Արհմիության առաջարկները առողջապահության ապահովագրության համակարգի վերաբերյալ

Արհմիության առաջարկները առողջապահության ապահովագրության համակարգի վերաբերյալ

Ինչպես գիտեք, ավելի վաղ Առողջապահության նախարարությունը շրջանառել էր Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագիծը, որի վերաբերյալ հրավիրվել էր նաև Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ։

Օրենսդրական նախագծի վերաբերյալ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ներկայացրել է առաջարկություններ։

Առաջարկում մասնավորապես նշել ենք, որ նախագիծն ավելի շատ նման է հայեցակարգի, քանի որ բազմաթիվ դրույթներ, ինչպես նաև նախագծի հիմնավորումները չեն պարունակում հստակ հաշվարկներ և սահմանումներ։ Նախագծում բացակայում են հաշվարկներ, թե ինչքան գումար է անհրաժեշտ բոլորին առողջության ապահովագրություն տրամադրելու համար և դրա ո՞ր մասն է ակնկալվում ստանալ աշխատողներից։ Վերլուծելով նախագծում և դրա հիմնավորման մեջ բերված հաշվարկները՝ ստացվում է, որ շուրջ 1 միլիոն մարդ պետք է վճարեն ապահովագրավճար։ Սակայն Հայաստանում չկա մեկ միլիոն աշխատող։ Ավելին, չնայած աշխատողների թիվը շուրջ 700 հազար է, հայտնի չէ, թե այդ 700 հազարից քանիսն են, որ եկամուտ են ստանում մեկից ավելի գործատուներից։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համակարգի ներդրմամբ առողջապահական ծառայությունների համար մասնավոր ծախսերի տեսակարար կշիռն առողջապահական ընդհանուր ծախսերում կնվազի ավելի քան 20%-ով՝ միջին ժամկետ հատվածում կազմելով առավելագույնը 65%։ Գտնում ենք, որ մասնավոր ծախսերի 20 տոկոս նվազումը շատ ցածր ցուցանիշ է, մանավանդ, որ զուգահեռ ավելանալու է աշխատավարձից գանձվող գումարները։ Այդ դեպքում համակարգի ներդրման արդյունքը զրոյանում է։ Եվ նույնիսկ, եթե մասնավոր ծախսի կրճատումը հասնի 65 տոկոսի (սահմանված չէ հստակ ժամկետը), այդ ցուցանիշը գոհացուցիչ չէ։

Բերված չէ վերլուծություն այս պահին գործատուների կողմից վճարվող առողջապահության ապահովագրության վերաբերյալ։ Հայտնի է, որ բազմաթիվ գործատուներ, ինչպիսիք են ՏՏ ոլորտի գործատուները, Երևանի քաղաքապետարանը, Երևանի պետական համալսարանը, միջազգային կազմակերպությունները, մի շարք բանկերը և այլն, վճարում են իրենց աշխատողների առողջության ապահովագրության համար և նախագծում չկան որևէ հաշվարկներ, թե այսօրվա աշխատողներից քանիսն ունեն գործատուի կողմից վճարվող ապահովագրություն։  Չկա վերլուծություն, թե օրենքի ընդունումից հետո նշված գործատուներն ինչպիսի վարք կդրսևորեն։ Եվ արդյոք Նախագծով առաջարկվող ապահովագրական ծածկույթով տրամադրվող բժշկական ծառայությունները կլինեն ավելի որակյալ, քան արդեն գործողները։

Չկա անդրադարձ, թե ինչպես է ազդելու նախագիծը պետության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթ ունեցող աշխատողների վրա։ 

Սոցիալական արդարության սկզբունքը պահպանված չէ նշված օրենսդրական նախագծում։ Ֆինանսական հիմնական բեռը դրված է աշխատողների և պետական բյուջեի վրա։ Բայց պետական բյուջեյի զգալի մասն արդեն իսկ ձևավորված է աշխատողների կողմից վճարված եկամտահարկից։ Աշխատողները և նրանց ընտանիքների անդամները նաև այլ կերպով են մասնակցում պետական եկամուտների ձևավորմանը՝ վճարելով ԱԱՀ ծառայություններ և ապրանքներ գնելիս, վճարելով տուրքեր որոշ պետական ծառայություններից օգտվելիս և այլն։ Պետությունը նաև զինծառայողներին ապահովագրելու իր պարտավորությունը դրել է աշխատողների վրա։ Միայն աշխատողների վրա առողջության ապահովագրության ապահովագրավճարի բեռ դնելը համահունչ չէ նաև աշխարհում ընդունված և լայնորեն կիրառվող պրակտիկային։ Ճիշտ չենք համարում օրենսդրական նախագծի ընդունումը ներկայիս տեսքով։

Միաժանամանակ, տնտեսվարողների վրա ընդհանրապես դրված չէ որևէ պատասխանատվություն և ապահովագրության համակարգում ներդրում ունենալու պարտավորություն, չնայած որ հիմնականում հենց տնտեսվարողների գործունեությունն է մեծապես բացասաբար ազդում հանրային առողջության վրա։

Այսպիսով, առաջարկում ենք աշխատողներից ակնկալվող գումարները փնտրել այլ տեղ՝ մասնավորապես պատշաճ հարկելով տնտեսվարողներին և բնության ու մարդկանց շահագործման հաշվին շահույթ հետապնդողներին։

Նշել ենք նաև, որ սոցիալական արդարության տեսանկյունից ընդունելի չէ նաև, որ հիպոտեկային  վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մարմանը ուղղվում է աշխատողի և նույնիսկ նրա ընտանիքի անդամների վճարած եկամտահարկն ամբողջությամբ, իսկ ապահովագրության ապահովագրավճարը, որը համեմատաբար փոքր գումար է, նախատեսվում  է փոխհատուցել միայն մասամբ։ Հասկանալի է, որ նման արտոնությունը ուղղված է շինարարական բիզնեսի և բանկերի զարգացմանը, ուղղակի դրանից օգտվում են նաև աշխատողների որոշակի մասը։

Արհմիության առաջարկներն ամբողջությամբ հասանելի են ԱՅՍՏԵՂ։

առողջության ապահովագրություն
%d bloggers like this: