաղկացած է լինում պաշտոնական միջոցառումներից, որին մասնակցում են Հանձնաժողովի անդամները՝ ՄԱԿ-ի անդամ պետությունները։ Պաշտոնական միջոցառումների զուգահեռ տեղի են ունենում համատեղ միջոցառումներ, որոնք կազմակերպում են առանձին պետությունները, և զուգահեռ միջոցառումներ, որոնք կազմակերպում են քաղաքացիական հասարակությունները։ Այս տարի համավարակի պատճառով նստաշրջանը անցկացվեց հեռավար։
Նստաշրջանին, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ավանդաբար մասնակցում են նաև աշխարհի գլոբալ ու միջազգային արհմիությունները, ներառյալ Հանրային ծառայությունների Ինտերնացիոնալը, որի պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության ներկայացուցիչները։
Արհմիությունները մասնակցեցին նստաշրջանի մի շարք միջոցառումներին, որոնց ընթացքում քննարկվեցին սոցիալական և առողջապահական ոլորտում աշխատող կանանց հիմնախնդիրները համավարակի ընթացքում, COVID-19 համավարակը հաղթահարելու ընթացքում քաղաքական որոշումներին կանանց մասնակցությունը, կանանց իրավունքներին առավել համապատասխանող հարկային քաղաքականության անհրաժեշտությունը, ոչ ֆորմալ և տնային աշխատանքի խնդիրները, հանրային ծառայությունների խնդիրներն ու կոշտ խնայողության քաղականության հետևանքները, բռնության վերացման վերաբերյալ միջազգային կոնվենցիաների վավերացման կարևորությունը, եկամուտների հավասար բաշխման հետ կապված իրավիճակը։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչները մասնակցեցին նաև Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպված «Պատերազմի և պատերազմի հետևում», որի մասին, ինչպես նաև արհմիության դիրքորոշման մասին կարող եք ծանոթանալ այստեղ։
Նստաշրջանին մասնակցող արհմիությունները բացի զուգահեռ միջոցառումներից, իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում համաձայնեցված եզրակացությունների մշակմանը՝ մասնակցելով դրա տեքստի մշակման հետ կապված բանակցություններին և ներկայացնելով արհմիությունների առաջնահերթությունները։
Միջոցառումների շրջանակներում «ՄԱԿ-Կանայքը» (UN Women) և Հանրային ծառայությունների ինտերնացիոնալը (PSI) հայտարարություն են տարածել՝ խստորեն դատապարտելով Թուրքիային՝ «Ստամբուլյան կոնվենցիայից» դուրս գալու կապակցությամբ և կոչ անելով անհապաղ վերանայել որոշումը։ Թուրքիայի ղեկավարության որոշումը ևս մեկ քայլ է քաղաքակիրթ աշխարհից հեռանալու։
PSI-ը հանդես է եկել նաև «Խնամքի սոցիալական կազմակերպումը վերակառուցելու Մանիֆեստով», որի նպատակն է ճանաչել խնամքի ու տնային աշխատանքի (վարձատրվող և չվարձատրվող) սոցիալական ու տնտեսական արժեքը, ինչպես նաև խնամքի իրավունքը։ PSI-ը հրավիրում է բոլորին, հատկապես քաղհասարակության ներկայացուցիչներին ստորագրել Մանիֆեստը։

