Սիրելի ընկերներ
Ավարտին է մոտենում 2019 թվականը:
Անցնող տարում մենք հետևողական պայքարեցինք և կանխեցինք «ԲՀԿ» խմբակցության կողմից արհմիություների մասին օրենքում միջազգային նորմերի տեսանկյունից անթույլատրելի փոփոխություններ մտցնելու փորձը, իսկ հետագայում նաև Էկոնոմիկայի նախարարության կողմից Աշխատանքային օրենսգիրքը վատթարացնելու փորձը: Շարունակեցինք պայքարել և ընդդիմանալ իշխանությունների կողմից միակողմանիորեն և առանց հանրային քննարկման առաջ տարվող պետական ապարատում կրճատումների ու օպտիմալացման, ինչպես նաև անհիմն աութսորսինգային քաղաքականությանը: Բացի երիտասարդների համար կազմակերպվող ուսումնական սեմինարներից, այս տարի մեր նախաձեռնությամբ իրականացրեցինք, և կարծում ենք հաջողությամբ ավարտեցինք «Արհմիութենական դպրոց» պիլոտային ծրագիրը: Նպաստեցինք կառավարության «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության ավելի ընդունելի խմբագրության ընդունմանը, եռակողմ երկխոսության շրջանակներում ունեցանք շարունակական հանդիպումներ մեր սոցիալական գործընկերների հետ: Նախագահ Անահիտ Ասատրյանը որպես Երևան քաղաքի ավագանի մասնակցություն ունեցավ քաղաքի հանրային ծառայությունների ապամասնավորեցման գործընթացին: Ինչպես միշտ շարունակեցինք մեր սերտ համագործակցությունը միջազգային արհմիութենական համայնքի հետ, մասնակցեցինք միջազգային արշավներին և ֆլեշմոբներին, տարվա ընթացքում ընդունեցինք և մեր երկրին ու արհմիություններին ծանոթացրեցինք արտասահմանյան երեք երկրների արհմիությունների պատվիրակությունների: Շարունակեցինք նաև կազմակերպել արդեն ավանդական դարձած սպորտային միջոցառումները մեր անդամ կազմակերպությունների համար: Իրավաբանական աջակցություն ցույց տվեցինք անդամ կազմակերպություններին և աշխատողներին: Ներկայումս մասնակցում ենք Աշխատանքային օրենսգրքի, «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների, ինչպես նաև հանրապետական կոլեկտիվ պայմանագրի մշակմանը:
Այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ սոցիալական երկխոսության և ժողովրդավարական սկզբունքները մեր հանրապետությունում դեռևս բավական ցածր մակարդակում են գտնվում: Չնայած հեղափոխական իշխանությունները փորձում են առաջ տանել ժողովրդավարության սկզբունքներ՝ գործնականում, կառավարման համակարգում գործունեության ոճն ընդհանուր առմամբ այդ սկզբունքներից հետ է մնում: Աշխատանքային և սոցիալ-տնտեսական քաղաքականությունները շարունակում են նախաձեռնվել միակողմանիորեն, հապճեպ կարգով և առանց հանրային քննարկումների՝ խախտելով սոցիալական երկխոսության սկզբունքը: Հանրապետական ֆորմատով սոցիալական համագործակցությունը նույնպես տեղի է ունենում՝ շեղվելով եռակողմ հավասարության և գործընկերության սկզբունքներից: Դեռևս իշխանությունների կողմից չի նկատվում իրական քաղաքական կամք՝ աշխատողների ներկայացուցիչների հետ համագործակցելու, ժողովրդավար սոցիալական երկխոսություն վարելու, արհմիություններին որպես իրավահավասար գործընկեր դիտարկելու ուղղությամբ: Արհմիությունների իրավունքների իրականացման հնարավորությունները նույնպես մնում են սահմանափակ: Նամանավանդ պետական ոլորտում, հենց պետական պաշտոնյաների կողմից պարբերաբար տեղի են ունենում արհմիությունների աշխատանքներին միջամտելու, խոչընդոտելու և արհմիություների իրավունքի ոտնահարման դեպքեր:
Այսպիսով, նոր տասնամյակի շեմին, մեր անելիքները չափազանց շատ են: Գալիք տարում, բոլորս, միահամուռ ուժերով պետք է շարունակենք օրեցօր պայքարել մեր պետությունում լիարժեք ժողովրդավարության հաստատման համար, լսելի դարձնել մեր՝ աշխատող մարդկանց ձայնը, մասնակցություն ունենալ մեր շահերից բխող քաղաքականությունների մշակմանն ու երբեք չպակասող սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, պայքարել մեր իրավունքների ոտնահարման դեմ: Այս ամենի համար անհրաժեշտ է յուրաքանչյուր արհմիության անդամի գիտակից և արհմիութենական գաղափարներին նվիրված լինելը: Միայն արհմիության անդամների մասնակցությամբ, համերաշխային գիտակցութամբ և քանակի ավելացման շնորհիվ է հնարավոր ունենալ այն հզորությունը, որը անհրաժեշտ է վերը նշված բոլոր մարտահրավերները հաղթահարելու համար:
Մաղթում ենք բոլորիս հաճելի, ուրախ ու անմոռանալի տոներ: Ցանկանում ենք եկող տարում և տասնամյակում առողջություն՝ Ձեզ և Ձեր մտերիններին, իղձերի իրականացում, հաջողություններ, բայց նաև՝ համբերություն և համարձակություն:
Մաղթում ենք Ձեզ լիարժեք և խաղաղ տոնական հանգիստ, որպեսզի լիցքավորվեք նոր 2020 թվականի համար:
Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդ և գալիք Նոր Տարի:
