ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը այս նախագծի վերաբերյալ հանդես է եկել մի շարք առաջարկություններով, որոնք ներկայացնում ենք ստորև:
Հայեցակարգի ընդհանուր կոնցեպտի վերաբերյալ.
Դեռևս 2019 թվականին Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծվել էր աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքային խումբ, որը ձևավորվել էր անհասկանալի սկզբունքով (օրինակ` դրանում ներառված չէր մեր՝ երկրում գործող խոշոր արհմիություններից մեկի ներկայացուցիչը, փոխարենը ընտրվել էին մի քանի փաստաբան կամ հասարակական կազմակերպություն, որոնք աշխատանքային հարաբերությունների հետ շատ քիչ առնչություն ունեն):
Այնուամենայնիվ մշակվել էր նախագիծ և անցկացվել են հանրային քննարկումներ։ Ակնհայտ է, որ սույն Հայեցակարգը գրված է արդեն իսկ մշակված փոփոխությունների հիման վրա և ըստ էության՝ վերոնշված նախագծի ամփոփաթերթն է, այնինչ ճիշտ կլիներ սկզբից մշակել հայեցակարգ, եթե իհարկե դրա կարիքը կա, և հետո միայն փոփոխություններ մշակել։ Հայեցակարգի հաստատման անհրաժեշտության տրամաբանությունը և նպատակահարմարությունը այնքան էլ հասկանալի չէ, քանի որ սովորաբար այլ օրենսդրական փոփոխությունները չեն պահանջում որևէ հայեցակարգի հաստատում։
Առաջարկում ենք մշակել և հաստատել ոչ թե աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգ, այլ աշխատանքային հարաբերությունների հետ կապ ունեցող օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ, քանի որ բացի ԱՕ փոփոխություններից շատ կարևոր են նաև այլ գործիքներ, ինչպես օրինակ՝ աշխատանքային հարաբերությունների հանդեպ վերահսկողության իրականացումը և այլ։ Այլապես աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգ հաստատելը, երբ արդեն գոյություն օրենքի փոփոխության նախագիծ, համարում ենք անարդյունավետ աշխատաոճ։
Սոցիալական գործընկերության վերաբերյալ.
Սոցիալական գործընկերությունը լիարժեք չի կայանում, քանի որ բացի համապատասխան մշակույթի բացակայությունից, առկա են օրենսդրական լուրջ բացթողումներ: Պետական, քաղաքացիական ու համայնքային ծառայողների համար բացակայում է ճյուղային մակարդակով կոլեկտիվ բանակցության հնարավարությունը: Օրենսգրքում հստակ սահմաված չեն պետական մարմինները, որոնք կհանդիսանան վերոնշված աշխատողների համար համապատասխան ճյուղային արհմիության հետ բանակցող կողմ: Օրենսգրքում անհրաժեշտ է հստակեցնել, որոնք են այդ համապատասխան կառավարման մարմինները: Ընդ որում, քանի որ կոլեկտիվ բանակցությունների կարևոր խնդիրներից է աշխատանքի վարձատրության պայմանները և աշխատանքի վարձատրության կարգավորման մեխանիզմները, անհրաժեշտ է, որ բանակցող կողմն ունենա նաև ֆինանսավորման հետ կապված որոշում կայացնելու իրավասություն:
Նշված կարգավորման բացակայության պատճառով քաղաքացիական ու համայնքային ծառայողների համար սահմանափակվում է կոլեկտիվ բանակցելու ազատությունը, ինչը հակասում է միջազգային օրենսդրությանը (ՀՀ կողմից վավերացված ԱՄԿ կոնվենցիաներ 151 և 154): Որպես միջազգային փորձի օրինակ, նշենք, որ Իտալիայում, պետական աշխատողների և քաղաքացիական ծառայողների համար լիազորված բանակցող կողմ է ստեղծվել 1993թ.-ին՝ «Կառավարության ներկայացուցչային բանակցության գործակալությունը» (Agency for Negotiating Representation of Public Administration – ARAN): Դանիայում քաղացիական ծառայողների համար համար որպես բանակցային մարմին է լիազորված Ֆինանսների նախարարությունը։
Գործադուլի վերաբերյալ.
