2023թ․ փետրվարի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհնմիության 8-րդ Համագումարը։ Ի թիվս այլ հարցերի, համագումարն ընդունեց հայտարարություն՝ արդեն ամիսների շարունակվող Արցախի շրջափակման վերաբերյալ։
Հայտարարությունը ներկայացվում է ստորև։
Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության 8-րդ Համագումարի հայտարարությունը Արցախի շրջափակման վերաբերյալ
Ավելի քան երկու ամիս է ինչ Ադրբեջանից ուղարկված մի խումբ անձանց կողմից ՌԴ զորախմբի անգործության հետևանքով արգելափակված է Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 120 000 բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ։ Մարդիկ զրկված են սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքներից, առողջապահական ծառայություններից, էներգիայի աղբյուրների կանոնավոր մատակարարումից, ազատ տեղաշարժի իրավունքից, իսկ բազմաթիվ ընտանիքներ չեն կարող կարողանում վերադառնալ տուն։ Հարավային Կովկասում հասունանում է հերթական հումանիտար ճգնաժամը։ Չնայած դիվանագիտական բոլոր փորձերին, օտարերկրյա կառավարությունների ու ղեկավարների կոչերին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի, ԵԱՀԿ-ի և այլ միջպետական կառույցների հայտարարություններին և բանաձևերին, միջազգային իրավապաշտպան կառույցների ահազանգներին՝ շրջափակումը շարունակվում է և իրավիճակի փոփոխության նշմարումներ դեռևս չկան։
Ստեղծված ճգնաժամը ոչ միայն նպատակ ունի քաղաքական ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության վրա, այլև տապալում է երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, հետին պլան է մղում օրենսդրական, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումները, վատթարացնում է աշխատողների բարոյա-հոգեբանական վիճակը։
Շրջափակման արդեն գրեթե 70 օրվա ընթացքում, ցավոք, շրջափակումը դատապարտելուն ուղղված որևէ ազդակներ չեն ստացվել Ադրբեջանի քաղհասարակությունից և աշխատող համայնքից, ինչը վկայում է, որ հարևան երկրի հանրությունը, այդ թվում՝ արհմիությունները սատարում են իրենց իշխանությունների կողմից կատարվող մարդկության դեմ հանցագործությունները՝ այդպիսով հանցակից դառնալով էթնիկ զտումների գործողություններին։
Որքան տևական լինի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, այնքան ավելի անհնար է դառնալու տարածաշրջանում հասնել խաղաղության և կայունության։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Համագումարը․
- Խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները և ՌԴ զորախմբի անգործությունը, որի հետևանքով մեկուսացվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը և տարածաշրջանում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ
- Կոչ է անում միջազգային արհմիութենական կազմակերպություններին ճնշում գործադրել իրենց անդամակցող Ադրբեջանի արհմիությունների վրա, որպեսզի վերջիններս նույնպես դատապարտեն իրենց իշխանությունների կողմից ստեղծած հումանիտար ճգնաժամը
- Կոչ է անում մեր միջազգային արհմիութենական գործընկերներին զորակցություն ցուցաբերել 120 000 հայկական բնակչությանը և դատապարտել Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը։
Ճյուղային արհմիության 8-րդ Համագումար
23-02-2023
Հայտարարությունը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://arhmiutyun.org/wp-content/uploads/2023/03/Ողերձ-2․-Լաչին.pdf