Հունվարի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման e-draft համակարգում հրապարակել է «Տոների և հիշատակի oրերի մաuին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում է չեղարկել Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների մեծ մասը։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն այսօր իր դիտողություններն ու բացասական կարծիքն է հրապարակել նախագծի վերաբերալ, որոնք ներկայացված են ստորև։ Դրանք շուտով հասանելի կլինեն նաև օրենքի նախագծի ամփոփաթերթում։
ԴԻՏԱՐԿՈՒՄ 1
Նախագծով համեմատության մեջ են դրվում երկու կատեգորիաներ՝ պետական տոները և աշխատողների ամենամյա արձակուրդը։ Տոները (և հիշատակի օրերը) հանրային, ազգային, մշակութային, կրոնական, պատմական կամ պետական նշանակության իրադարձությունը կամ ավանդույթը նշելու ու դրան հարգանքի տուրք մատուցելու համար ընտրված օրեր են։ Պետության կողմից այդ օրերի հռչակումը միտված է պետական մակարդակով կարևորելու տվյալ տոնի հետ կապված մշակութային ու ազգային բովանդակությունը։ Պետական տոները հռչակվում են ոչ թե աշխատողներին արձակուրդ տալու, այլ վերը նշված տրամաբանությամբ։ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ տոներ և հատուկ նշանակության օրեր, որոնք հանդիսանում են աշխատանքային օրեր։ Ոչ աշխատանքային են համարվում տարվա մեջ տոների փոքր մասը միայն, այն պատճառով, որ դրանք ունեն ավելի կարևոր մշակութային ու պետական նշանակություն։ Նախագիծն առաջարկում է վերացնել թե՛ տեղական, թե՛ համաշխարհային մշակույթի առումով կարևորագույն նշանակության տոներ, որոնցից են Ամանորը, որը պատմականորեն ու ավանդաբար Հայաստանում և աշխարհի երկրների մեծ մասում ներառում է Ամանորի նախօրեն (New Year՛s Eve), որը նշվում է դեկտեմբերի 31-ին, և, ի դեպ, ոչ աշխատանքային օր է հանդիսանում մի քանի տասնյակ երկրներում։ Հայաստանում, ինչպես և մյուս հետխորհրդային երկրներում Նոր տարին մեծ շուքով է նշվում։ Հայտնի է, որ Խորհրդային միությունը վարում էր հակակրոնական քաղաքականություն և այդ պատճառով մեծ նշանակություն էր տվել հենց Ամանորին՝ հակադրելով այն Սուրբ Ծննդյան տոներին։ Խորհրդային միության փլուզումից հետո այդ ավանդույթները դեռ պահպանվում են և Հայաստանում շատ դեպքերում Նոր տարվա տոնն ավելի է կարևորվում, քան Սուրբ Ծննդյան տոները: 2009 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված օրենքով պետական տոներ հռչակվեցին Ամանորը, Նախածննդյան օրերը և Սուրբ ծնունդը։ Դրանով կարևորվեց Աստվածահայտնության օրը կամ Քրիստոսի ծննդյան տոնը, որը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները։ Այդ օրենքով Հայաստանը միացավ ամբողջ քրիստոնեական աշխարհին և սկսեց տոնել Քրիստոսի ծննդյան տոնը։ Իսկ տոների տևողությունը սահմանվեց 31-ից մինչև 7-ը շատ պարզ պատճառով․ այդ որոշումով Հայաստանի Հանրապետությունը նպատակ դրեց վերահաստատել Սուրբ Ծննդյան տոների կարևորությունն ու ինտեգրել այն հասարակության գիտակցության մեջ։
Այժմ առաջարկվում է վերադառնալ նախկին մշակույթին և վերացնել Նախածննդյան տոները, որոնք իրենց մեջ ներառում են տարվա մեջ ամենակարևոր օրերից մեկը՝ Ճրագալույցը (Christmas Eve): Քրիստոնեական աշխարհում չորս տասնյակից ավելի երկրներում Ճրագալույցը (դեկտեմբերի 24-ը) բացի տարվա ամենահիմնական տոնը լինելուց, նաև ոչ աշխատանքային օր է։ Ոչ քրիստոնեական շատ երկրներում այն ևս տոնում են, քանի որ Ծննդյան տոները վաղուց մշակութային ֆենոմեն են և քաղաքակիրթ աշխարհի ինքնության կարևորագույն ու անբաժան մասնիկն են կազմում։ Սուրբ Ծննդի օրվա հաջորդ օրը Եվրոպական տարածաշրջանի երեք տասնյակ երկրներում նշվում է և ոչ աշխատանքային օր է հանդիսանում «Boxing day»-ը, որն իր խորհրդով նման է հայկական հետ-Ծննդյան մեռելոցին։ Վերացնելով Ծննդյան տոների և Ամանորյա տոների ամբողջականությունը՝ Հայաստանը հեռացվում է միջազգային հանրությունից ու զրկվում մշակութային, կրոնական ու քրիստոնեական ինքնությունից։
Անթույլատրելի ենք համարում տնտեսական բնույթի հիմնավորումներով վերացնել պատմականորեն ազգային կենցաղի ու մշակույթի անբաժանելի մաս դարձած, ինչպես նաև Հայաստանի՝ միջազգային համայնքին պատկանելիությունն ապահովող տոները։
Հարկ է նշել, որ միայն օրենսդրությամբ չէ, որ տոներն առաջանում կամ անհայտանում են։ Հանրությունը միևնույն է շարունակելու է նշել մշակույթի կարևորագույն մաս կազմող Ամանորի նախօրեի, Նախածննդյան ու Հետծննդյան օրերը, նույնիսկ, եթե դրանք պաշտոնապես լինեն աշխատանքային։ Դա պարզապես բերելու է աշխատանքային հարաբերություններում լրացուցիչ բարդությունների, իսկ աշխատանքի արդյունավետությունը դրանից չի բարձրանալու, եթե ոչ հակառակը։
ԴԻՏԱՐԿՈՒՄ 2
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին»։ Սակայն, նույն կերպ, նշված թիվը նաև չի գերազանցում այլ՝ ոչ պակաս զարգացած և զարգացող երկրների թվին։ Վճարվող ոչ աշխատանքային օրերի թվով Հայաստանը բնավ չի հանդիսանում առաջատար և գտնվում է միջին հորիզոնականներում։ Ուստի, այս փաստարկը համոզիչ չէ։
ԴԻՏԱՐԿՈՒՄ 3
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ տոների գոյությունն ազդեցություն է թողնում տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։ Նման պնդումը մանիպուլյատիվ է։ Աշխարհի բոլոր երկրներում գոյություն ունեն բազմաթիվ տոներ, և երկրների մեծ մասում տարվա մեջ գոնե մեկ անգամ սովորականից ավելի երկարատև տոներ են նշում։ Այսպես, Եվրամիության երկրներում, արևմտյան աշխարհում և այլ քրիստոնեական երկրներում ծննդյան տոներից (դեկտեմբերի 24, 25 և 26) մինչև ամանորյա տոների ավարտը (դեկտեմբերի 31, հունվարի 1 և 2) փաստացի հանգստյան օրեր են, եթե նույնիսկ պաշտոնապես դեկտեմբերի 27, 28, 29 և 30-ը չեն նշված որպես ոչ աշխատանքային։ Հատուկ օրենքներով կամ կոլեկտիվ պայմանագրերով նշված ժամանակահատվածի համար փաստացի 10 օրից ոչ պակաս հանգստյան օրեր են սահմանված, օրինակ՝ Եվրոպական երկրների պետական համակարգերում։ ԵԱՏՄ տարածաշրջանի մաս կազմող և Հայաստանի հետ ամենաշատ առևտրային ու գործընկերային պայմանագրեր ունեցող Ռուսաստանի Դաշնությունում հունվարի 1-ից 8-ը տոներ են։ Հայաստանի առևտրային գործընկերների եռյակի մեջ մտնող Չինաստանում, հունվար կամ փետրվար ամիսներին առնվազն մեկ շաբաթ տևողությամբ նշվում է չինական Նոր տարին և այդ օրերը ոչ աշխատանքային են։ Նույնը կարելի է ասել Իրանում մարտ ամսին նշվող Նովրուզի, մայիսին Ճապոնիայում նշվող «Ոսկե շաբաթի» («Golden Week») մասին։ Միջին արևելքի բազմաթիվ երկրներ ուիքենդ են ունենում ոչ թե շաբաթ-կիրակի, ինչպես մեզ մոտ, այլ ուրբաթ և շաբաթ օրերին։ Յուրաքանչյուր երկիր