Տեղեկանք Վարդենիսի տարածքում կատարված ուսումնասիրության մասին

Տեղեկանք Վարդենիսի տարածքում կատարված ուսումնասիրության մասին

2011 թվականի օգոստոսի 23-ին անդամ կազմակերպությունների աշխատանքային պայմանները ուսումնասիրելու նպատակով ես` ՃՀՄ աշխատանքի պաշտպանության գլխ. մասնագետ Ա.Ասատրյանս և Վարդենիսի տարածքի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ա.Մանուկյանը այցելեցինք Վարդենիսի տարածքի  Տորֆավան, Գեղաքար և Ակունք համայնքներ: Ուսումնասիրության արդյունքները ներկայացնում եմ ստորև:

Տորֆավան համայնքը ունի 530 բնակիչ, նախկին ադրբեջանաբնակ գյուղ է, ներկայումս բնակեցված  է փախստականներով: Համայնքի ղեկավարը Ահարոն Խաչատրյանն է: Քանի որ համայնքը չունի սեփականաշնորհված հողեր, նրա սեփական եկամուտը շատ քիչ է: Համայնքը չունի սեփական վարչական շենք, բայց համայնքի բնակիչներից մեկի սեփական շինությունը վերանորոգվել է հասարակական կազմակերպությունների միջոցով, և երկու սենյակները օգտագործվում են որպես գյուղապետարանի աշխատասենյակներ, մնացած տարածքը` որպես համայնքային կենտրոն,որտեղ կա նաև փոքր դահլիճ: Աշխատանքային պայմանները բավարար են, “Շեն” հասարակական կազմակերպությունը ապահովել է գյուղապետարանին գույքով: Գյուղապետարանի աշխատողները վեցն են: Միջին աշխատավարձը 60000 դրամ է: Չկան միայն աշխատանքի համար անհրաժեշտ համակարգիչ և տպիչ:

Համայնքը չունի ո′չ դպրոց, ո′չ մանկապարտեզ: Դպրոցահասակ 85 երեխաներ հաճախում են մոտակա Լուսակունք և Վանեվան համայնքների դպրոցները: Սակայն դա դժվարությունների հետ է կապված. ձմռանը,  երբ ճանապարհները սառում են, երեխաների համար շատ դժվար է մոտ 3 կմ գնալ մոտակա գյուղը: Մանկապարտեզի խիստ կարիք կա, մինչև 5 տարեկան 30 երեխաներ կան համայնքում:

Գեղաքար համայնքի բնակիչների թիվը 167 է: Համայնքի ղեկավարն է Աշոտ Խաչատրյանը: Գյուղապետարանը չունի սեփական շենք , սակայն օգտագործում է համայնքի դատարկ տներից մեկը, որը նորոգման կարիք ունի: Գյուղապետարանում 6 աշխատող կա: Միջին աշխատավարձը 43 000 դրամ է: Չունեն համակարգիչ և տպիչ: Համայնքի բյուջեն 7 մլն. դրամ է դոտացիայի հետ միասին, որից սեփական միջոցները 3 մլն. դրամ են: Հարկերը

մեծ դժվարությամբ են հավաքվում: Համայնքի մեծ խնդիրներից է խմելու ջուրը, որը  10 կմ երկարության ջրագծով գալիս է Ախպրաձորի համայնքից, և քանի որ ջրագիծը մաշված է , ջուրը տեղ չի հասնում:

Գազը  գյուղում նույնպես բացակայում է:

Ակունք համայնքի բնակիչների թիվը 4758 է: Համայնքի ղեկավարը Ա.Ղարիբյանն է: Համայնքում խորհրդային ժամանակներում կառուցված  մշակույթի տան մեծ շենքից միայն պատերն են մնացել: Ներկայումս նորոգվում է դրա տանիքը, և տեղադրվում են պատուհանները: Գյուղապետարանը տեղակայված է նույն շենքում: Փաստորեն,

աշխատողների համար պայմանները բավարար չեն: Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ ծրագիրը,

որի միջոցով նորոգվում է մշակույթի տունը, շարունակական բնույթ է կրելու և գումարների առկայության դեպքում այն քիչ-քիչ կնորոգվի: Մշակույթի տունը ունի նաև մոտ 800 տեղանոց դահլիճ, բայց այն հնարավոր չէ օգտագործել, որովհետև գույք բոլորովին չկա: Գյուղապետարանում աշխատում է 26 մարդ, միջին աշխատավարձը 70000- 80000 դրամ է: Գործում է մանկապարտեզ, ուր հաճախում են 80 երեխաներ, սակայն ջեռուցում չլինելու պատճառով աշխատում է միայն տարվա տաք ժամանակ:

Համայնքն ունի չլուծված խնդիրներ` գյուղամիջյան ճանապարհները նորոգման կարիք ունեն, ջրագիծը մաշված է` կառուցված  60-ական թվականներին: Համայնքի համար կարևորագույն խնդիրներից այժմ գյուղտեխնիկայի բացակայությունն է. բերքը հավաքելու համար կոմբայն է անհրաժեշտ:

%d