Նախագծով սահմանվում է, որ անհրաժեշտ է նախատեսել գործադուլին առնչվող որոշ փոփոխություններ, սակայն դրա հետ կապված շեշտը դրվում է գործադուլ հայտարարելու համար անհրաժեշտ՝ աշխատողների ձայների համամասնություններին վերաբերող փոփոխություններին:
Սակայն Հայաստանի Հանրապետությունում չի արձանագրվել որևէ դեպք, երբ կոլեկտիվ վեճի լուծման գործընթացը հասնի գործադուլի վերաբերյալ քվեարկության: Ավելին՝ թեև աշխատողների ձայների համամասնություններին վերաբերող փոփոխությունները կարևոր են, բայց դրանք չեն լուծելու հիմնական խնդիրը: ՀՀ Սահմանադրության հոդված 58-ի համաձայն՝ աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Սակայն Աշխատանքային օրենսգիրքը սահմանափակում է աշխատողների գործադուլի սահմանադրական իրավունքը, քանի որ ներկայիս Օրեսնգրքի հոդված 73-ը սահմանում է, թե որ դեպքում և ինչի համար աշխատողները կարող են հայտարարել գործադուլ։ Նշված կարգավորումների փոփոխման անհրաժեշտությունը ակնհայտ է. աշխատողները պետք է իրենք որոշեն, թե որ դեպքերում են պատրաստ գործադուլ անելու։
Աշխատանքային օերնսգրքի փոփոխությունների մշակման վերաբերյալ.
Կարծում ենք, որ Հայեցակարգում անհրաժեշտ է ամրագրել նաև մոտեցումներ օրենսգրքի փոփոխությունների մշակման գործընթացի վերաբերյալ: Փոփոխությունների մշակման գործընթացում պետք է բացի Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայից, ընդգրկեն նաև Հայաստանում գործող ճյուղային արհմիությունները, որոնցից յուրաքանչյուրը տարբեր ոլորտների շահեր է ներկայացնում, որպեսզի փոփոխություններում արտացոլվեն տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծումները՝ հաշվի առնելով մասնագիտական փորձառությունը: Կարծում ենք, որ աշխատանքային խումբը պետք է ձևավորվի ավելի թափանցիկ և դրա աշխատանքը պետք է բաց լինի հանրության համար:
ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Ցավոք մեր առաջարկությունները չեն ընդունվել։ Նախարարության կողմից երկու անգամ նշվել է այն մասին, որ օրենքի փոփոխությունների աշխատանքային խմբում ներգրավված է ՀԱՄԿ-ի ներկայացուցիչը,
Նախարարությունն իր հիմնավորումներում երկու անգամ նշել է, որ օրենսդրական փոփոխություններում ներգրավված է ՀԱՄԿ-ի ներկայացուցիչը, իսկ մեր Ճյուղային արհմիությունը “ՀԱՄԿ-ի կազմում է ընդգրկված“։ Նշենք, որ սա իրականությանը բոլորովին չհամապատասխանող ձևակերպում է, որը նախարարությունից առաջին անգամ չէ, որ հնչում է։ Մեր Ճյուղային արհմիությունը, ինչպես և այլ Ճյուղային արհմիությունները ընգրկված չեն ՀԱՄԿ-ի կազմում, այլ ընդամենը ՀԱՄԿ-ի անդամ են և դրանով ՀԱՄԿ-ին որոշակի գործառույթներ են պատվիրակել։ Նույն տրամաբանությամբ մեր Ճյուղային արհմիությունը նաև մի քանի միջազգային արհմիությունների անդամ է, սակայն սա չի նշանակում, որ նրանց կազմում ենք ընգրկված։ Մեր արհմիության անդամների շահերը ներկայացնում ենք միայն մենք, և ՀԱՄԿ-ը այստեղ չունի ո՛չ մի լիազորություն, նույնիսկ խնդիրներին ծանոթ չէ։ Չի ընդունվել նաև պետական, քաղաքացիական ու համայնքային ծառայողների հ ճյուղային մակարդակով կոլեկտիվ բանակցության հնարավորության բացակայության մասին մեր դիտարկումը այնպիսի հիմնավորումներով, որոնք քիչ կապ ունեն մեր դիտարկման հետ։ Նախագծի ամփոփաթերթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։