ունի իր ինքնիշխանությունը, սեփական մշակույթն ու պետական տոները, որոնք չեն համընկնում մյուս երկրների հետ, և դրանք չեն սահմանվում ըստ միջազգային պայմանագրերի, համաշխարհային ֆինանսական հոսքերի ու արտաքին առևտրի։ Հայաստանի Հանրապետությունը ևս չպետք է չեղարկի իր կարևորագույն տոները ինչ-որ համաշխարհային աշխատանքային օրակարգի համապատասխանելու համար, մանավանդ, որ այդպիսին գոյություն չունի։ Բացի այդ, քաղաքակիրթ և գրագետ հասարակություններում ընդունված է աշխատանքային հարաբերությունների և միջազգային գործընկերությունների հետ կապված գործառույթները հասցնել կատարել աշխատանքային օրերին, և հարգանքով վերաբերվել թե՛ սեփական, թե՛ այլոց տոներին ու մշակույթին։ Այս նախագծով բիզնես աշխարհին վերաբերվող գլոբալ խնդիրներն ինչպես միշտ փորձ է արվում բարդել աշխատողների վրա։
Նույն տրամաբանությամբ կարելի է նաև աշխատանքային ժամերը սահմանել 24 ժամ, քանի որ այլ երկրներում այլ ժամային գոտիներ են, և դրանց աշխատանքային օրը չի համընկնում մեր աշխատանքային ժամերի հետ։
Մի քանի օր տևող տոները դրական նշանակություն ունեն, քանի որ հնարավորություն են տալիս աշխատողներին իրենց հանգիստն անցկացնել ընտանիքի հետ, ճանապարհորդել, օգտվել ժամանցի և զվարճանքի ծառայություններից։ Երբ 2009 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը սահմանվեցին Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներ, Հայաստանյան հյուրանոցները, հանգստյան տներն ու առողջարանները սկսեցին առաջարկել Ամանորյա 5-6-7-օրյա հանգստյան փաթեթներ, ինչը զգալիորեն խթանեց ներքին տուրիզմը։ Ակնհայտ է, որ նշված օրերն աշխատանքային դարձնելը բացասաբար կազդի նաև այդ ոլորտի վրա։ Պետք է հաշվի առնել նաև, որ տոները հնարավորություն են տալիս աշխատողներին վերականգնվել և հետագայում աշխատել ավելի արդյունավետ։
ԴԻՏԱՐԿՈՒՄ 4
Նախագիծը հղում է անում տնտեսության ոլորտների կողմից գեներացված ՀՆԱ-ին, որով գնահատվում է հունվար ամսվա ընթացքում ոլորտների օրական թողարկման ծավալը։ Նման մեթոդաբանությամբ հիմնավորումը մակերեսային է, քանի որ ենթադրում է, թե նշված տնտեսական ոլորտները թողարկման ծավալ են ապահովում միայն աշխատանքային օրերին։ Մինչդեռ, նշված ոլորտներից ամենախոշորները՝ առևտուրն ու ծառայությունները, ինչպես նաև՝ արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտի մի շարք ճյուղեր (օրինակ՝ սննդի արդյունաբերությունը) աշխատում են նաև ոչ աշխատանքային օրերին։ Ավելին, այդ ճյուղերը ոչ աշխատանքային օրերին սովորաբար աշխատում են ավելի մեծ ծավալով, հաշվի առնելով, որ տոնական և հանգստյան օրերով պայմանավորված՝ հանգստի, ժամանցի, հյուրանոցային, ռեստորանային ոլորտների պահանջարկն ավելանում է։ Պայմանավորված ամանորյա տոներով՝ տնտեսության նշված ճյուղերի (առևտուր, ծառայություններ) թողարկման ծավալը զգալիորեն աճում է նաև դեկտեմբեր ամսին։ Նույնը վերաբերում է նաև արտաքին առևտրին։ Վերը նշվածի վերաբերյալ Նախագծում համապարփակ վերլուծություններ արված չեն։ Շատ ոլորտներ աշխատում են անկախ ոչ աշխատանքային օրերից, դրանք են՝ էներգետիկան, հեռահաղորդակցությունը, հանրային ու համայնքային ծառայությունները (այդ թվում՝ տրանսպորտը), բժշկական ծառայությունները, առևտուրը, սպասարկման, առցանց և թվային ծառայությունները։ Այսպիսով, որևէ համոզիչ վերլուծություն առ այն, որ ոչ աշխատանքային օրերը զգալի կերպով և բացասաբար անդրադառնում են տնտեսության վրա բերված չէ։ Բնակչության և աշխատողների սոցիալական, աշխատանքային, մշակութային ու կենցաղային իրավունքներին առնչվող օրենքի նախագիծը հիմնավորվում է մոտավոր ու մակերեսային գնահատականներով։
