Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության անդամ կազմակերպությունը՝ Մատենադարանի աշխատողներ արհմիությունն առաջարկներ է ներկայացրել կառավարությանը՝ գիտաշխատողների վարձատրության վերաբերյալ։
Այն ներկայացնում ենք ստորև։
Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա առիթով մենք՝ Հայաստանի Հանրապետության գիտական և գիտատեխնիկական ոլորտի աշխատողներս, բաց նամակով դիմում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ գիտաշխատողների վարձատրության քաղաքականությունը վերանայելու և գիտական աշխատանքի համար երկարաժամկետ, կանխատեսելի և մրցունակ վարձատրության համակարգ ձևավորելու առաջարկով։
Մենք գնահատում ենք վերջին տարիներին գիտության պետական ֆինանսավորման և գիտաշխատողների վարձատրության ուղղությամբ իրականացված փոփոխությունները։
Միաժամանակ, գիտության ֆինանսավորման վերաբերյալ կառավարության 2026–2030 թվականների ռազմավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականը գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսի՝ պետական և մասնավոր միջոցների համակցությամբ։
Մենք համոզված ենք, որ այս ռազմավարական նպատակի իրականացումը հնարավոր չէ ապահովել միայն ենթակառուցվածքների, սարքավորումների և դրամաշնորհների ֆինանսավորմամբ։ Գիտության հիմնական կապիտալը գիտաշխատողն է։ Հետևաբար գիտության պետական ֆինանսավորման աճը պետք է զուգակցվի մարդկային կապիտալի պահպանման, զարգացման և վերարտադրության համար անհրաժեշտ վարձատրության քաղաքականությամբ։
Գիտաշխատողից պահանջվում է երկար տարիների մասնագիտացում, միջազգային մասնագիտական մրցունակություն, գիտական հրապարակումներ և դրամաշնորհային նախագծեր, ուսուցում և հետազոտական աշխատանքի շարունակական իրականացում, ինչպես նաև ատեսատովորում։
Երբ գիտական կարիերան չի ապահովում աշխատանքի բարդությանը, պատասխանատվությանը և պահանջվող որակավորմանը համապատասխան վարձատրություն, վտանգվում են ինչպես երիտասարդ մասնագետների մուտքը գիտություն, այնպես էլ արդեն ձևավորված գիտական ներուժի պահպանումն ու սերնդափոխությունը։
Հաշվի առնելով վերոնշյալը, առաջարկում ենք՝
1. Վերանայել գիտաշխատողների պաշտոնային աշխատավարձերի գործող սանդղակը և սահմանել վարձատրության հետագա բարձրացման հստակ ու հրապարակային ճանապարհային քարտեզ
2. Սահմանել գիտաշխատողների աշխատավարձերի պարբերական վերանայման և ինդեքսավորման մեխանիզմ, որպեսզի աշխատավարձերի իրական արժեքը չնվազի գնաճի և կենսապահովման ծախսերի աճի պայմաններում։
3. Աշխատավարձերի հետագա քաղաքականության մշակմանը պարտադիր ներգրավել գիտաշխատողների ներկայացուցիչներին և արհմիություններին՝ իրական սոցիալական երկխոսության միջոցով։
4. Ապահովել վարձատրության համակարգի թափանցիկությունը՝ հրապարակելով աշխատավարձերի սանդղակների ձևավորման սկզբունքները, կիրառվող գործակիցները և դրանց հետագա վերանայման չափորոշիչները։
5. Առանձնահատուկ ուշադրություն դարձնել գիտական կարիերայի միջին փուլում գտնվող աշխատողների, 36-ից բարձր գիտաշխատողների, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական օժանդակ անձնակազմի վարձատրությանը, որպեսզի գիտության ոլորտ մուտք գործելը և այնտեղ մնալը լինի իրատեսական մասնագիտական ընտրություն։
