Մարտի 1-ին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ Ինչպես նշում է նախարարությունն իր Ֆեյբուքյան էջում և Նախագծի հիմնավորման մեջ, նախագծով «նախատեսվում է 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել, որի չափը կսահմանվի Կառավարության կողմից»։
Իրականում, սակայն, նախագծով չի նախատեսվում հավելման տրամադրում, քանի որ նախագծով առաջարկված տարբերակով համապատասխան հոդվածում առկա է «կարող է տրվել հավելում, որի չափը կսահմանվի Կառավարության կողմից» ձևակերպումը։ Այդպիսի ձևակերպումը որևէ կերպ չի պարտադրում Կառավարությանն իրականում սահմանել հավելում։
Նշվածի առնչությամբ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը առաջարկություններ է ներկայացրել օրենքի Նախագծի վերաբերյալ, նշելով, որ հարկավոր է «կարող է տրվել հավելում» ձևակերպումը փոխարինել «տրվում է հավելում» ձևակերպմամբ, որպեսզի նշված Նախագծով առաջարկվող օրենքն իսկապես ապահովի հավելումների սահմանումը։ Մեր առաջարկությունները հրապարակված են e-draft համակարգի ամփոփաթերթում։
Օրենսդրական նախագծի հեղինակը, սակայն, չի ընդունել առաջարկությունը, հիմնավորելով, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ըստ այդմ, նախագծով նախատեսվում է Կառավարությանը վերապահել 90 տարեկանից բարձր տարիքի անձանց կենսաթոշակին հավելում տալու լիազորություն»։
Փաստորեն, շրջանառվում է օրենսդրական նախագիծ, որով ընդամենը թույլ է տրվում կառավարությանը ցանկության դեպքում հավելում տալ 90-անց թոշակառուներին, սակայն պարզ է, որ հավելումը կարող է և չտրվել։ Առաջարկելով տվյալ փոփոխությունը՝ հայտարարվում է, որ օրենքը հավելում է նախատեսում։ Քանի որ, նշված կետը Նախագծի հիմնական փոփոխություններից մեկն է, համարում ենք, սա աշխատանքի իմիտացիա, այլ ոչ թե բարեփոխում․ շրջանառության մեջ դրված նախագիծը իրականում ոչ մի կոնկրետ բան չի երաշխավորում։
Չեն ընդունվել նաև մեր ներկայացրած այլ առաջարկությունները։