Արդեն երկրորդ տարին է, ինչ զրկված ենք Մայիսի 1-ը միասին փողոցում նշելու հնարավորությունից։ Չնայած այժմ դա արգելված չէ, բայց մենք, որպես աշխատողների ներկայացուցչական կառույց, ի տարբերություն քաղաքական ուժերի, չենք կարող վտանգել մեր ընկերների առողջությունն ու դուրս բերել նրանց փողոց, նույնիսկ շատ կարևոր խնդիրները բարձրաձայնելու համար։
Այսօր գտնվում ենք ընտրությունների շեմին և շատ բան կախված է լինելու նրանից, թե որ ուժերը կգան իշխանության։ Մենք մնում ենք հավատարիմ մեր սկզբունքներին. այն է՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱՎՈՐ ԽՄԲԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ։
Մենք պետք է ընտրենք այն ուժերին, որոնք կարևորում են պետական ծառայության դերը և ունեն այն գիտակցությունը, որ անհրաժեշտ է պատշաճ ֆինանսավորել հանրային ծառայությունները և գնահատել այդ ծառայությունները մատուցող աշխատողներին: Պետք է հետ կանգնել մասնավորեցումների ու խնայողությունների քաղաքականությունից։ Հրաժարվել տնտեսությունը փորձարկումներով ցնցելու ճանապարհից։ Տնտեսության զարգացումը պետք է լինի մարդակենտրոն, իմաստալից և կենսակայուն։ Քանակական ցուցանիշներն ու արդյունահանման վիճակագրությունները որևէ իմաստ չունեն, եթե դրանք չեն ծառայելու հավասարապես բոլոր մարդկանց ու չեն բարելավելու նրանց կյանքի որակը։
Մենք աշխատաշուկայում հավասարության կողմնակից ենք, պայքարելու ենք ավելի լավ աշխատանքային պայմանների և ավելի շատ պետական ներդրումների համար: Կարևորելով հարկային արդարությունը՝ շարունակում ենք պնդել, որ ապագա կառավարությունը պետք է ապահովի կորպորացիաների ու խոշոր տնտեսվարողների կողմից հարկերի իրենց արդար բաժին վճարելը և ամեն ինչ անի` վերացնելու աճող անհավասարությունը:
Ընտրելու ենք նրանց, ովքեր առաջնահերթ են համարում աշխատողներին, մանավանդ այս վատագույն տնտեսական ճգնաժամից վերականգնվելու ընթացքում։
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԱՅԻՍԻ 1