ԴԻՏԱՐԿՈՒՄ 5
Համաձայն նախագծի հիմնավորման, տոները չեղարկելու դեպքում տարվա մեջ ավելանալու է 5 լրացուցիչ աշխատանքային օր։ Սակայն տվյալ պնդումն իրականությանը չի համապատասխանում, քանի որ շաբաթվա երկու օրը հանգստի օրեր են (շաբաթ և կիրակի)։ 2021 – 2031 թթ․ ընթացքում վերոնշված տոները չեղարկելու դեպքում միայն երկու տարում է ավելանալու 5 աշխատանքային օր։ Տարիների մեծ մասում ավելանալու է ընդամենը երեք աշխատանքային օր, և ընդամենը երկու անգամ՝ 4 օր։ Այսպիսով, տասը տարվա կտրվածքով, Նախագիծը բերելու է ընդամենը միջինում 3․6 աշխատանքային օրվա ավելացման, հետևաբար բերված հաշվարկները իրականությանը չեն համապատասխանում։
ԴԻՏԱՐԿՈՒՄ 6
2020թ․ հոկտեմբերի սկզբին Վարչապետի, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Գործատուների հանրապետական միության միջև կնքվել է աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր։ Պայմանագիրը սահմանում է, որ աշխատանքային օրենսդրության և իրավունքների հետ կապված էական նշանակություն ունեցող իրավական ակտերի նախագծերը պետք է ներկայացվեն վերը նշված Պայմանագրով ստեղծված Հանրապետական եռակողմ հանձնաժողովի կարծիքին, ինչը տեղի չի ունեցել։ Խախտվել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը։ Կոլեկտիվ պայմանագիրը ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական գործընկերության կարևորագույն գործիք է, որն իր հերթին հանդիսանում է ժողովրդավարության հիմնասյուներից մեկը։ Այնինչ, իրեն «ժողովրդի իշխանություն» հռչակած հեղափոխական իշխանությունը, ցավոք, շարունակում է խախտել սոցիալական գործընկերությունն ու օրենքներ ընդունել ոչ թափանցիկ, և բռնապետություններին հարիր ոճով։ Հետևաբար, սույն Նախագծի հետ կապված գործընթացը պետք է կասեցվի, մինչև որ անցկացվի դրա քննարկումը Հանրապետական եռակողմ հանձնաժողովում։
ԴԻՏԱՐԿՈՒՄ 7
Նախագծի անհրաժեշտությունը հիմնավորվում է միայն մաքուր տնտեսական վիճակագրության և Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)՝ կոնտեքստից կտրված տոկոսների տեսանկյունից` հաշվի չառնելով բազմաթիվ այլ ցուցանիշներ։ Նման մոտեցումն իրեն չի արդարացրել։ Սկսած անցած դարի 70-ականներից՝ տնտեսական աճի և անհատների եկամուտների աճի միջև կապը խզվել է, և վերջին տասնամյակների ընթացքում տնտեսական միտքը հանգել է նրան, որ ՀՆԱ-ն այլևս տնտեսական հաջողության, հանրային բարօրության և կյանքի որակի չափման համար բավարար ցուցանիշ չի կարող հանդիսանալ։ ՀՆԱ-ն իր մեջ արտացոլում է միայն տնտեսության ոլորտների կողմից ստեղծած արդյունքները, սակայն անտեսում է բազմաթիվ այլ ցուցիչներ, որոնք էական նշանակություն ունեն պետության զարգացման ու հանրության կյանքի բարելավման մեջ։ ՀՆԱ-ի հաշվարկից դուրս են մնում հանրության սոցիալ-տնտեսական առաջադիմության, լավ կառավարման, մարդկային զարգացման, ոչ ավանդական տնտեսական ակտիվության, ոչ ֆորմալ տնտեսության, ոչ ֆորմալ զբաղվածության, եկամուտների անհավասար բաշխման, և ի վերջո՝ հենց տնտեսության գործունեությունից բխող վնասակար հետևանքերի մասին տվյալները, այնինչ, նշվածները շատ ավելի մեծ կարևորություն ունեն տնտեսության զարգացվածության մակարդակը հասկանալու պրոցեսում, քան առանձին վերցրած վիճակագրական թվերը։ Այդ իսկ պատճառով, տնտեսական իրական զարգացման մակարդակը գնահատելու համար վերջին տասնամյակներում օգտագործում են նաև այլ բնութագրական արժեքներ, օրինակ՝ մարդկային զարգացման ինդեքսը (HDI), մարդկային կապիտալի ինդեքսը (HCI), սոցիալական առաջադիմության ինդեքսը (SPI)։ Տնտեսությունն ինքնուրույն որևէ կենսական հարց չի լուծում, ավելին, տնտեսագիտական մի շարք տեսությունների պնդմամբ՝ զուտ տնտեսական աճի վրա կենտրոնացումը բերելու է միմիայն անհավասարության աճի։ Ժամանակակից աշխարհում պետության դերը նրանումն է, որ ապահովի նախևառաջ որակյալ, կենսակայուն տնտեսություն և այն ծառայեցնի հանրության շահին, այլ ոչ թե պարզապես ապահովի տնտեսության քանակական ցուցանիշների աճ։ Կառավարության վերջնական նպատակը պետք է լինի բարեկեցիկ և արդար հասարակության ստեղծումը, որը կլինի տնտեսապես առաջադեմ, կայուն և քաղաքացիներին կապահովի կյանքի իմաստալից որակով։ Այսպիսով, կոնտեքստից կտրված տնտեսական ցուցանիշներն ու ՀՆԱ-ի աճի տոկոսներն իրական աշխարհում գրեթե առնչություն չունեն միջին վիճակագրական քաղաքացու կյանքի որակի հետ, և իրապես զարգացած ու առաջադեմ տնտեսություն, ինչպես նաև հանրության բարօրություն ապահովելու համար անհրաժեշտ են բազմակողմանի մոտեցումներ։
Հայաստանում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ ոչ-ֆորմալ (ստվերային) տնտեսությունը կազմում է 36%, որն ԱՊՀ տարածքում ամենաբարձր ցուցանիշներից է։ Ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանում հասնում է 46% -ի՝ ըստ համաշխարհային բանկի կողմից հրապարակված 2019թ․ զեկույցի։ Բացի այդ, Հայաստանն աշխարհում «առաջատարներից» է գործազրկության և աղքատության մակարդակներով։ Հայաստանի Հանրապետությունում մինչ այժմ սահմանված չէ living wage (ապրելու աշխատավարձ) հասկացությունը, չկա մինիմալ աշխատավարձի ձևավորման սկզբունք։ Բացակայում են կամ կայացած չեն աշխատանքային հարաբերությունների վերահսկման մեխանիզմները, ինչի հետևանքով հսկայական թվով աշխատողների պատշաճ չի տրամադրվում նրանց հասանելի ամենամյա արձակուրդը, չի պահպանվում աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատաժամանակը, չեն կատարվում արտաժամյա վճարումները։ Այստեղ նույնիսկ չենք անդրադառնում այնպիսի երևույթներին, ինչպիսիք է անորոշ աշխատանքը (precarious work): Նշվածները կարևորագույն ցուցանիշներ են տնտեսապես զարգացած պետություն ունենալու համատեքստում, և այս խնդիրների վերացումը զգալիորեն կավելացնի թե՛ տնտեսական ցուցանիշները, և թե՛ պետական եկամուտները։ Հիմնախնդիրները թողած՝ կառավարությունը փորձում է տարվա մեջ երեքուկես աշխատանքային օր ավելացնելով լուծել տնտեսական խնդիրներ, ինչը, դարձյալ, որոշակի նեղ շրջանակների շահերի սպասարկում է աշխատող մարդկանց հաշվին, և ոչ արհեստավարժ մոտեցում։
Pingback: Կառավարությունն այնուամենայնիվ հավանություն տվեց Ամանօրյա տոների չեղարկմանը
Pingback: ԱԺ պատգամավորներին, խմբակցություններին և մշտական հանձնաժողովներին կոչ ենք արել դեմ քվերակել ամանորի չեղարկման նախագծին